воскресенье, 29 мая 2011 г.

ԳՅՈԻՂԱՑՈԻ ՏՂԱ ԻՎԱՆԸ ԵՎ ՀՐԵՇԸ (ռուսական հեքիաթ)

Լինում են, չեն լինում, մի ծեր մարդ ու կին են լինում։ Նրանք ունենում են երեք տղա։ Փոքրի անունը Իվանուշկա է լինում։ Ապրում են նրանք առանց գլուխ պահելու, առավոտից իրիկուն աշխատում են, արտ են վարում, ցորեն ցանում։
Հանկարծ մի վատ լուր է տարածվում՝ թե իբր մի սարսա­փելի հրեշ պատրաստվում է հարձակվել իրենց երկրի վրա, բոլոր մարդկանց կոտորել, բոլոր գյուղերն ու քաղաքները հրի մատնել։ Դարդ են անում ծերուկն ու պառավը։ Իսկ ավագ   որդիները   մխիթարում   են   նրանց.
  Դարդ մի արեք, հայրիկ ու մայրիկ։ Մենք կգնանք հրեշի դեմ ու կռիվ կմղենք։ Եվ որպեսզի դուք մե­նակ չտխրեք, թող Իվանուշկան մնա ձեզ հետ. նա դեռ շատ ջահել   է   կռվի   համար.
Չէ,— ասում է Իվանուշկան,— չեմ ուզում տանը մնալ ու ձեզ սպասել, ես էլ կգամ հրեշի դեմ կռվելու:
Ծերուկն ու պառավը ետ չեն պահում նրան, չեն համո­զում։
Երեք տղաներին ճանապարհ են գցում։ Եղբայրները վերցնում են ծանր դագանակներ և իրենց տոպրակները աղ ու հաց են լցնում, նստում ձիերն ու ճամփա ընկնում։
Շատ են գնում, թե քիչ, մեկ էլ հանդիպում են մի ծեր մարդու.
  Ողջույն,   բարի   կտրիճներ:
Բարև,  պապիկ։
  էս   ո՞ւր   բարով։
Գնում ենք հրեշի դեմ մարտնչելու, կռիվ մղելու, հարա­զատ   հողը   պաշտպանելու։
Դա բարի գործ է։ Միայն թե կռվելու համար ձեզ պետք են ոչ թե դագանակներ, այլ պողպատե թրեր։
  Իսկ   որտեղի՞ց  գտնենք,   պապիկ։
Ես ձեզ կսովորեցնեմ։ Բարի կտրիճներ, դուք շարու­նակ ուղիդ կգնաք։ Կհասնեք մի բարձր սարի։ Իսկ այդ սա­րում մի խոր քարանձավ կա։ Մուտքը ծածկված է մեծ քա­րով։ Քարը մի կողմ կգլորեք, կմտնեք քարանձավ ու այնտեղ կգտնեք   պողպատե   թրեր։
Եղբայրները շնորհակալություն են հայտնում անցորդին ու գնում ուղիղ, ինչպես սովորեցրել էր նա։ Տեսնում են՝ մի բարձր սար է կանգնած և մի կողմից էլ գորշագույն մեծ քար է ընկած։ Եղբայրները քարը մի կողմ են գլորում ու մտնում քարանձավը։ Իսկ այնտեղ ի~նչ զենք ասես, որ չի լի­նում։ Նրանք ընտրում են մեկական թուր ու շարունակում ճանապարհը։
  Շնորհակալություն ճամփորդին,— ասում են եղբայրները։– Ախր   մեզ   համար թրերով  կռվելը շատ ավելի հեշտ կլինի։
Գնում են, գնում ու հասնում մի գյուղի։ Նայում են՝ չորս կողմը ոչ մի կենդանի շունչ չի լինում։ Ամեն ինչ հրդեհված ու ջարդուփշուր է արված։ Միայն մի փոքրիկ խրճիթ է լինում։ Եղբայրները մտնում են ներս ու տեսնում, որ վառա­րանի վրա մի պառավ կին է պառկած ու տնքում է։
Բարև, տատիկ,— ասում են եղբայրները։
Բարև ձեզ, կտրիճներ։ էս ո՞ւր բարով։
  Տատիկ, մենք գնում ենք դեպի Մեղրածոր գետը, դեպի մոմե կամուրջը։ Ուզում ենք հրեշի դեմ կռվել, չթողնենք մեր երկիրը   մտնի։
  Այ, ապրեք դուք, բարի գործ եք ձեռնարկել։ Ախր էդ հրեշը բոլորին թալանել, կողոպտել է։ Մեզ մոտ էլ հասավ։ Այստեղ միայն ես եմ կենդանի մնացել...
