суббота, 30 апреля 2011 г.

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ / Կիկոսի մահը


Մի աղքատ մարդ ու կնիկ են լինում, ունենում են երեք աղջիկ:
Մի օր հերը աշխատելիս է լինում, ծարավում է, մեծ աղջկանը ջուրն է ղրկում: Էս աղջիկը կուժն առնում է գնում աղբյուրը: Աղբրի գլխին մի բարձր ծառ է լինում: Էս ծառը որ տեսնում է` իրեն-իրեն միտք է անում.
-Հիմի որ ես մարդի գնամ ու մի որդի ունենամ, անունն էլ դնենք Կիկոս. Կիկոսը գա էս ծառին բարձրանա ու վեր ընկնի, քարովը դիպչի մեռնի...
-Վա՜յ, Կիկոս ջան, վա՜յ...
Տեղն ու տեղը ծառի տակին նստում է` սկսում է սուգ անել.

Գնացի մարդի,
Ունեցա որդի,
Գդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին...
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան...

Մերն սպասում է, սպասում, տեսնում է չեկավ, միջնեկ աղջկանն է ղրկում: Ասում է. գնա´ մի տե´ս, քույրդ ընչի´ ուշացավ:
Միջնեկ աղջիկն է գնում:
Մեծ քույրը սրան որ հեռվից տեսնում է` ձենն ավելի է բարձրացնում:
-Արի´, արի´, անբախտ մորքուր, տես քո Կիկոսն ինչ եղավ:
-Ի նչ Կիկոս:
-Բա չես ասիլ`
Գնացի մարդի,
Ունեցա որդի,
Գդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին...
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան...

-Վա՜յ Կիկոս ջան, վա՜յ,- գոռում է միջնեկ քույրը, նստում է մեծ քրոջ կողքին ու սկսում են միասին սուգ անել:
Մերն սպասում է, սպասում, տեսնում է չեկան, պստիկ աղջկանն է ղրկում: Ասում է.
-Աղջի´, մի գնա տես քույրերդ ի նչ եղան: Գնացին, ետ չեկան:
Հիմի պստիկ աղջիկն է գնում: Գնում է տեսնում` երկու քույրերն էլ աղբրի գլխին նստած լաց են լինում:
-Քա´, ընչի՞ եք լաց ըլում:
Մեծ քույրը թե` բա չես ասիլ`

Գնացի մարդի,
Ունեցա որդի,
Գդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին...
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան...

-Վա՜յ քու մորքուրին, Կիկոս ջան, վա՜յ,- սա էլ է գլխին տալիս ու մյուսների կողքին նստում, ձեն-ձենի տալիս:
Մերն սպասում է, սպասում, տեսնում է աղջիկները չեկան, ինքն է գնում:
Հեռվից իրենց մորը տեսնում են թե չէ` երեք աղջիկն էլ կանչում են.
-Արի´, արի´, անբախտ տատրի, տե´ս թոռանդ գլուխն ինչ է եկել:
-Ի նչ թոռ, ա´յ աղջկերք, ի՞նչ է պատահել:
Մեծ աղջիկը թե` բա չես ասիլ, ա´յ մեր`

Գնացի մարդի,
Ունեցա որդի,
Գդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին...
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան...

-Վա՜յ, քոռանան քու տատի աչքերը, Կիկոս ջան. – մերն էլ ծնկանը զարկում է, նստում է աղջիկների կողքին, սկսում է նրանց հետ սուգ անել:
Մարդը տեսնում է կնիկն էլ գնաց աղջիկների ետևից ու սա էլ չեկավ: Ասում է` մի գնամ տեսնեմ էս ինչ պատահեց, որ սրանք իրար ետևից գնացին մնացին աղբրումը:
Վեր է կենում գնում:
Կնիկն ու աղջկերքը հենց սրա գլուխը հեռվից տեսնում են թե չէ, ձեն են տալի.
-Արի´, արի´, անբախտ պապի, արի տես քու Կիկոսի գլուխն ի՞նչ է եկել... վա՜յ քու Կիկոսին...
-Ինչ Կիկոս, ինչ եք ասում,- զարմանում է մարդը:

Մեծ աղջիկը թե` բա չես ասիլ, ա՜յ հեր`

Գնացի մարդի,
Ունեցա որդի,
Գդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին...
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան...

