понедельник, 15 августа 2011 г.

Վիլիս Լացիս / Բազեիկը

Բազեիկը թռչուն չէ, այլ սովորական մի երեխա, արագաշարժ, փոքրիկ ոտքերով, կեղտոտված դեմքով և փափուկ, վուշի նման փայլուն, շեկլիկ մազերով։ Գարնանը լրացավ նրա հինգ տարին, և սա արդեն բավական նշանակալից մի հասակ էր։ Նրա իսկական անունը Յանիս էր, և ոչ թե Բազեիկ, հայրն էր նրան այդպես կանչում։
Ծովից տուն վերադառնալիս, նա հանում էր ձկնորսական ծանր կոշիկները, ամեն անգամ որդուն րոպեաչափ նստեցնում իր ծնկներին, որոնցից ձկան և ջրիմուռի հոտ էր գալիս։ Նույն հոտը գալիս էր նաև նրա ձեռքերից ու կոշիկներից, ուռկանից, ձկնորսական սև նավակից և նրանց սենյակից։
Հապա, իմ Բազեի՛կ, ինչո՞վ ես զբաղվել այսօր,— հարցնում էր հայրը՝ օրորելով նրան ծնկների վրա։

Երբեմն էլ հայրը կատակով հարց էր տալիս, թե՝ ո՞ւմ Բազեիկն է նա։ Այդ ժամանակ Յանիսը ներքին հուզմունքով դեմքը փարում էր հոր կրծքին և կամացուկ շշնջում.
–– ՀայրիկիԲազեիկը...
Եվ երկուսն էլ ուրախ ծիծաղում էին։ Ժպտում էր հայրը, ձեռքերով հարդարում Բազեիկի մազերը և իջեցնում նրան հատակին։ Զարմանալի բան. այդ մեծ, ծովային աղի ջրից կոշտացած ձեռքն ինչպես էր կարողանում թեթև շոյել։ Երբ Բազեիկի մազերը խճճվում էին, այդ անճոռնի, ուռած մատները ուղղում էին, այնպես զգույշ, որ բնավ ցավ չէին պատճառում։
Մի խոսքով, նրանք ապրում էին սիրով։ Այո, և դա հասկանալի էր։ Չէ ՞ որ նրանք երկուսով էին ծովափնյա փոքրիկ խրճիթում։ Անցյալում այստեղ կար և երրորդ անձը։ Դա Բազեիկի մայրն էր։ Հայրը հիշում էր նրան, բայց Բազեիկը մոռացել էր։ Նա նույնիսկ չէր հասկանում, թե արդյոք վա՞տ է կամ չավ, որ ինքը մայր չունի, երբ որ կա հայրը՝ մի իսկական ընկեր, որը օրորում է նրան ծնկների վրա, և երբեմն էլ շալակած տուն բերում ծովափից։ Նա շատ ուժեղ է. Բազեիկը տեսնում էր, թե ինչպես հայրը մենակ դեպի ծովն է հրում ձկնորսական ծանր նավակը։ Ուրիշները այդ չեն կարող անել։
Եթե հայրը երկար ժամանակով էր ծով գնում, որ հաճախ պատահում էր գարնանը, ապա Բազեիկին տանում էր գյուղ՝ Աննա մորաքրոջ մոտ, որտեղ նա պարտավոր էր մնալ և գիշերել։ Այնտեղ ուրիշ տղաներ ու աղջիկներ էլ կային։ Աննա մորաքույրը միշտ լավ էր վերաբերվում Բազեիկին. թերևս ավելի լավ, քան մյուսներին։ Բայց Բազեիկին իրենց տունն ավելի էր դուր գալիս, թեև նա տանը միայն մի խաղընկեր ուներ մոխրագույն կատու Մինկան։ Բայց ի~նչ զվարճություն էր։ Բավական է, որ Բազեիկը թելին կապեր փայտի մի կտոր և վազ տար սենյակում, որպեսզի փայտիկը շարժվեր հատակին։ Ինչպե՜ս էր Մինկան ցատկոտում, ինչպե~ս էր դարանամուտ լինում անկյունում, հսկում փայտիկին, ինչպե~ս էին փայլատակում նրա կանաչ աչքերը, իսկ պոչը բարկությամբ հատակն էր թակում, մինչև որ վերջապես, կծկվելով, Մինկան ահագին ոստյուն էր կատարում։ Հիմա՜ր Մինկա. նա գուցե մտածում էր, որ փայտիկը կենդանի է։ Բայց ընդհանրապես Մինկան բարի կատու էր, ուրախ և համբերատար։
Երեկոները, երբ հայրը պետք է վերադառնար ծովից, Մինկան Բազեիկի հետ գնում էր ծովափ և սպասում ձկնորսներին։ Իսկ երբ ձկնորսները ափ էին դուրս գալիս, նա մռմռալով կամաց պտտվում էր հայրիկի շուրջը մեջքը աղեղնաձև, պոչը վեր ցցած։ Նա արդեն գիտեր, որ այդ մարդը երբեք դատարկաձեռն չի վերադառնա և իր համար միշտ որևէ ձուկ բերած կլինի։ Կյանքը լավ էր և ուրախ։ Ավելի ուրախ էր լինում, երբ ամառային արևոտ օրերին չորացած ուռկաններն էին կարկատում ծովափին։ Բազեիկն ավազից տնակներ էր կառուցում, իսկ հայրը ճարպկորեն գործածում էր ասեղը՝ ուռկանի քանդված օղակները հավաքելու համար։ Երբեմն էլ նա մի կողմ էր դնում ասեղը և նստում ավազի վրա Բազեիկի կողքին։
Հապա, իմ Բազեիկ, այդ ի՞նչ ես շի~նում դու,— հարցնում էր նա։ Այդ ժամանակ Բազեիկը պատմում էր նրան, որ ավազի փոքրիկ բլուրը իր տունն է, իսկ մեծը՝ խանութը։ Բայց նա Մինկայի համար էլ տուն պիտի շինի։