Եղբայրները գիշերում են պառավի մոտ, առավոտ վաղ վեր են կենում ու նորից ճամփա ընկնում։
Հասնում են Մեղրածոր գետին, մոմե կամրջին։ Ամբողջ գետափին կոտրված թրեր ու աղեղներ են թափված, մարդկա­յին   ոսկորներ։
Եղբայրները այստեղ մի դատարկ խրճիթ են գտնում և որոշում   կանգ   առնել   այնտեղ։
  Դե, եղբայրներ,— ասում է Իվանը,— հասել ենք օտար ու հեռու երկիր, պետք է ականջներս սրած պահենք և ուշա­դիր նայենք շուրջը։ Եկեք հերթով հսկենք, որ հրեշին չթող­նենք մոմե կամուրջն անցնի։
Առաջին գիշերը կամուրջը հսկելու է գնում ավագ եղ­բայրը։ Շրջում է գետափով, նայում Մեղրածոր գետի մյուս ափը, ամենուրեք լուռ է ու խաղաղ, ոչ ոք չի երեում, ոչինչ չի լսվում։ Ավագ եղբայրը պառկում է ուռենու տակ ու, բարձր խռմփացնելով,   խոր   քուն   մտնում։
Իսկ Իվանը պառկել է խրճիթում ու քունը չի տանում, նույնիսկ չի ննջում։ Հենց որ կեսգիշերն անցնում է, վերցնում է իր պողպատե թուրն ու գնում դեպի Մեղրածոր գե­տը։
Նայում է, տեսնում, ավագ եղբայրը ծառի տակ քնած խռմփացնում է ամբողջ ուժով։ Իվանը նրան չի արթնացնում։ Թաքնվում է մոմե կամրջի տակ և նայում շուրջը։
Հանկարծ գետի ջուրն ալեկոծվում է, կռնչում են կաղնինե­րի վրա նստած արծիվները. վեցգլխանի հրեշն է մոտենում։ Անցնում է մոմե կամրջի կեսը, և հանկարծ ձին սայթաքում է. ուսին թառած սև ագռավը կռնչում է, ետևից եկող սև շունը գռմռում   է։
Վեցգլխանի   հրեշը   հարցնում   է.
Ինչո՞ւ իմ ձի, սայթաքեցի՞ր։ Սև ագռավ, ինչո՞ւ թպրտացիր։ Սև շուն, ինչի՞ց գռմռացիր։ Գուցե՞ դուք զգում եք, որ գյուղացու տղա Իվանն այստե՞ղ էր: Բայց նա դեռ չի ծնվել, իսկ եթե ծնվել էլ է, կռվելու բան չէ։ Ես նրան մի ձեռքիս կդնեմ, մյուս ձեռքով էլ կսատկացնեմ։
Այստեղ գյուղացու տղա Իվանը դուրս է գալիս կամրջի տակից   ու  ասում.
