Մի թագավոր ուներ մինուճար տղա։ Մի անգամ նա ասաց արքայազնին.
— Որդիս, ես երկու շաբաթով բացակայելու եմ։ Քեզ եմ թողնում ամրոցի բոլոր բանալիները, բայց ահա այս մի սենյակն արգելում եմ մտնել։
— Լա՛վ, հայր իմ,— պատասխանեց արքայազնը։
Հենց որ հայրը ճանապարհ ընկավ, արքայազնը անմիջապես բացեց այդ սենյակն ու մի հրաշագեղ ոսկե ավազան տեսավ այնտեղ, նա մատը մտցրեց ավազանի մեջ, ու այն իսկույն ծածկվեց ոսկով։ Որքան էլ որ չարչարվեց արքայազնը, չկարողացավ ոսկին հանել մատից ու ստիպված եղավ մատը փաթաթել շորով։ Նույն օրը երեկոյան հայրը վերադարձավ։
— Դե, տղաս, մտե՞լ ես այն սենյակը։
— Ո՛չ, հայրիկ:
— Իսկ ի՞նչ է պատահել մատիդ։
— Ոչինչ, հայրիկ։
— Տղաս, քեզ հետ ինչ-որ բան է պատահել։
— Ես մատս վնասեցի, երբ մեր ծառաների համար հաց էի կտրում։
— Հապա մի ցույց տուր մատդ։ Արքայազնը ստիպված էր ցույց տալ մատը։
— Ես էլ ո՞ւմ վստահեմ, եթե չեմ կարող վստահել հարազատ որդուս,—
դառնացած ասաց թագավորը։
Հետո նա ասաց արքայազնին.
— Ես նորից պետք է բացակայեմ երկու շաբաթով։ Ահա քեզ բոլոր բանալիները, բայց չմտնես այն սենյակը, ուր քեզ արգելել եմ մտնել։
— Լա՛վ, հայրիկ։ Հանգիստ եղեք։
Հենց որ հայրը մեկնեց, արքայազնը վազեց ոսկե շատըվանի մոտ ու թրջեց հագուստն ու գլուխը, նույն վայրկյանին նրա շորերը ոսկեզօծվեցին, մազերը՝ նույնպես։ Հետո նա գնաց ախոռ, որտեղ կանգնած էին երկու ձի՝ Մորոն ու Բայարը։
— Մորո,— ասաց արքայազնը,—
դու քանի՞ լյո ես անում մի քայլի ժամանակ։
— Տասնութ։
— Իսկ դո՞ւ, Բայար։
— Ես՝ տասնհինգ, բայց ավելի հունարով եմ, քան Մորոն։ Դուք չեք զղջա, եթե ինձ վերցնեք։
Արքայազնը թռավ Բայարի գավակն, ու նրանք սլացան։ Նույն երեկոյան թագավորը պալատ վերադարձավ։ Չտեսնելով տղային, նա վազեց ախոռ։
— Ո՞ւր է Բայարը,—
հարցրեց նա Մորոյին։
— Բայարը, սլացավ ձեր որդու հետ միասին։
Թագավորը թռավ Մորոյի գավակն ու սլացավ տղայի ետևից։
Որոշ ժամանակ հետո Բայարն ասաց արքայազնին.