Հաճախ հայրը մտածկոտ նայում էր դեպի ծովը և նստեցնելով Բազեիկին իր կողքին, ցույց էր տալիս հեռուն, ուր ջրային տարածությունը ձուլվում էր երկնակամարի հետ։
Իսկ դու գիտե՞ս, ինչ կա այնտեղ` հորիզոնից այն կողմ։— Ոչ, Բազեիկն այդ չգիտե, բայց ուզում է գիտենալ։ Այդ ժամանակ հայրը գրկում էր նրան և մեղմությամբ ու գուրգուրանքով կրծքին սեղմելով ասում.
Կգա ժամանակ, երբ իմ Բազեիկի թևերը կաճեն։ Նա կթռչի այնտեղ և կդիտի, ապա կվերադառնա ու կպատմի հայրիկին իր տեսածների մասին...
Ահա այսպես էին ապրում նրանք։ Թերևս ուրիշներն ավելի լավ, ավելի ուրախ կյանք ունեին, գուցե և ընդհակառակը։ Բազեիկն այդ չգիտեր։ Նրա համար այսպես էլ լավ էր, և թվում է, թե հոր համար ևս, ինչպես և Մինկայի... երեքի համար էլ։
...Վրա հասավ աշունը։ Ժամանակ առ ժամանակ ուժեղ քամի էր փչում, և ալիքները նետվում էին դեպի ծովափ։ Մարդիկ ստիպված քարշ էին տալիս նավակները ավազաթմբից ավելի հեռու։ Բազեիկն այլևս չէր կարող վազվզել ծովափին և գույնզգույն խճաքարեր հավաքել, իսկ Մինկան, աշխարհում ամեն բանից ավելի վախենալով, որ չլինի թե իր սպիտակ տոտիկները թրջվեն, ավազակույտից այն կողմը չէր անցնում, ծովին չէր մոտենում։ Այդպիսի օրերի երբեք ծով չէր գնում։
Բայց ահա մի օր էլ մինչև կեսօր եղաանակը հանգիստ էր, երկինքը պարզ, միայն հեռավոր հորիզոնում տարածվում էին ամպերը, հայրիկի մոտ եկավ ընկերը։ Նրանք խոսում էին այն մասին, որ պետք է երեկվա չորացած ուռկանները ծովը գցել։ Անցյալ գիշեր ուրիշ ձկնորսներ լավ որս էին ունեցել։ Նրանք ցցերից վերցրին ուռկանները և դարսեցին նավակի մեջ։ Մեկնումից առաջ հայրիկը Բազեիկին տուն տարավ, մի մեծ շերտ հացի վրա ճարպ քսեց և դրեց խոհանոցի փոքրիկ պահարանում։
Երբ ուտել ուզենաս պահարանը բաց արա, հացը վերցրու և կեր,— ասաց նա,– իսկ այժմ խաղա Մինկայի հետ. ծովափ չգնաս։ Ես շուտ կվերադառնամ։
Հետո նա գնաց։ Բազեիկը պատուհանից տեսավ, թե ինչպես նավակը ծով դուրս եկավ, հետզհետե փոքրացավ, և բոլորովին անհետացավ։ Իզուր էր այլևս նայելը։ Բազեիկը փնտրեց փայտիկով թոկը և սկսեց խաղալ Մինկայի հետ։
Բավական երկար զբաղվեցին նրանք սենյակում։ Երբ երկուսն էր հոգնեցին, Բազեիկը բարձրացավ աթոռի վյւա և խոհանոցի պատուհանից նայեց դեպի ծովը, կարո՞ղ է պատահել, որ արդեն հայրը մոտենում է ափին։ Բայց նավակներ չէին երևում։ Ծովն սկսեց մթագնել, վիթխարի ալիքները զարնվում էին ափերին։ Ծովափնյա ավազաթումբը շփշփոցով և սուլոցով տարուբերվում էր։ Հսկա ծառերն այնպես էին ծռվում դեպի գետին, որ կարծես աներևույթ մի ձեռք ճոճում էր նրանց։ Բազեիկը գիտեր, որ դա լավ չէ. երբ սոճիներն այդպես ճոճվում են, ուրեմն փոթորիկ կլինի, ահեղ եղանակ, ինչպես ասում էր հայրը։ Ձկնորսները պետք է մնան ափին։ Նա գիտեր նույնպես, որ այդպիսի եղանակին ծով դուրս եկած ձկնորսները, շտապում են ափ վերադառնալ։ Նշանակում է՝ հայրիկը շուտով տանը պետք է լինի։ Բայց նա չէր վերադառնում։
Դրսում արդեն մթնեց, հորիզոնը չէր կարելի տարբերել ծովի ջրից: Քամին ավելի ուժեղ էր ոռնում, այնպես, որ սկսեց նույնիսկ խրճիթի տանիքը դողդողալ։
Բազեիկը գլխարկը քաշեց գլխին և շապկով, առանց հնամաշ վերարկուի, դուրս եկավ։ Կատուն, հրավերի չսպասելով, ընկերացավ նրան։
Նրանք առաջ էին շարժվում դանդաղորեն, որովհետև քամին փչում էր ուղիղ դիմացից և քիչ էր մնում գետին տապալեր նրանց։ Ոչ, հայրիկի նավակը ծովափին չէր. չէր երևում նաև ծովում։ Աղմկահույզ ջրային տարածությունն այնպես խավար էր, որ հնարավոր չէր հորիզոնը նշմարել։ Բայց չէ՞ որ հայրիկը պետք է շուտով վերադառնա։ Ի՞նչ գործ ունի նա ծովում այդքան երկար։ Եթե նա հեռու գնալու լիներ ձկնորսության, պետք է, որ Բազեիկին տաներ մորաքույր Աննայի մոտ։ Բայց նա այդ չէր արել, նշանակում է կվերադառնա... հենց այսօր երեկոյան։