  Մի պարծենա, գարշելի հրեշ։ Ջրին չհասած՝ մի բոբի­կանա։ Ջահել կտրիճին չճանաչած՝ մի պարծենա։ Ավելի լավ է արի ուժներս չափենք, ով կհաղթի, թող նա էլ պարծենա։
Եվ նրանք մոտենում են, հավասարվում և այնպես են զարկում ու զարկվում, որ գետինը դղրդում է։
Հրեշի բախտը չի բերում, գյուղացու տղա Իվանը մի հար­վածով թռցնում է նրա երեք գլուխները։
  Սպասիր, գյուղացու տղա Իվան,— գոռում է հրեշը։–Թող   մի   քիչ   հանգստանամ։
  Ի՞նչ հանգստանալ։ Ա՜յ հրեշ, դու երեք գլուխ ունես, ես մեկն ունեմ։ Հենց որ մի գլուխ կունենաս, այն ժամանակ էլ կհանգստանանք։
Նորից են նրանք մոտենում, նորից զարկում ու զարկվում։
Գեղջուկ Իվանը թռցնում է հրեշի երեք գլուխներն էլ։ Հետո մարմինը կտոր-կտոր է անում ու նետում Մեղրածոր գետը, իսկ վեց գլուխներն էլ հավաքում կամրջի տակ։ Ինքն էլ վերադառնում խրճիթ ու պառկում քնում։
Առավոտը շուտ գալիս է ավագ եղբայրը։ Իվանը հարցնում է   նրան.
   Հը՞,   ոչինչ  չե՞ս  տեսել։
Չէ, եղբայրներս, կողքովս ճանճ էլ չի թռել։
Իվանը ոչ մի խոսք չի ասում:
Հաջորդ գիշերը կամուրջը հսկելու է գնում միջնեկ եղբայ­րը։ Շրջում է գետափով, նայում չորս կողմն ու հանգստա­նում։ Մտնում է թփերի տակ ու քնում։
Իվանը նրա վրա էլ հույս չի դնում։ Հենց որ կեսգիշերը մոտենում է, իսկույն զինվում է, վերցնում է թուրն ու գնում դեպի Մեղրածոր գետը։ Թաքնվում է մոմե կամրջի տակ ու սպասում։

Հանկարծ գետի ջուրն ալեկոծվում է, կռնչում են արծիվ­ները, մոտենում է իննգլխանի հրեշը։ Հենց հասնում է մոմե կամրջին, ձին սայթաքում է տակին, ուսին նստած սև ագռա­վը թպրտում է, ետևում սև շունն է գռմռում... Հրեշը մտրակով խփում է ձիու կողին, ագռավի փետուրներին, շան ականջներին։
Հը, ի՞նչ է, իմ ձի, սայթաքեցի՞ր։ Ինչո՞ւ թևերդ թա­փահարեցիր, սև ագռավ։ Սև շուն, ինչո՞ւ մազերդ ցցվեցին։ Գուցե՞ զգում եք, որ գյուղացու տղա Իվանն այստե՞ղ է։ Ախր նա դեռ չի ծնվել, և եթե ծնվել էլ է, կռվելու բան չէ. ես նրան մի   մատով   կսպանեմ։
Գյուղացու տղա Իվանը դուրս է թռչում մոմե կամրջի տակից:
Սպասիր, հրեշ, մի պարծենա, նախ գործի անցիր: Հե­տո կտեսնենք,  թե ով կհաղթի։
Իվանն այնպես է վրա բերում իր պողպատե թուրը, որ հրեշի վեց գլուխը թռցնում է միանգամից։ Իսկ հրեշը այն­պես է հարվածում, որ Իվանը մինչև ծնկները խրվում է խոնավ հողի մեջ։ Գեղջուկ Իվանը մի բուռ ավազ է վերցնում ու շպրտում ուղիղ թշնամու աչքերի մեջ։ Հրեշը մինչև հասցնում է աչքերը տրորել ու մաքրել, Իվանը թռցնում է նրա մնա­ցած գլուխները։ Հետո մարմինը մանր կտրտում է ու նե­տում Մեղրածոր գետը, իսկ ինը գլուխները շարում մոմե կամրջի տակ։ Ինքն էլ վերադառնում է խրճիթ, պառկում ու քնում, իբր  ոչինչ չի  պատահել։
Առավոտյան  գալիս  է միջնեկ  եղբայրը։
Հը՞,— հարցնում է Իվանը,— գիշերը մի բան տեսա՞ր։