— Ա՜խ, արքայազն, մենք կորած ենք։ Ես զգում եմ մեր ետևում Մորոյի շունչը։ Վերցրեք այս սպունգն ու նետեք ձեր ուսի վրայով որքան կարող եք բարձր ու հեռու։
Արքայազնը կատարեց ձիու ասածը, և այն տեղում, ուր ընկավ սպունգը, իսկույն հայտնվեց մի թավ անտառ։ Թագավորը Մորոյի հետ սլացավ անտառի միջով։
— Ա՜խ, արքայազն,— ասաց Բայարը,—
մենք կորած ենք։ Ես զգում եմ մեր ետևում Մորոյի շունչը։ Վերցրեք այս քերիչը և ձեր ուսի վրայով շպրտեք որքան կարող եք հեռու ու բարձր։
Արքայազնը կատարեց ձիու ասածը, և իսկույն նրանց ու թագավորի միջև հայտնվեց մի լայն գետ։ Թագավորը Մորոյին հեծած անցավ գետը։
— Ա՜խ, արքայազն, մենք կորած ենք,— ասաց Բայարը։— Ես զգում եմ մեր ետևում Մորոյի շունչը։ Վերցրեք այս քարն ու ձեր ուսի վրայով նետեք որքան կարող եք բարձր ու հեռու։
Արքայազնը նետեց քարը ու նրանց ետևում հայտնվեց մի վիթխարի սար, որն ամբողջովին ծածկված էր սրիչներով։ Թագավորն ուզում էր անցնել նրանց վրայով, բայց Մորոյի ոտքերը կտրատվեցին, ու, հասնելով սարի կեսին, նրանք ետ վերադարձան։
Մի քիչ հետո արքայազնը հանդիպեց մի ջահել բատրակի, որը հենց նոր էր հաշիվը փակել տիրոջ հետ ու վերադառնում էր տուն։
— Լսիր, բարեկամ,— ասաց նրան արքայազնը,— ուզո՞ւմ ես փոխել ինձ հետ հագուստդ։
— Վա՜յ,—
պատասխանեց տղան,— ինչո՞ւ եք ծաղրում ինձ։— Բայց և այնպես տվեց նրան հագուստը։ Արքայազնը հագավ նրա շորերը, հետո գնեց եզան փուչիկ ու դա էլ հագցրեց գլխին։ Այս տեսքով նա գնաց այդ երկիրը կառավարող թագավորի պալատն ու հարցրեց, թե նրանք խոհարարի օգնականի կարիք չունե՞ն։ Նրան վերցրեցին աշխատանքի։ Քանի որ նա երբեք փուչիկը չէր հանում գլխից ու աշխատում էր ցույց չտալ ոսկե մազերը, պալատում նրա անունը դրեցին Քոսոտ։
Թագավորն ուներ երեք աղջիկ ու պատրաստվում էր ամուսնացնել նրանց։ Արքայադուստրերից ամեն մեկը պետք է իր ընտրյալին նետեր մի ոսկե խնձոր։ Եվ ահա երկրի բոլոր իշխաններն սկսեցին դանդաղ քայլերով անցնել նրանց մոտով. երկու ավագ աղջիկներն իրենց ոսկե խնձորները նետեցին, մեկը՝ կաղին, մյուսը՝ սապատավորին։ Քոսոտն էլ խառնվեց իշխանների խմբին, ու ամենափոքր արքայադուստրն իր խնձորը նետեց նրան։ Աղջիկը մի անգամ տեսել էր, թե ինչպես էր տղան գաղտնի սանրում իր ոսկե մազերը, ու գիտեր նրա ով լինելը։
Թագավորը խիստ զայրացավ աղջիկների ընտրությունից։
— Կաղ, կուզիկ, քոսոտ,—
ասում էր նա։— Լա՜վ փեսաներ են։
Անցավ որոշ ժամանակ ու թագավորը հիվանդացավ։ Նրա բուժման համար հարկավոր էր Հունգարիայի թագուհու ջրից բերել երեք սափոր ջուր։ Կաղն ու Կուզիկը ճանապարհ ընկան, որ այդ ջուրը ճարեն։ Արքայազնը ասաց կնոջը.
— Գնա, հարցրու հորդ, կարո՞ղ եմ ես էլ գնալ ջրի:
— Բարև, սիրելի հայրիկ։
— Բարև, տիկին Քոսոտ։
— Քոսոտը հարցնում է, կարո՞ղ է ինքն էլ գնալ ջրի։
— Ինչպես կուզի։ Թող վերցնի երեքոտնանի ձին և գնա ու ետ չգա։
Արքայադուստրը վերադարձավ ամուսնու մոտ։
— Հը՞, հայրդ ի՞նչ ասաց։
— Սիրելիս, նա ասաց, որ դու վերցնես երեքոտնանի ձին ու գնաս։
Բայց չասաց, թե թագավորն ուզում է, որ նա ետ չգա։
Արքայազնը մի յաբու նստեց ու գնաց այն անտառը, որտեղ թողել էր Բայարին։ Բայարի կողքին նա տեսավ Հունգարիայի թագուհու ջրով լի երեք սափոր, վերցրեց դրանք ու նորից նստեց երեքոտնանի ձին։ Ու երբ անցնում էր իջևանատան մոտով, տեսավ, որ իր երկու քենակալները ծիծաղում են և գինի խմում։
— Սա ի՜նչ է,—
ասաց նա,— ուրեմն, դուք չե՞ք գնացել Հունգարիայի թագուհու ջրի ետևից։
— Շա՜տ մեզ պետք է,— պատասխանեցին նրանք։— Իսկ մի՞թե դու ճարել ես ջուրը։
— Այո՛:
— Չե՞ս ծախի այդ երեք սափորը մեզ։
— Դուք կստանաք այդ սափորները, եթե ձեզնից յուրաքանչյուրը թույլ տա, որ հարյուր անգամ բզով ծակեմ իր ետևը։
— Դե, լավ։
Կաղն ու Կուզիկը Հունգարիայի թագուհու ջուրը երեք սափորով բերեցին թագավորին։
— Իսկ Քոսոտին դուք չհանդիպեցի՞ք,—
հարցրեց նրանց թագավորը։
— Աստված է վկա, որ չենք հանդիպել, ձերդ մեծություն,— պատասխանեցին նրանք։
— Լավ պտուղ է ձեր Քոսոտը, խոսք չկա։
Անցավ որոշ ժամանակ, ու հիմա էլ պատերազմ սկսվեց։ Քոսոտն ասաց կնոջը.