Բազեիկը նստեց ուռկանների համար դրված փոքրիկ նստարանի վրա։ Արևը մայր մտավ։ Տեղ-տեղ, ամպերի միջև առկայծեցին դժգույն աստղերը։ Սկսեց վաղ աշնանային գիշերը, իսկ Բազեիկը երկար ժամանակ նստած դիտում էր ձյութի նման սև ծովը։ Նա ուզում էր իմանալ, թե արդյոք փոթորիկի դադարի միջոցին, չի լսվում թիակների բախում, բայց դա անկարելի էր, քանի որ քամին ոռնում էր շատ ուժգին։ Բազեիկը չէր ուզում տուն վերադառնալ, այնտեղ հիմա մութ է, և մեկը չկա, որ լույսը վառի։
Կամացուկ, կարծես ինչ-որ բան հարցնելով, մլավեց Մինկան՝ կողերը քսելով Բազեիկի ոտքերին։ Մլավեց երկրորդ անգամ և պատասխանի չսպասելով առաջ շարժվեց դեպի տուն։ Սպասելը ձանձրացրեց Մինկային։ Թող գնա, հենց դրա համար էլ ձուկ չի ստանա։ Բայց Բազեիկը պիտի սպասի, մինչև հայրը վերադառնա: Նա կվերցնի նրան ձեռքերի վրա և կտանի տուն։ Միայն ինչո՞ւ նա մինչև հիմա չի գալիս, գուցե նա գնացել է հեռու, հորիզոնի հետևը տեսնելու համար, թե ինչ կա այնտեղ։ Ահա այդ ժամանակ նա կկարողանա պատմել շատ հրաշալի բաներ։ Բազեիկն էլ էր ցանկանում տեսնել հորիզոնի այն կողմը, բայց նա դեռ փոքր է, պետք է սպասի, մինչև թևերն աճեն։
Քամին սուլում է և ոռնում։ Մթության մեջ աղմկում է փոթորկահույզ ծովը։ Ծովափին կանգնած է մութ և ցուրտ խրճիթը։ Ոչ ոք չի գալիս Բազեիկին տուն կանչելու, և չկա մեկը, որ կանչի։ Նա նստում է, նստում, օրորվում է նստարանի վրա մրսած ոտքերով և նայում է ծովի կողմը։ Բայց ոչ ոք չկա այնտեղ։ Ամպերի մեջ հայտնվեց արծաթագույն լուսինը, որի դժգույն փայլը սահեց ջրի մակերեսով։ Եվ հիմա էլ, այնպես սև է ծովը, որ երբեք այդպես չէր եղել։ Իսկ ծովափին, առաջվա պես, նստած է միայնակ երեխան և սպասում է։ Նրա աչքերը լարված ուշադրությամբ դիտում են գիշերվա կույր մթությունը։ Սա դեռ սպասում է։ Սպասում է փոքրիկ Բազեիկը... Հայրիկի Բազեիկը։