  Չէ, իմ կողքով ճանճ անգամ չի թռել, մոծակ չի տզզա­ցել։
Որ այդպես  է, սիրելի եղբայրներս, գնանք միասին, ես ձեզ մոծակ էլ ցույց տամ, ճանճ էլ։
Իվանը եղբայրներին բերում է մոմե կամրջի տակ, նրանց ցույց   տալիս   հրեշների   գլուխները։
Ահա,— ասում է,— ի~նչ ճանճեր ու մոծակներ են թռչում այստեղ գիշերները։ Իսկ դուք, եղբայրներս, կռվող չեք, դուք պիտի տանը մնայիք, վառարանի վրա պառկեիք։
Ամաչում են եղբայրները։
Քունն է հաղթել,— ասում են նրանք։
Երրորդ գիշերը հսկելու է գնում ինքը Իվանը։
Ես,— ասում է,— գնում եմ սարսափելի կռիվ մղելու։ Իսկ  դուք,   եղբայրներս,   ամբողջ  գիշերը  արթուն   մնացեք   ու ականջներդ ձենի պահեք, հենց որ իմ սուլոցը լսեք, իմ ձիուն բաց թողեք թող գա, և դուք էլ շտապեք ինձ օգնության։
Գյուղացու տղա Իվանը գալիս է Մեղրածոր գետի մոտ, կանգնում է մոմե կամրջի տակ ու սպասում։
Հենց որ կեսգիշերն անցնում է, խոնավ գետինը սկսում է երերալ, գետի ջուրն ալեկոծվել, կատաղի քամին ոռնալ, կաղ­նիներին նստած արծիվները սկսում են կռնչալ։ Դուրս է գալիս տասներկուգլխանի հրեշը։ Տասներկու գլուխներն էլ սու­լում են, տասներկուսն էլ հուր ու կրակ են ժայթքում։ Հրեշը գալիս է տասներկութևանի ձիով, որի մազերը պղնձից են, իսկ պոչն ու բաշը՝ երկաթից։ Հենց որ հրեշը հասնում է մո­մե կամրջին, ձին նրա տակին սայթաքում է, ուսին թառած սև ագռավը թափահարում է իրեն, ետևից եկող սև շունը գռմռում։ Հրեշը մտրակով խփում է ձիու կողին, ագռավի փե­տուրներին, շան   ականջներին։
Հը, ինչո՞ւ, իմ ձի, սայթաքեցիր։ Իսկ դու, սև ագռավ, ինչո՞ւ թպրտացիր։ Սև շուն ինչո՞ւ գռմռացիր։ Գուցե կար­ծում եք, թե գյուղացու տղա Իվանն այստեղ է։ Բայց նա դեռ չի ծնվել, իսկ եթե ծնվել է, կռվելու բան չէ։ Մեկ որ փչեմ, նրա փոշին էլ չի մնա։
Այդ ժամանակ մոմե կամրջի տակից դուրս է գալիս գյուղա­ցու տղա Իվանը.
Մի շտապիր պարծենալ, հրեշ, տես որ չխայտառակվես։
Հա~, այդ դո՞ւ ես գյուղացու տղա Իվան։ Ինչո՞ւ ես եկել   այստեղ։
Քեզ տեսնելու, դիվային ուժ, քո քաջությունը փորձե­լու։
Քո ի՞նչ խելքի բանն է իմ քաջությունը փորձելը։ Դու իմ առաջ ճանճ ես։
Գյուղացու տղա Իվանը պատասխանում է հրեշին.
Ես չեմ եկել քեզ հեքիաթ պատմելու և ոչ էլ քո հեքիաթները լսելու։  Եկել եմ քեզ հետ    մահու կռիվ  մղելու և մարդկանց փրկելու քեզ նման նզովյալից;
Այստեղ  Իվանն  իր  թուրը  վրա  է բերում ու թռցնում հրեշի  երեք գլուխը։  Հրեշը բռնում է  այդ գլուխները և, իր հրե մատները չխկացնելով, դրանք   ամրացնում վզին ու բոլոր գլուխները իսկույն  կպչում  են, ասես  ուսից  չէին էլ ընկել։
Նեղն է ընկնում Իվանը։ Հրեշն իր սուլոցով խլացնում է, կրակով այրում, խաշում է նրան, կայծեր թափում վրան, մինչև ծնկները խոնավ գետնի մեջ խրում նրան... Իսկ ինքն էլ   ծիծաղում   է.