-Վա՜յ, Կիկոս ջա՜ն,- ծնկներին տալիս են ու սուգ են անում մեր ու աղջկերք:
Սրանց մեջի խելոքը հերն է լինում: Ասում է.
-Ա´յ հիմարներ, ի՞նչ եք նստել էստեղ ու սուգ եք անում: Ինչքան էլ սուգ անեք, ինչքան էլ լաց ըլեք, հո Կիկոսն էլ կենդանանալու չի: Վեր կացեք, եկեք գնանք մեր տունը, մարդ կանչենք, ժամ ու պատարագ անենք, Կիկոսի քելեխը տանք. լացով ինչ պետք է անենք: Աշխարհքի կարգ է, ինչպես եկել է, էնպես էլ պետք է գնա: Դու մի´ ասիլ` սրանց ունեցած-չունեցած չորսոտանին մի եզն է լինում, ունեցած փոշին էլ մի քթոց ալյուր: Գալիս են էս եզը մորթում, էս մի քթոց ալյուրն էլ հաց թխում, ժողովուրդ են կանչում, ժամ ու պատարագ են անում, Կիկոսի քելեխն ուտեցնում, որ նոր հանգստանում են:

ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆ / Հեքիաթ աղբյուրի մասին

Դաշտով մի օր կգնաս,
Մի երգ կլսես,
Թփերի մեջ անուշակ
Առվակ կգտնես:



Ջրի կողքով կքայլես,
Կմտնես անտառ,
Ուր` անպտուղ-պտղատու
Հազար ու մի ծառ:



Մի ճյուղ քեզ կճանկռոտի
Կամ ճամփա կտա,
Մինչև որ մի արևոտ
Բացատ դուրս կգաս:



Իսկ բացատում կգտնես
Սիրուն մի տնակ.
Շեմն` արևոտ, դուռը` բաց,
Ո'չ փակ, ո'չ փականք:



-Բարև~,- կասի տնակում
Մեկը քաղցրաձայն,
Ու կզնգա տնակը,
Ինչպես ծիլ-ծնծղան:



Կհանդիպեն աչքերդ
Աչքերին նրա,
Ու կզգաս, թե շուրթերն իր
Ինչքան են ծարավ:



Ու կթվա` զնգացող
Ձայնը առվակի
Ուզում է քո սրտի մեջ
Կարկաչի~, կանչի~:



Նա քեզ կասի` ծարա~վ եմ,
Տա~ր ինձ աղբյուրն այն,
Ու երկուսով կբռնեք
Աղբյուրի ճամփան:



Շատ կգնաք կամ էլ քիչ,
Այդ էլ ո՞վ գիտի,
Մինչև որ ձեր առաջ ջինջ
Երկինք կբացվի:



Կամաց-կամաց կսկսեք
Վերև բարձրանալ,
Ձեզ կտանջեն Սարը սեգ,
Ծարավն այն դաժան:



Կբարձրանաք, վեր կելնեք`
Իրար ձեռք բռնած,
Ձեր ոտքերի տակից ծեր
Քարեր կընկնեն ցած:



Ու Սարն հանդարտ կխոսի
Իմաստուն ու վեհ.
-Իմ փեշերից, է~հ, քանի~
Քար է ցած սահել,



Բայց ես էլի սար եմ սեգ`
Ոտքերս հողին,
Իսկ ճակատս հպվում է
Արեգակ աստղին:



Շատ-շատերն են կամեցել
Աղբյուրին հասնել,
Բայց... սպասե'ք, ամո՞ւր եք
Իրար ձեռք բռնել...