Թարգմ. Ա. Աբոյան

воскресенье, 14 августа 2011 г.

ԿՐԻԱՆ Ու ՄՈՂԵՍԸ (բրազիլական հեքիաթ)

Հովազը մի աղջիկ ուներ։ Եվ ահա, եկավ աղջկան մարդու տալու ժամանակը։ Փեսացուներ էլ գտնվեցին` կրիան ու մողեսը։ Իր ախոյանին հաղթելու համար կրիան ամեն տեղ սկսեց պատմել, թե իբր մողեսը հիմար է ու վախկոտ, և որ ինքը` կրիան նրան հեծնում է ու քշում։
Այս բանը լսեց հովազը ու չհավատաց։ Բայց կրիան խոստացավ, որ նրա մոտ գնա մողեսին հեծած, սրան մտրակելով ու խթանելով։ Հաջորդ օրը կրիան պառկեց իր տան շեմքին և հիվանդ ձևացավ։ Եկավ մողեսը։
Բարև, բարեկամս, գնում եմ հովազի մոտ, գնանք միասին։
Շնորհակալ եմ, միայն թե ես հիվանդությունից այնքան եմ թուլացել, որ հավատա՝ տեղ չեմ հասնի։ Ա՛յ, եթե մեկն ու մեկը ինձ տաներ...
Վա'հ, ես ինքս կտանեմ քեզ,— ասաց մողեսը, — միայն թե, երբ մոտենանք հովազի դռանը, դու ինքդ պիտի գնաս։ Ես չեմ ուզում, որ քեզ տեսնեն ինձ հեծած։
Լավ,— ասաց կրիան,— միայն թույլ տուր թամբ դնել մեջքիդ։
Ես ձի չեմ, որ ինձ թամբեն, — ասաց մողեսը։
Բայց ես առանց թամբի կընկնեմ,— պատասխանեց կրիան։
Երկար ժամանակ մողեսը չէր համաձայնում, բայց հետո զիջեց։
Կրիան զինվեց մի լավ մտրակով, ոտքերին խթաններ ամրացրեց, թամբը դրեց մողեսի մեջքին, ու նրանք գնացին։
Երբ հովազի տունը երևաց, մողեսը նրան խնդրեց ցած իջնել ու թամբը վերցնել վրայից։
Ա խ, բարեկամս, ես այնքան վատ եմ,— տնքաց կրիան,— իսկի մի քայլ էլ չեմ կարող անել, բարի եղիր մի քիչ տեղ էլ տար ինձ։
Երբ արդեն հովազի տան առաջ էին, մողեսը դարձյալ սկսեց խնդրել, որ կրիան իջնի և թամբը վրայից վերցնի։ Կրիան սկսեց լաց լինել և այնպես շարժեց նրա գութը, որ մողեսը նրան տարավ ուղիղ մինչև տան բակը։ Այդ պահին նրանց դեմ ելավ հովազը։
Դե , պարոն հովազ,— բացականչեց կրիան,— հիմա համոզվեցիր, որ մողեսն ինձ համար ձիու տեղ է ծառայում։

Թարգմ. Թամարա Ահարոնյան

суббота, 13 августа 2011 г.