  Չե՞ս ուզում հանգստանալ, գյուղացու տղա Իվան։
  Ի՞նչ հանգստանալ։ Մեր օրենքով՝ խփիր, սպանիր, քեզ էլ մի խնայիր,— ասում է Իվանը։
Սուլում է նա, աջ ձեռնոցը նետում դեպի խրճիթ, որտեղ եղբայրները սպասում էին իրեն։ Ձեռնոցը ջարդում է պա­տուհանների բոլոր ապակիները, իսկ եղբայրները քնած են լինում ու ոչինչ էլ չեն լսում։
Իվանը ուժ է հավաքում, մի անգամ էլ է թուրը առաջվանից ավելի ուժեղ վրա բերում ու թոցնում հրեշի վեց գլուխը։ Հրեշը բռնում է գլուխները, չխկացնում հրե մատներով ու վզին կպցնում, և նորից բոլոր գլուխները հայտնվում են իրենց տեղում։ Նա հարձակվում է Իվանի վրա ու նրան մին­չև գոտկատեղը խրում խոնավ գետնի մեջ։
Իվանը տեսնում է, որ տեղը նեղ է։
Հանում է ձախ ձեռնոցն ու թափով շպրտում դեպի խրճիթ։ Ձեռնոցը ծակում է տանիքը, իսկ եղբայրները շարունա­կում են քնած մնալ ու ոչ մի բան չեն լսում։
Երրորդ անգամ է գյուղացու տղա Իվանը թափով վրա բերում թուրը և թռցնում հրեշի ինը գլուխը։ Հրեշը բռնում է դրանք, չխկացնում հրե մատով, կպցնում վզին և գլուխները նորից կպչում են իրենց տեղը։ Այստեղ նա հարձակվում է Իվանի վրա ու նրան մինչև ուսերը մտցնում խոնավ գետնի մեջ...
Իվանը հանում է իր գլխարկն ու շպրտում դեպի խրճիթ։ Այդ հարվածից խրճիթը ցնցվում է, քիչ է մնում գերանները գլորվեն։   Այստեղ   արդեն եղբայրները   արթնանում  են,   լսում, որ Իվանի ձին բարձր խրխնջում է ու քիչ է մնում կապը կտրի:
Արագ նետվում են ախոռն ու բաց թողնում ձիուն և իրենք  էլ վազում նրա   ետևից։
Իվանի ձին սրարշավ հասնում է, սկսում է սմբակներով խփել հրեշին։ Սուլում է հրեշը, ֆշշում ու ձիու վրա կայծեր թափում։
Իսկ գյուղացու տղա Իվանը այղ ժամանակ դուրս է գա­լիս գետնից ու ճարպկորեն կտրում հրեշի կրակե մատը: Դրանից հետո սկսում է թռցնել նրա գլուխները։ Կտրում մինչև վերջինը։ Մարմինն էլ կտոր-կտոր է անում ու նետում Մեղրածոր   գետը։
Այդ ժամանակ վազելով գալիս են եղբայրները.
Ախ, դուք,— ասում է Իվանը։— Ձեր քնկոտության պատճառով քիչ մնաց գլխից զրկվեի։
Եղբայրները նրան բերում են խրճիթ, լողացնում, ուտեցնում,  խմեցնում ու պառկեցնում քնելու։
Առավոտ վաղ Իվանը վեր է կենում, սկսում է հագնվել։
  Այդքան շուտ ինչո՞ւ ես վեր կացել,— ասում են եղ­բայրները։— Այդպիսի ճակատամարտից հետո մի լավ պիտի հանգստանաս։
Չէ,— ասում է Իվանը,— ես հանգստանալու ժամանակ չունեմ, պետք է գնամ Մեղրածոր գետի մոտ գոտիս փնտրելու,  այնտեղ   եմ   կորցրել։
   Հավես ունե՞ս,— ասում են եղբայրները։— Կգնանք քաղաք՝ նորը   կգնես։
Չէ, ես իմն եմ ուզում։ 
Իվանը գնում է դեպի Մեղրածոր գետը և ոչ թե գոտին է փնտրում, այլ մոմե կամրջով անցնում է գետի մյուս ափը ու աննկատելի, ծածուկ մտնում է հրեշի քարե պալատները։ Մոտենում է բաց պատուհանին և ականջ դնում։
Նայում է, տեսնում, որ պալատներում նստած են հրեշնե­րի երեք կանայք և պառավ վիշապամայրը։ Նստած խոսում են։
Առաջինն   ասում   է.