Հա', շատերն են կամեցել
Հասնել աղբյուրին,
Բայց քչերն են շուրթերը
Հպել այն ջրին:



Պատահել է` եկել են,
Կես ճամփին հոգնել
Ու ծարավը չկոտրած`
Ուժասպառ ընկել:



Ընկել են ու մնացել,
Դարձել են քարեր.
Նրա~նք են ցած գլորվում
Ոտքի տակից ձեր:



Պատահել է` հասել են
Ու վրա պրծել,
Ո'չ ջրի համն իմացել,
Ո'չ չափ ճանաչել:-



Ու կլսեք սեգ Սարի
Խոսքը իմաստուն
Եվ իրար ձեռք կբռնեք
Պինդ ու հաստատուն:



Ու թե այդպես ընթանաք`
Իրար ձեռք ձեռքի,
Դուք աղբյուրին կհասնեք
Սարի գագաթի:



Ջուր կխմեք ու հանգիստ
Կթիկնեք կողքի
Ու կնայեք գագաթից
Աշխարհին ցածի:



Հետո միջից աղբյուրի
Ձայն կլսեք հեզ,
Որ կկանչի, կտանի
Ձեզ իր ակով ներս:



Այնտեղ` Լուսե աշխարհում
Կտեսնեք մի տուն,
Տան մեջ` անմեղ խաղացող
Մանուկներ ժպտուն:



Ներս կմտնեք, միասին
Քաղցրանուշ կերգեք
Ու ձեր երգն այն աղբյուրի
Ձայնին կխառնեք:



Սարով մի օր կգնան,
Երգն այդ կլսեն,
Երգի կողմը կշրջվեն,
Աղբյուր կգտնեն:



ՓՂԻ ՀՅՈՒՐ ՆԱՊԱՍՏԱԿԸ (ռոդեզիական հեքիաթ)

Փիղը մտքին դրեց խնջույք սարքել: Գարեջուր եփեց կանչեց կենդանիներին և ասաց.
_ Այս գարեջուրը ես պետք է հյուրասիրեմ միայն եղջյուրավորներին, իսկ անկոտոշները թող հեռու մնան:
Բոլոր կենդանիները վախենում էին փղից, հնազանդվում էին նրան, իսկ նապաստակը մտածեց. «Լավ գարեջուր ունի առաջնորդը, ո՞նց անեմ, որ դրա համը տեսնեմ»:
Եվ որոշեց խաբել փղին. թաքնվեց թփերի մեջ ու սկսեց սպասել ջահել եղջերուին: Երբ սա անցնում էր թփերի կողքով, նապաստակը թռավ նրա մեջքին, իսկույն կտրեց եղջյուրները և սոսնձով կպցրեց իր գլխին:
Եվ նապաստակը համարձակ ճանապարհվեց փղի մոտ` հյուրասիրության:
Երբ փիղը տեսավ նապաստակին, զարմացավ, բայց ասաց.
_ Ամենալավ եղջյուրները նապաստակին են: Հարգա'նք ու պատիվ նրան. թող նա' լցնի գարեջուրը:
Մյուս կենդանիները ևս սկսեցին գովաբանել նապաստակի եղջյուրները. Իսկ նապաստակն սկսեց լցնել գարեջուրը, և ագահություն անելով, իր բաժակում բոլորից շատ լցրեց:
Այնքան շատ գարեջուր խմեց նա, որ հարբեց, հարբեց այդ եղջյուրավոր նապաստակը:
Այդ ժամանակ հանկարծ փղի մոտ հյուրասիրության եկավ ծեր եղջերուն:
Նապաստակը հարցրեց նրան.
_ Ինչո՞ւ ես այդպես ուշ գալիս, մի՞թե դու անկոտոշ ես:
_ Ես եկել եմ տեսնելու թե ինչպես ես դու գարեջուր խմում,- պատասխանեց ծեր եղջերուն ու նստեց մի կողմ:
Հետո կամացուկ թեքվեց, նապաստակի ականջին շշուկով ասաց.
_Ինչ որ սոսնձով է կպչում, պոկվում է:
Բոլոր հյուրերը տեսան, որ եղջերուն ինչ-որ բան ասաց. սկսեցին հարցնել նապաստակին , թե ի՞նչ շշնջաց եղջերուն:
Նապաստակը ծիծաղեց ու ասաց.
_ Արժե՞ միթե ուշադրություն դարձնել նրա վրա: Ծեր եղջերուն այնքան է կերել խնջույքում, որ դատարկ բաներ է դուրս տալիս:
Լսելով այս խոսքը, ծեր եղջերուն նորից ասաց, բայց արդեն բարձրաձայն.
_ Ինչ որ սոսնձով է կպչում, պոկվում է:
Նապաստակը տեսավ, որ բոլորն իրեն են նայում, վախեցավ, դողդողաց իսկ եղջյուրները դրանից պոկվեցին ու ընկան գետին:
Վեր թռավ նապաստակն ու որքան ուժ կար ոտքերում, փախավ:

Թարգմ. Թամարա Ահարոնյան

пятница, 29 апреля 2011 г.

Հնարամիտ հավը (տաջիկական հեքիաթ)

Գյուղից ոչ հեռու դես ու դեն էր վազվզում քաղցած շնագայլը, հանկարծ նկատեց, որ ծառի տակ քուջուջ է անում մի չաղլիկ հավ:
«Այ լավ ո~րս»,- մտածեց շնագայլը ու սկսեց գողեգող մոտենալ հավին:
Բայց հավի սրատես աչքը ժամանակին նկատեց թշնամուն: Նա կչկչոցով թռավ ու նստեց ծառւ ճյուղին:
Շնագայլը մոտեցավ ու սկսեց սիրալիր խոսել.
_Հավիկ քույրիկ, նորությունը չե՞ս լասել: Ասում են, թե բոլոր գազանների ու թռչունների միջև հաշտություն է հայտարարվել: Սրանից հետո մենք բոլորս պիտի բարեկամներ լինենք: Ցած իջիր, սիրելիս:
«Այ դու խաբեբա,-մտածեց հավը,-բայց ես քեզանից խորամանկ եմ»:
Վիզը երկարացնելով, նա սկսեց չորս կողմը նայել: Գլուխը պտտում էր այս ու այն կողմ, իսկ նրա վզի վրա ցնցվում էին կարմիր գինդերը, կոկորդում ինչ-որ բան էր խլթխլթում:
_Ի՞նչ պատահեց քեզ: Չլինի՞ թե վախեցար,-հարցրեց շնագայլը:
_Ինչպես չվախենամ: Գյուղից մի խումբ կատաղած շներ են վազում այս կողմը: Վախենում եմ հանկարծ ինձ հոշոտեն...
Շնագայլը, հենց որ լսեց շների մասին, սկսեց փախչել:
_Ինչու՞ ես ծլկում, չէ՞ որ նոր ասացիր, թե բոլոր գազանների ու թռչունների միջև հաշտություն է հայտարարվել,-կանչեց նրա ետևից հավը:
_Ինչ իմանամ, գուցե շները դեռ չգիտե՞ն այդ հաշտության մասին,-վրա բերեց շնագայլն ու առանց ետ նայելու, լեղապատառ փախավ:
Այդպես հնարամիտ հավը խաբեց շնագայլին:

Թարգմ. Վիրաբ Մանուկյան

четверг, 28 апреля 2011 г.

ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆ / Ծննդյան հեքիաթ

Մեր աչքերը
Մայրիկները գտել են լույս մարգագետնից.
Մի առավոտ
Կաթիլներ են եղել ցողի:

Մեր այս փափլիկ թաթիկները
Հին ժամանակ ճայ են եղել`
Ճերմակ-ճերմակ.
Մայրիկները շատ են խնդրել,
Որ նրանք գան
Ու մեզ համար
Ձեռքեր դառնան:

Մեր մազերից ամեն մեկը
Շողն է եղել արեգակի.
Մայրիկները,
Ձեռքերն իրենց կրակ տալով,
Մի սիրուն օր
Հավաքել են բաց երկնքից:

Իսկ մեր ձայնի համար նրանք
Յոթը սար ու ձոր են անցել,
Հասել աշխարհն հեքիաթների,
Երգն են լսել
Կախարդական առվակների:

Մեր սրտերը
Թիթեռներ են եղել առաջ,
Ու քանի որ
Թիթեռները մեն-մի օր են
Այս աշխարհում ճախրում-ապրում
Ու իրիկվա ցրտին հանգչում,
Մի երեկո,
Որ չընդհատվի կյանքը իրենց,
Նրանք զգույշ,
Իջել են մեր մայրիկների
Ափերի մեջ,
Մայրիկներն էլ թիթեռներն այդ
Առաջ իրենց,
Իսկ հետո էլ
Մեր կրծքերի մեջ են պահել
Տաքուկ-տաքուկ`
Որպես սրտեր...