— Գնա հորդ հարցրու, կարելի է ես էլ գնամ արշավանքի։
— Բարև, սիրելի հայրիկ։
— Բարև, տիկին Քոսոտ։
— Քոսոտը հարցնում է, թե ինքը կարո՞ղ է մեկնել արշավանքի։
— Ինչպես ուզում եք։ Թող վերցնի երեքոտնանի ձին, գնա ու ետ չվերադառնա։
Քո սոտի կինը վերադարձավ ամուսնու մոտ։
— Հը՞, ի՞նչ ասաց հայրդ։
— Սիրելիս, նա ասաց, որ վերցնես երեքոտնանի ձին ու գնաս։
Արքայադուստրը չասաց, որ թագավորը ցանկացավ նրան ետ չվերադառնալ։
Արքայազնը երեքոտնանի ձիով գնաց անտառ։ Տեղ հասնելով, նա հագավ իր ոսկեզօծ զգեստները, հեծավ Բայարին ու գնաց մարտի դաշտ։ Նա հաղթեց բոլոր թշնամիներին։ Նա կռվում էր այն թագավորի զորքի դեմ, որը հենց իր հայրն էր։ Կաղն ու Կուզիկը, որ հեռվից նայում էին ճակատամարտին, գնացին թագավորի մոտ ու ասացին.
— Էհ, ձերդ մեծություն, եթե դուք տեսնեիք այն կտրիճին, որը հաղթեց թշնամուն...
— Ափսոս, որ իմ ամենափոքր աղջիկն էլ է ամուսնացած,—
ասաց թագավորը։— Ես աղջկաս հաճույքով կտայի նրան։ Իսկ Քոսոտին չտեսա՞ք։
— Աստված է վկա, որ չենք տեսել։
Շուտով նորից պատերազմ սկսվեց։ Արքայազնը նորից
կնոջն ուղարկեց թագավորի մոտ, որ նա իրեն թույլ տա մասնակցել արշավանքին։ Հետո երեքոտնանի ձիով հասնելով անտառ, հեծավ Բայարին ու առաջվանից ավելի գեղեցկանալով, մարտի մեջ մտավ։ Նա շահեց ճակատամարտը, իսկ Կաղն ու Կուզիկը հեռվից նայում էին ու ասում.
— Ի՜նչ կտրիճն է, ի՜նչ խիզախը...
— Էհ, ձերդ մեծություն,—
ասացին նրանք թագավորին,—
եթե դուք տեսնեիք ճակատամարտը շահած կտրիճին...