Ես իմ ամուսնու համար վրեժ կլուծեմ գյուղացու տղա Իվանից։   Հենց  որ նա եղբայրների հետ  տուն  վերադառնա, ես  էնպիսի  շոգ կսարքեմ,    իսկ  ինքս էլ    ջրհոր  կդառնամ։ Նրանք կուզեն ջուր խմել և առաջին կումից կփռվեն մեռած։
  Լավ ես մտածել,— ասում է պառավ վիշապամայրը։
Երկրորդն   ասում   է.
  Իսկ ես առաջ կվազեմ ու կդառնամ խնձորի ծառ։ Կու­զենան խնձոր  ուտել՝ անմիջապես կտոր-կտոր կլինեն։
  Դու էլ ես լավ մտածել,— ասում է պառավ վիշապա­մայրը։
  Իսկ ես,— ասում է երրորդը,— նրանց վրա քուն կթափեմ, իսկ ինքս կվազեմ առաջ ու կդառնամ փափուկ գորգ՝ վրան էլ մետաքսե բարձեր։ Եղբայրները կուզենան պառկել-հանգստանալ և տեղն ու տեղը կհալվեն կրակի մեջ։
Դու էլ ես լավ մտածել,— ասում է վիշապամայրը։– Իսկ եթե, բան է, դուք նրանց չոչնչացնեք, ես կդառնամ հսկա խոզ, կհասնեմ նրանց ետևից ու երեքին էլ կուլ կտամ։
Լսում է գյուղացու տղա Իվանն այս խոսքերը ու վերա­դառնում   եղբայրների   մոտ։
  Հը՞, գտա՞ր գոտիդ,— հարցնում են եղբայյսները։
   Գտա։
Բա արժե՞ր դրա վրա ժամանակ կորցնել։
  Արժեր,   եղբայրներս։
Դրանից հետո եղբայրները հավաքվում են ու բռնում տան  ճանապարհը։
Գնում են նրանք տափաստաններով, գնում են մարգագե­տիններով։ Իսկ օրը շատ շոգ ու տոթ է լինում։ Չեն դիմա­նում, ուզում են ջուր խմել։ Եղբայրները նայում են, տեսնում ջրհոր է երևում, իսկ ջրհորի մեջ էլ արծաթե շերեփ է լողում։ Ասում   են   Իվանին.
  Ախպերս, եկեք կանգ առնենք, սառը ջուր խմենք և ձիե­րին էլ  ջրենք։
Հայտնի չէ, թե ինչ ջուր է այդ ջրհորի ջուրը,— պատաս­խանում է Իվանը։— Գուցե հոտած ու կեղտոտ ջուր է։
Ձիուց վայր է թռչում և սկսում թրով խփել ջրհորի ջրին։ Ջրհորն սկսում է ոռնալ, աղեկտուր ձայներ հանել... Եվ հան­կարծ մառախուղ է իջնում, շոգը վերանում է, և խմելու ցան­կությունն էլ կորչում։
Այ տեսնում եք, եղբայրներ, թե ինչ ջուր էր ջրհորում, -   ասում  է   Իվանը:
Գնում   են   առաջ։
Շատ են գնում, թե քիչ, մեկ էլ հանկարծ մի խնձորի ծառ են տեսնում, վրան մեծ-մեծ կարմիր խնձորներ։
Եղբայրները վայր են թռչում ձիերից, ուզում են խնձոր քաղել:
Իսկ Իվանը վազում է առաջ ու սկսում թրով հարվածել ծառի արմատին։ Խնձորի ծառը սկսում է ոռնալ, գոռալ...