Այսպես ամեն ինչից քիչ-քիչ,
Այսպես ամեն ինչից կաթ-կաթ`
Ծաղիկներից ու ծառերից,
Ծիածանից ու աստղերից,
Հողի սրտից,
Գարնան ամպից`
Տիեզերքից,
Հավաքել են ու հավաքել,
Մի իրիկուն տուն են բերել,
Հետո նստել,
Հայիկների հետ` միասին թեյ են խմել,
Թեյ են խմել,
Հետն էլ խորհել,
Թե այդ ամենն ինչ հրաշքով
Շնչավորել,
Ու նայել են տխուր-պայծառ
Հայրիկները մայրիկներին,
Նայել են լուռ,
Լուռ նայել են
Աստղերով լի
Մայրիկների ջինջ աչքերին
Ու ասել են.
«Տես` ինչպես են
Երկնքում հույս-աստղեր վառվել,
Ուշ է արդեն,
Պետք է քնել.
Աստված մեծ է, մենք կգտնենք
Տիեզերքի արահետը,
Լույս կբացվի, բարին` հետը» ...

Հետո,
Երբ որ գիշերն անցել,
Արեգակը երգել է երգ,
Բարին հետը լույս է բացվել,
Ու լույսի հետ
Ծնվել ենք մենք:



Ջրաղացպանի աղջիկը (հունգարական հեքիաթ)

Կար չկար մի ջրաղացապան: Նա մի աղջիկ ուներ, այնքա~ն խելացի, այնքա~ն խելացի, խելքի ծով: Սրա համբավը գնացել հասել էր նույնիսկ հարևան երկրները:
Թագավորը նույնպես լսեց ջրաղացպանի աղջկա մասին, իր ծառային նրա մոտ ուղարկեց և հրամայեց ասել, որ թագավորի տանիքում արդեն հարյուր տարի է, ինչ մի կապ վուշ կա ընկած, եկ և դրանից, եթե կարող ես, ոսկի թել մանիր:
Ջրաղացպանի աղջիկը լսեց թագավորի ծառային և խնդրեց հաղորդել թագավորին, որ իր հոր դուռը հարյուր տարի է, ինչ պատած-պարսպապատած է, թե որ թագավորը դրանից ոսկե իլիկ պատրաստի, ինքն էլ այդ ոսկե իլիկով ոսկի թել կմանի թագավորի հարյուր տարվա վուշից; Թագավորը հո չի՞ կարող թույլ տալ, որ ջրաղացպանի աղջիկը թագավորի համար ոսկի թել մանի փայտե հասարակ իլիկով:
Թագավորին ջրաղացպանի աղջկա պատասխանը դուր եկավ: Նա իր ծառային երկրորդ անգամ ուղարկեց ջրաղացպանի աղջկա մոտ և հրամայեց ասել նրան, որ թագավորն իր տանիքում մի ծակ կուժ ունի, եթե կարող է, թող ջրաղացպանի աղջիկը գա և այդ ծակ կուժը կարկատի:
Ջրաղացպանի աղջիկը հիմա էլ այս պատասխանն ուղարկեց թագավորին. ձեռք պետք է քաշել այդ կժից, եթե դա բանի պետք լիներ, տանիք չէր նետվի, լսված բան չէ, որ անպետք իրը տանիքից ետ բերվի ու նորոգվի:
Այս պատասխանն ավելի դուր եկավ թագավորին: նա իր ծառային երրորդ անգամ ուղարկեց ջրաղացպանի աղջկա մոտ և հրամայեց ասել նրան, որ թող նա իր ոտով թագավորի պալատը գա, բայց և' չբարևի, նվեր տա, բայց և' չտա:
Ջրաղացպանի աղջիկը բռնեց մի աղավնի, դրեց մաղի մեջ, երկրորդ մաղով ծածկեց առաջին մաղի բերանը, առավ թևի տակ, նստեց ավանակի վրա, հասավ թագավորի պալատը, գլուխ տվեց թագավորին, ապա վերևի մաղը բարձրացրեց, աղավնին մաղից դուրդ եկավ ու թռավ գնաց...
Ահա և ստացվեց, որ ջրաղացպանի աղջիկը իր ոտով եկավ, բայց և' իր ոտով չեկավ: Բարևեց թագավորին, բայց և' չբարևեց: Նվեր տվեց նարն, բայց և' չտվեց:
Թագավորին ջրաղացպանի աղջիկն այնքան դուր եկավ, որ տեղնուտեղը որոշեց ամուսնանալ նրա հետ:

Տպագրվել է  «Պիոներ» ամսագրի 1979 թվականի 9-րդ համարում:

среда, 27 апреля 2011 г.

Բոքոնիկը (ռուսական հեքիաթ)

Մի ծերուկ էր ապրում իր պառավ կնոջ հետ:
Մի օր ծերուկն ասավ:
_Պառավ, մի բոքոնիկ թխիր:
_Ինչո՞վ թխեմ, ալյուր չկա:
_Է՛, պառավ, դու էլ կողովի տակը քերի, ամբարը ավլի, ալյուր դուրս կգա:
Պառավն էլ վերցրեց կողովը քերեց, ամբարը ավլեց, եղած-չեղածը երկու բուռ ալյուր դուրս եկավ: Կաթի սերով հունցեց, յուղով թխեց, դրեց պատուհանի գոգին, որ սառչի:
Բոքոնիկն էլ մնաց-մնաց` մեկ էլ հանկարծ ցած գլորվեց պատուհանից նստարանին, նստարանից հատակին, հետո հասավ դռանը, դռնից աստիճաններին, աստիճաններով բակ, բակի դարբասից դուրս ու այդպես գնա՛ց, գնա՛ց:
Ճանապարհով գլորվում է, դեմն է գալիս նապաստակը:
_Բոքոնիկ, բոքոնիկ, ես քեզ կուտեմ:
_Ինձ մի ուտի շլդիկ-նապաստակ, ես քեզ համար երգ կասեմ,- ասաց բոքոնիկն ու երգեց.

Տաշտակից են ինձ քերել,
Ամբարից են ինձ ավլել,
Կաթնասերով են հունցել
Ու կարագով ինձ թխել,
Հետո դրել են սառչեմ...
Ես փախել եմ պապիկից,
Ես փախել եմ տատիկից,
Շլդիկ, հո ես վախկոտ չեմ,
Քեզանից էլ կփախչեմ...

Ու գլորվեց առաջ: Էն տեսնելն էր, որ տեսավ: Գլորվում է, գլորվում, դեմն է գալիս գայլը.
_Բոքոնիկ, բոքոնիկ, ես քեզ կուտեմ:
_Ինձ մի ուտի գորշ գայլ, ես քեզ համար երգ կասեմ:

Տաշտակից են ինձ քերել,
Ամբարից են ինձ ավլել,
Կաթնասերով են հունցել
Ու կարագով ինձ թխել,
Հետո դրել են սառչեմ...
Ես փախել եմ պապիկից,
Ես փախել եմ տատիկից,
Ես փախել եմ շլդիկից,
Գորշ գայլ, հո ես վախկոտ չեմ,
Քեզանից էլ կփախչեմ...

Ու գլորվեց առաջ, էն տեսնելն էր, որ տեսավ:
Գլորվում է, գլորվում, դեմն է գալիս արջը.
_Բոքոնիկ-բոքոնիկ, ես քեզ կուտեմ:
_Այ ծուռթաթ, դու ինձ ո՞նց կուտես.

Տաշտակից են ինձ քերել,
Ամբարից են ինձ ավլել,
Կաթնասերով են հունցել
Ու կարագով ինձ թխել,
Հետո դրել են սառչեմ...
Ես փախել եմ պապիկից,
Ես փախել եմ տատիկից,
Ես փախել եմ շլդիկից,
Ես փախել եմ գայլուկից
Ծուռթաթ, հո ես վախկոտ չեմ,
Քեզանից էլ կփախչեմ...