ԳՐԻՄՍԵՅՑԻՆ Ու ՍՊԻՏԱԿ ԱՐՋԸ (իսլանդական հեքիաթ)

Մի անգամ այնպես պատահեց, որ Գրիմսեյ կղզու բոլոր բնակիչների օջախներում կրակը հանգավ միաժամանակ։ Ճքճքան ձմեռ էր։ Գրիմսեյը Իսլանդիայից բաժանող նեղուցը սառույց էր կապել։ Կղզու բնակիչները, կարծելով, թե սառույցը բավականաչափ ամուր է, որոշեցին մարդ ուղարկել մայրցամաք՝ կրակ բերելու։ Ընտրեցին երեք ուժեղ ու ջլապինդ տղամարդ։ Մի պարզկա առավոտ երեք գրիմսեյցիներ ճամփա ընկան կրակ բերելու, կղզու բնակիչներն էլ մեծով ու փոքրով նրանց ճանապարհեցին։
Գնացին-գնացին սառույցի վրայով, մինչև հասան մի ճեղքի, որը բավական լայն էր ու ծայրն էլ չէր երևում։ Գրիմսեյցիներից երկուսը ցատկեցին-անցան ճեղքի վրայից, իսկ երրորդը սիրտ չարեց։ Ընկերները նրան ձայն տվեցին, որ տուն վերադառնա, իսկ իրենք շարունակեցին ճանապարհը։ Բայց երրորդը չուզեց ամոթով մնալ ու քայլեց սառցաճեղքի երկայնքով այնքան, մինչեւ նեղ տեղ գտնի ու վրայից թռչի։ Այդ ընթացքում սև–սև ամպեր կուտակվեցին, երկինքը մթնեց, ու հարավի կողմից ուժգին փոթորիկ բարձրացավ։ Տաք քամուց սառույցն սկսեց հալչել ու ճաքեր տալ, և ի վերջո գրիմսեյցին հայտնվեց մի փոքրիկ սառցաբեկորի վրա, որն արագորեն դեպի բաց ծով էր քշվում։ Երեկոյան կողմ սառցակտորը բախվեց մի հսկա սառցաժայռի, ու գրիմսեյցին հազիվհազ կարողացավ մագլցել նրա վրա։ Երբ աչք գցեց շուրջը, քիչ հեռու տեսավ մի մեծ սպիտակ արջ՝ իր քոթոթների հետ։
Գրիմսեյցին, որ բոլորովին ուժասպառ էր եղել ցրտից ու քաղցից, մտածեց, որ իր վերջն եկել է։ Արջը երկար-երկար նայեց մարդուն, հետո վեր կացավ, ծանր ու մեծ մոտեցավ նրան, պտույտ տվեց նրա շուրջն ու նշանացի հասկացրեց, որ մարդը հետևի իրեն։ Գրիմսեյցին լուռումունջ հնազանդվեց։ Արջը մտավ իր որջը, մեկնվեց հատակին ու մարդուն հրամայեց քոթոթների հետ իր կրծքից կաթ ծծել։ Այդպես անցավ գիշերը։
Առավոտյան արջը մարդուն նշանացի իր մոտ կանչեց։ Երբ Նա մոտեցավ, արջը պառկեց մարդու ոտքերի մոտ ու հրամայեց հեծնել իրեն։ Գրիմսեյցին հեծավ արջին, իսկ վերջինս սկսեց տռճիկ տալ, ծուլ-ծուլ լինել, ցատկել ու թռչկոտել, մինչև որ մարդը վրայից ցած ընկավ։ Գրիմսեյցին մնացել էր զարմացած, թե դա ի՞նչ է նշանակում։
Անցավ երեք օր։ Մարդը գիշերում էր արջի բնում, սնվում էր նրա կաթով, ու ամեն առավոտ արջը ստիպում էր հեծնել իրեն ու տռճիկ էր տալիս այնքան ժամանակ, մինչև մարդը վայր ընկնի։ Միայն չորրորդ օրը մարդը կարողացավ դիմանալ ու վայր չընկնել։ Երեկոյան կողմ արջը մարդուն շալակած մոտեցավ սառցաբեկորի եզրին, ցատկեց ջուրն ու լող տվեց դեպի Գրիմսեյ։ Նրանք բարեհաջող տեղ հասան, ու մարդը նշան արեց արջին, որ հետևի իրեն։ Նա մտավ տուն, կթել տվեց ամենալավ կովին ու արջին հյուրասիրեց փրփրալի կաթով։ Հետո երկու չաղլիկ ոչխար մորթեց, պոզերը պարանով կապեց ու անցկացրեց արջի վզով։ Այդպես բեռնավորված՝ արջն ափ վերադարձավ, մտավ ջուրն ու լող տվեց իր քոթոթների մոտ։ Կղզու բնակիչները զարմանքից քար կտրած՝ նայում էին արջի ետևից, ու հենց այդ ժամանակ էլ հեռվում երևաց մի առագաստանավ, որին դեպի կղզի էր քշում համընթաց քամին։ Դրանք այն երկու գրիմսեյցիներն էին, որ գնացել էին կրակ բերելու։