— Շատ ափսոս, որ իմ կրտսեր աղջիկն ամուսնացած է։ Ես հաճույքով աղջկաս կտայի նրան։ Իսկ Քոսոտին չե՞ք հանդիպել:
— Աստված է վկա, որ չենք հանդիպել։
— Լավ պտուղ է ձեր Քոսոտը, խոսք չկա։
Թագավորի լրիվ ապաքինման համար երկու սափոր ջուր էր հարկավոր։ Արքայազնը նորից կնոջն ուղարկեց հոր մոտ Հունգարիայի թագուհու ջուրը ճարելու համար թույլտվություն ստանալու, և երեքոտանի ձիով գնաց անտառ։ Այնտեղ, Բայարի կողքին դրված էր ջրով լի երկու սափոր, նա վերցրեց դրանք ու ետ վերադարձավ։ Իջևանատան մոտից անցնելիս տեսավ, որ Կաղն ու Կուզիկը ուրախ քեֆ են անում։
— Սա ինչ է, ուրեմն, դուք չե՞ք գնացել Հունգարիայի թագուհու ջուրը ճարելու։
— Շատ մեզ պետք է,— պատասխանեցին նրանք։— Իսկ դու ճարե՞լ ես։
— Այո, ահա սափորները։
— Չե՞ս ծախի մեզ։
— Ինչ
արած, ես կզիջեմ ձեզ այդ սափորները, եթե դուք ինձ տաք ձեր ոսկե խնձորները։
— Թող ուզածդ դա լինի։ Վերցրու։
Արքայազնը վերցրեց ոսկե խնձորները, իսկ նրա քենակալները՝ Հունգարիայի թագուհու ջուրը։
— Դուք չհանդիպեցի՞ք Քոսոտին,—
հարցրեց նրանց թագավորը։
— Աստված է վկա, ձերդ մեծություն, չենք հանդիպել, Աստված է վկա։
— Լավ պտուղ է ձեր Քոսոտը, խոսք չկա։
Շատ ժամանակ չէր անցել, որ նորից պատերազմ սկսվեց։ Արքայազնը նորից գնաց անտառ, հագավ իր ոսկեզօծ զգեստները ու, նախկինից ավելի գեղեցիկ, հեծավ Բայարին, սլացավ մարտի դաշտ։ Նա նորից շահեց ճակատամարտը, ու երբ ամբողջ թափով ետ էր սլանում, թագավորը, որ հեռվից դիտում էր ճակատամարտը, մի նետ արձակեց, նա դա դիտմամբ արեց, որ հետո կարողանա ճանաչել կտրիճին։
Երբ նրանք վերադարձան անտառ, Բայարն ասաց տիրոջը.
— Արքայազն, ես էլ ձեզ նման ազնվազարմ եմ։ Ինձ հրամայված էր հինգ ծառայություն մատուցել մի այլ արքայազնի։ Ուզո՞ւմ եք ինձ հետ ճանապարհ ընկնել։ Ես ուզում եմ ետ վերադարձնել իմ թագավորությունը և ստանալ այն ամենը, ինչ պատկանում է ինձ։
Արքայազնը չցանկացավ ուղեկցել նրան ու երեքոտնանի ձիով վերադարձավ ամրոց։
Թագավորը հրամայեց ամենուրեք հայտարարել, որ ճակատամարտը շահողը պետք է շռայլ պարգև ստանա։ Շա՜տ-շատերը եկան պալատ, նախապես իրենց ազդրի մեջ նետ մտցնելով, բայց թագավորն իսկույն տեսնում էր, որ դա իր նետը չի։
Այդ ժամանակամիջոցում արքայազնը վերադարձավ ամրոց, ու նրա կինը մարդ ուղարկեց բժշկի ետևից, որ վերջինս հանի ամուսնու ազդրից նետը։ Թագավորը տեսավ, որ բժիշկը մտավ փեսայի մոտ. նկատելով, որ բժիշկն այնտեղ երկար մնաց, թագավորն ինքը եկավ փեսայի մոտ ու տեսավ իր նետը, նա չէր կարողանում հասկանալ, թե նետն ինչ գործ ունի այստեղ։ Այդ ժամանակ արքայազնը ասաց.
— Այդ բոլորը ես եմ արել։ Առաջին անգամ ես ճարեցի Հունգարիայի թագուհու ջրով երեք սափորր, բայց դրանք զիջեցի իմ քենակալներին ու փոխարենը հարյուր անգամ բզով ծակեցի նրանց ետևը։ Իսկ հետո երկու սափորի դիմաց նրանք ինձ տվեցին իրենց ոսկե խնձորները։
Այդժամ թագավորը հրամայեց իր մոտ բերել Կաղին ու Կուզիկին։
— Հապա մի ասեք, թե ո՞ւր են ձեր ոսկե խնձորները։
— Մենք կորցրել ենք։
Նրանց լավ դնգստեցին ու դուրս արեցին պալատից։ Իսկ արքայազնի հոր հետ հաշտություն կնքեցին, և բոլորն ապրեցին ուրախ ու երջանիկ։