Ու գլորվեց առաջ, էն տեսնելն էր, որ տեսավ:
Գլորվում է, գլորվում, դեմն է գալիս աղվեսը:
_Բարև, բոքոնիկ, ինչքան լավն ես:
Բոքոնիկն էլ երգեց.

Տաշտակից են ինձ քերել,
Ամբարից են ինձ ավլել,
Կաթնասերով են հունցել
Ու կարագով ինձ թխել,
Հետո դրել են սառչեմ...
Ես փախել եմ պապիկից,
Ես փախել եմ տատիկից,
Ես փախել եմ շլդիկից,
Ես փախել եմ գայլուկից
Ես փախել եմ արջուկից
Աղվես, հո ես վախկոտ չեմ,
Քեզանից էլ կփախչեմ...

-Էս ինչ լավ երգ է,-ասում է աղվեսը,-ափսոս ծերացել եմ, բոքոնիկ, ծանր եմ լսում, նստիր դնչիս, երգդ կրկնիր:
Բոքոնիկը նստեց աղվեսի դնչին ու նորից երգեց:
_Ապրես, բոքոնիկ, շատ լավ երգ էր, մի անգամ էլ կուզեի լսել: Արի լեզվիս վրա նստիր ու ավելի ուժեղ երգիր,-ասաց աղվեսն ու լեզուն հանեցԼ
Էս հիմարիկ բոքոնիկն էլ թռավ աղվեսի լեզվին թե չէ աղվեսը համփ արեց ու կերավ:

Թարգմ. Անուշ Սեդրակյան
Ալեքսանդր Աֆանասևի ժողովածուից

Բալու լուսինը և Իբիս Մուրեգուն (ավստրալական հեքիաթ)