четверг, 11 августа 2011 г.

ԻՄԱՍՏՈՒՆ ԳԼՈՒՍԿԵՊԸ (հյուսիսամերիկյան հնդկացիների հեքիաթ)

Անտառի խորքում, այնքան հեռու, որ թռչունն էլ իր թևով չէր հասնի, գտնվում է Տիոտո լիճը։ Հիմա այնտեղ ամայի Է։ Իսկ ժամանակին ամեն տարի ամռանը այստեղ էին հավաքվում հնդիկները։ Ոմանք ձուկ էին բերում ու փո­խանակում զենքի հետ, ոմանք նավակների կողերին փռում էին դաբաղած կաշիները, երրորդները վաճառում էին տաք մորթե հագուստներ։
Լճի վրա առավոտից մինչև ուշ գիշեր չէր դադարում մարդկանց աղմուկը։ Երբեմն հնդիկները այնպես էին գոռ­գոռում, որ իրենք իրենց չէին լսում։ Ոչ ոք չէր կարողանում հանդարտեցնել նրանց։
Եվ ահա, մի անգամ, երբ նրանց ծիծաղն ու աղաղակները վախեցրին Տիոտո լճի բոլոր ճայերին, երկնքից մեծ ամպ իջավ։ Հազիվ էր ամպը կպել ջրին, երբ ջրից մի սպիտակ կանոե դուրս լողաց։ Կանոեում նստած էր բարեկազմ, ազ­դեցիկ ու շատ բարձրահասակ մի մարդ։
—   Ինչու՞ եք դուք փոքր երնխաների նման գոռգոռում,— խստորեն հարցրեց նա սսկված հնդիկներին։
Եվ այստեղ, ինչպես աշնան տերևները ծառերից, անծա­նոթի վրա բողոքների տարափ թափվեց։
—    Ես չեմ ուզում աղ վերցնել կուղբի մորթու փոխա­րեն,— ասաց մի հնդկացի։
—   Իսկ պղնձե ապարանջանի փոխարեն քիչ է նետե­րով կապարճը։
—   Մի՞թե ազնվություն է լավ մոկասինների[1] դիմաց այս­պիսի աղեղ տալը, որն ասես փտած լինի,— բացականչեց երրորդը։
Սպիտակ կանոեի մարդը բարձրացրեց ձեռքը.
—   Իմ անունը Գլուսկեպ է։ Ես ձեզ օգնելու համար եմ եկել,— տիրաբար ասաց նա։Մոռացեք ձեր վեճերը։ Լո­ղացեք բոլորդ դեպի ափ և ջրից հանեցեք ձեր նավակները։
Հնդիկները լսեցին։
Երբ ջրի մեջ ոչ մի կանոե չմնաց, անծանոթը բարձրաց­րեց գլուխը և ձեռքերը դեպի վեր։ Նույն ակնթարթին մռայլ ամպը ծածկեց արևը։ Երբ արևի ճառագայթները նորից լուսավորեցին երկիրը, բոլորը Տիոտո լճի վրա բադերի մի հսկայական երամ տեսան։ Բադերը անձայն իջնում էին լճի վրա ու ագահորեն ջուր էին խմում, իսկ հետո թռչում-հեռանում։ Նրանց փոխարինում էին նորանոր թռչուններ։ Նրանք էլ ագահորեն խմում ու հեռանում էին։ Շուտով լիճը բոլորո­վին ցամաքեց։
Վերջին թռչունին հայացքով ուղեկցելով, Գլուսկեպը ցույց տվեց հնդիկներին լճի խոնավ հատակը։ Այնտեղ ջրի­մուռների  մեջ փայլփլում էին այնպիսի խեցիներ, ինչպիսիք մինչ այդ ոչ ոք չէր տեսել։
Հղկեք դրանք,— ասաց Գլուսկեպը,— կլորացրեք ու շարեք հաստ թելի վրա։ Այս հուլունքների անունը վամպում կլինի։ Թող ձեզնից ամեն մեկը այս վամպում հուլունքը փո­խանակի ինչով ուզում է և այն ժամանակ դուք ստիպված չեք լինի գոռգոռալ ու վիճել։
Այս էր իմաստուն Գլուսկեպի առաջին խորհուրդը հնդիկ­ներին։ Նրա դուրն եկան անեզր անտառներն ու պրերիաները, և նա որոշեց ընդմիշտ բնակություն հաստատել այնտեղ։ Հենց այդտեղ, լճի ափին, նա իր համար վիգվամ կառուցեց։ Առուներն ու հեղեղների բերած ջրերը նորից լցրեցին լիճը և շուտով, Տիոտոյի հարթության  վրա, առաջվա նման, թռչում էին սպիտակաթև ճայերը։
Միայն թե այժմ լճում խաղաղություն էր տիրում։