Տեսնո՞ւմ եք, եղբայրներ, թե սա ինչ ծառ է։ Համով չեն նրա խնձորները։
Եղբայրները նստում են ձիերն ու շարունակում ճանա­պարհը։
Գնում են, գնում ու շատ են հոգնում։ Նայում են, տես­նում, որ գետնին նախշավոր, փափուկ գորգ է փռված, վրան էլ   բմբուլե   բարձեր։
  Եկեք մի քիչ պառկենք այս գորգի վրա, շունչ քաշենք ու գոնե մի ժամ ննջենք,— ասում են եղբայրները։
Չէ՛, եղբայրներ, այդ գորգը պառկելու համար փափուկ չի լինի,— պատասխանում է նրանց Իվանը։
Զայրանում են եղբայրները։
Ի՜նչ ես շարունակ գլխներիս խրատ կարդում, էս չի կարելի, էն չի կարելի։
Իվանը ոչ մի բառ չի պատասխանում։ Հանում է գոտին ու շպրտում գորգի վրա։ Գոտին բռնկվում է բոցով ու այր­վում։
  Ա՜յ, դուք էլ այդպես կլինեիք,— ասում է Իվանը եղ­բայրներին։
Նա մոտենում է գորգին ու սկսում թրով գորգն ու բարձե­րը   կտրտել։
Կտրտում է, նետում այս ու այն կողմ, և ասում.
–Իզուր էիք ինձ վրա փնթփնթում: Ախր ջրհորն էլ, խնձորի ծառն էլ, գորգն էլ հրեշների կանայք էին: Նրանք ուզում էին մեզ կործանել, բայց դա չհաջողվեց նրանց. Իրենք կործանվեցին:
Եղբայրները  շարունակում   են   իրենց   ճանապարհը։
Շատ են գնում, թե քիչ, մեկ էլ հանկարծ երկինքն սկսում է մթնել, քամին ոռնում է, գետինը զրնգում է. նրանց ետևից վազում է մի խոզ՝ երախը մինչև ականջները բացած, ուզում է Իվանին ու եղբայրներին կուլ տալ։ Այստեղ մեր կտրիճները իրենց ճանապարհի պարկերից արագ հանում են փթանոց աղերն   ու   շպրտում   խոզի   երախը։
Ուրախանում է խոզը, կարծելով, թե գյուղացու տղա Իվանն ու նրա եղբայրներն են իր երախում։ Կանգ է առնում ու սկսում է ծամել աղը։ Բայց հենց որ աղի համը առնում է, նորից   է   սլանում   նրանց   ետեից։
Վազում է մազերը ցցած, ատամներն է կրճտացնում։ Ուր  որ  է  կհասնի...
Այստեղ Իվանը եղբայրներին հրամայում է տարբեր կող­մեր սլանալ, մեկը դեպի աջ, մյուսը դեպի ձախ, իսկ ինքը՝ դեպի   առաջ։
Մոտենում է խոզը, կանգ առնում, չգիտի որին առաջինը հասնի։
Մինչ կանգնած մտածում է ու մռութն այս ու այն կողմ պտտում, Իվանը թռչում է դեպի նա, բարձրացնում և ամբողջ թափով գետին զարկում։ Խոզը փոշի է դառնում, իսկ քամին էլ այդ փոշին տանում, տարածում է չորս բոլորը։
Այդ ժամանակվանից սկսած հրեշներն ու վիշապները այդ կողմերից վերանում են, և մարդիկ էլ ապրում են առանց վա­խի։
Իսկ գյուղացու տղա Իվանն ու եղբայրները վերադառ­նում են տուն, իրենց հոր ու մոր մոտ։ Ապրում են խաղաղ ու հանգիստ, արտ են վարում, ցորեն ցանում:

Թարգմ. Հրանուշ Դանիելյան