[1] Գուլպայաձև ոտնամաններ Ամերիկայում:

Թարգմանությունը` Հ. Կարապետյանի

вторник, 7 июня 2011 г.

ՍՈՂՈՄՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ / Հնարագետ պատանին

1
Օրերից մի օր հայոց թագավորի պալատը մտավ մի սուր­հանդակ։ Նա թագավորի առջև դրեց բարակ, երկարավուն մի փայտ  ու ասաց.
Այս փայտի մեջ մի ծայրից մյուսը ոլորապտույտ անցք է բացված և միայն օդն ու ջուրը կարող են անցնել։ Իմ ամենակարող տերը քառասուն օր ժամանակ է տալիս, որ դուք՝ խելքով ու հնարագիտությամբ հռչակված հայերդ, մե­տաքսե թելն անցկացնեք այդ անցքով և փայտը հետ ուղար­կեք իրեն։ Իսկ եթե չկարողացաք, մեր զորքերը կհարձակվեն և տակնուվրա կանեն ձեր  երկիրը։
Սուրհանդակը գնաց, իսկ թագավորը մտքի մեջ ընկավ։ Նա չէր սիրում կռիվ ու արյուն, սիրում էր խաղաղ աշխա­տանք, նոր քաղաքներ էր կառուցում, ջրանցքներ ու կամուրջներ էր շինում, որ երկիրը շենանա, լցվի հազար տե­սակ բերք ու բարիքով։ Իսկ հարևան թագավորը ագահ էր ու չար. նա անվերջ հարձակումներ էր գործում ուրիշ ժողովուրդների  վրա, թալանում ու ստրկացնում նրանց։
Թագավորը կանչեց իր պալատականներին, հրամայեց կատարել   ագահ  ու  չար   արքայի   պահանջը։   Բայց   նրանք   որ֊քան էլ մտածեցին, չկարողացան թելն անցկացնել չարա­բաստիկ փայտի միջով։ Այն ժամանակ թագավորը դիմեց ժողովրդին, որ իրենց փրկությունը կախված է մի բարակ թելից և խոստացավ տասը հազար ոսկի պարգևել նրան, ով կկարողանա   ազատել   երկիրը  վերահաս   վտանգից։
Անցել էր արդեն երեսունինն օր, մնում էր մի օր միայն։ Ոչ ոք չէր գալիս պալատ, ոչ մի լուր չկար: Թագավորը գլուխն առած ափերի մեջ, մտածում էր գիշեր-ցերեկ և ոչ մի հնար չէր գտնում։ Ժողովուրդը ահ ու սարսափի մեջ էր, բայց հո ձեռքերը ծալած չէր նստելու սպասեր ահավոր արհավիրքին. ամենուրեք պատրաստվում էին դուրս գալու մա­հու կենաց կռվի և սպասում էին թագավորի հրամանին։ Բայց, բարեբախտաբար,  բանը  կռվի չհասավ...
Թագավորանիստ քաղաքի ծայրամասում, խարխուլ մի հյուղակում, ապրում էր աղքատ, կույր մի ծերունի իր թոռ­նիկի հետ։ Ծերունին նույնպես գլուխն առած ափերի մեջ, միտք էր անում, բայց ոչ մի ելք չէր գտնում։ Նա շատ էր տե­սել կողոպուտներ, կոտորածներ, նրա աչքերը կուրացրել էր արյունարբու թշնամին և, պատկերացնելով այդ նոր արյունահեղությունը, նրա կույր աչքերից արցունքի կաթիլներ էին  գլորվում
Պապիկ,    ինչո՞ւ    ես   լալիս,–    հարցրեց   թոռնիկը։
Բա ինչ անեմ,— ասաց պապը,— մնացել է մեկ օր։ Վաղը թագավորի հորթերը մեր երկիրը կավերեն, արյան գետեր կհանեն, մի մասին կկոտորեն, մի մասին գերի կտանեն...
Ա՜խ, պապիկ,– հառաչեց թոռնիկը, երանի ես կա­խարդ լինեի, դառնայի մի մրջյուն, թելն անցկացնեի փայ­տի միջով, հետո  էլի մարդ դառնայի։
է՛հ, այդպիսի բան չի լինի, որդի, ու պապը կրկին արտասվեց։
Պապիկ, իսկ պալատում մրջյուն չկա՞: Թող ոտից թե­լը  կապեն,  մի անցքով մտնի,  մյուսով դուրս  գա...
Այդ լսելով, պապը վեր թռավ տեղից, գրկեց թոռնիկին, համբուրեց ճակատը, այտերը։
Գտա՜նք, հնարը գտա՛նք, իմ խելոք բալիկ... դե շուտ արա, բռնիր, տուփի մեջ մի երկու մրջյուն դիր, վազենք թագավորի մոտ...

2
Երբ կույր ծերունին թոռնիկի ձեռքը բռնած մոտեցավ ար­քայական պալատի երկաթե դարպասին և հայտնեց իր գա­լու նպատակը, պահնորդները զարմանք կտրեցին։
–Ո~վ թշվառական, ասացին նրանք, հարյուրավոր գիտուններ բաց-բաց աչքերով չեն կարողացել կատարել ար­քայի պահանջը, դու կույր տեղովդ  ինչ կարող ես անել։
Ես կույր չե՛մ, խոսեց ծերունին, թոռանս աչքերով տեսնում եմ ամեն ինչ, թույլ տվեք   գնալ թագավորի   մոտ։
Ծերունու համարձակ խոսքը վստահություն ներշնչեց պահնորդներին, և նրան տարան թագավորի ընդունարանը: Թագավորը գլուխը վեր բարձրացրեց, անհույս հայացքը հառեց ծերունուն ու նրա թոռանը։ Ծերունին մինչև գետին խո­նարհվելով  ասաց.
Թագավորն ապրած կենա, իմ թոռնիկը գտել է փրկու­թյան հնարը։         
Թագավորի աչքերում զարմանքի, թե ուրախության մի շող  փայլատակեց։Ահա, սա փայտը, սա էլ մետաքսաթելը, փորձիր, պատանյակ։
Երբ պատանին մրջյունի միջոցով կատարեց անհնարին թվացող խնդիրը, պալատականները զարմանքից քար կտրե­ցին, իսկ թագավորը հուզմունքից դողալով,   բացականչեց.
Կեցցես, հնարագետ պատանյակ, դու փրկեցիր քո հայրենիքը վերահաս արհավիրքից,,. Հե՜յ, գանձապե տ, կատարիր իմ   խոստումը, նրան տասը հազար ոսկի տուր։
Պալատականների աչքերը նախանձից չռվեցին, երբ ոսկու պարկը դրեցին պատանու առջև, իսկ հետո էլ քարացան տեղերում, երբ աղքատ ծերունին ասաց.
–Որդյակս, համրիր և վերցրու միայն հարյուր ոսկի, այդքանը լիովին բավական է մեզ։ Մնացածը մենք կնվիրենք մեր պետական գանձարանին ի բարօրություն հայոց աշխարհի:
Այս լսելով, թագավորը վեր կացավ, սեղմեց ծերունու ձեռքը,  համբուրեց  պատանու ճակատը և ասաց,
Փա~ռք հայ ժողովրդին… նա հավերժ կապրի, քանի որ ծնում է այսպիսի ազնիվ ու իմաստուն զավակներ։