Այն ժամանակ, երբ աշխարհը դեռ ջահել էր, և դեռ մրջյուններ անգամ չկային, ահա այդ ժամանակ ապրում էր Իբիսը1: Անունը Մուրեգու էր: Նա երկար տարիներ բոլորովին մենակ էր ապրում: Ճգնավորի պես էր ապրում Իբիս Մուրեգուն:
Այդ իրիկուն որսը լավ էր, և ամեն ինչ առատ. բայց Իբիսը խելոք էր և ավելին էր ցանկանում: Նա շատ բումերանգներ2 պատրաստեց, և ոչ միայն բումերանգներ, այլև դագանակներ, նիզակներ ու վահաններ:
Նա սպանեց օպոսում3 փոքրիկ գազանին: Մեկին սպանեց, էլի մեկին ու էլի մեկին: Հետո վերցրեց օպոսումի սուր ատամը, ահա` այսպես վերցրեց ու փորագրություններով զարդարեց զենքը. Զարդարեց թե' դագանակները, թե' նիզակները, թե' վահանները և թե' հլու-հնազանդ բումերանգները: Էմու4 թռչունի ոսկորից նա ասեղ պատրաստեց և թելեց: Օպոսումի մորթուց վերմակներ ձևեց և կարեց օպուսումի ջլերով: Ահա այսպես կարեց դրանք. դեռ ավելին. Տեսեք, թե էլի ինչե~ր արեց: Նա հմուտ վարպետի նման գույն-գույն նախշեց իր վերմակները ներկերով:
Երբ ամեն ինչ պատրաստ էր, հպարտ ու գոհ նայեց նա իր աշխատանքի պտուղներին` զենքին, վերմակներին: Նայեց Իբիս Մորեգուն ու մտածեց. «Ի~նչ լավ է»:
Այդ պահին նրան այցելեց Լուսինը: Նրա անունը Բալու էր: Նա ասաց.
_Իբի'ս Մուրեգու, դու տեսնու՞մ ես` երկիրը մեծ է, իսկ երկինքն ամայի: Այնտեղ ո'չ ճանապարհներ կան, ո'չ արահետներ: Այնտեղ շատ դժվար է ապաստան գտնելը: Մի վերմակ տուր ինձ, գցեմ վրաս` տաքանամ:
Իբիս Մուրեգուն խելացի էր, բայց այդ րոպեին նրա իմաստությունը գլխից թռավ: Իսկ հոտո նա գեղեցիկ իրերից շլացավ և իմաստությունը բոլորովին վերացավ:
_Ոչ,-ասաց Իբիս Մուրեգուն, ինքն իրենից գոհ, որ զենք ու վերմակ էր պատրաստել. Նա չէր ուզում բաժանվել դրանցից, ափսոսում էր:-Ես ոչ ոքի չեմ տա իմ վերմակները:
_Դու այդքան շատ ունես,-ասաց բալու Լուսինը,-ավելի շատ, քան պետք է: Մի վերմակ տուր ինձ, վրաս գցեմ. էլի քոնը կլինի, բայց ե'ս կծածկվեմ: գուցե հիմա ասես «այո», հը՞:
_Ոչ,ճասաց Իբիս Մուրեգուն,- ես իմ վերմակները ոչ ոքի փոխարինաբար չեմ տալիս:
_Դու ոչոքի փոխարինաբար չե՞ս տալիս,-ասաց Բալու Լուսինը,-այդ դեպքում մի վերմակ ծախիր` առնեմ:
Ոչ,-ասաց Իբիս Մուրեգուն:-Ես իմ վերմակները ոչ ոքի չեմ ծախել ու չեմ էլ ծախի:
Բալուն նայեց շուրջը և տեսավ փորագրություններով զարդարված զենքերը, տեսավ դագանակաները, նիզակներն ու վահանները, և փորագրություններով նախշված բումերանգները:
_Դու իմաստուն ես,-ասաց Բալուն,-մի զենք տուր ինձ. կամ փոխարինաբար տուր, կամ ծախիր` առնեմ, միայն թե տուր:
Իբիս Մուրեգուն հիացմունքով նայեց իր ունեցվածքին և ասաց.
_Իմ վճիռը հաստատ է և անխախտ, ինչպես օպոսումի ատամը: Ես ոչ ոքի իմ ունեցվածքը չեմ տալիս, ո'չ փոխարինաբար, ո'չ էլ փողով:
_Ոչ ոք չի կարողանում այսպիսի փորագրություններով զարդարել զենքը,-ասաց Բալու Լուսինը,- ոչ ոք չի կարող այսպես կարել և այսպես նախշել վերմակները: Միայն Իբիս Մուրեգուն է կարողացել, որովհետև Իբիս Մուրեգուն իմաստուն է: Բայց մի՞թե սա է բոլորը:
_Սա' է,-ասաց Իբիս Մուրեգուն:
Հիմա նա գոհ էր իրենից: Նա հպարտ էր: Նա ուներ զենքեր, և ուներ այնպիսի վերմակներ, որ ուրիշ ոչ ոք չուներ. Միայն ինքն ուներ: Նա ոչ ոքի չի տա դրանք: Նա փոխարինաբար չի տալիս և չի վաճառում իր իրերը: Նրա որոշումը հաստատ է, ավելի հաստատ և պինդ, քան օպուսիմի ատամը. վե'րջ:
Իբիս Մուրեգուն հայացքը չէր հեռացնում իր զենքերից և իր վերմակներից` նախշուն վերմակներից: Նրա աչքերը Բալուին չէին նայում, բայց Իբիս Մուրեգուն զգում էր Բալուին: Նա զգում էր, թե ինչպես է Բալուն կանգնել և խնդրում: Եվ ինքն իրեն էլ էր տեսնում Իբիս Մուրեգուն, թե ինչպես է մերժում. «Չե'մ տալիս, փոխարինաբար չե'մ տալիս և չե'մ վաճառում»:
Բայց բալուն չէր հեռանում:
_Գիշերը ցուրտ է,-ասաց նա.-գիշերին գիշեր է հաջորդում, ցերեկին` ցերեկը. դու տեսնում ես, մեծ են ոչ միայն երկիրը, և ոչ միայն երկինքը: Կա էլի ինչ-որ անտեսանելի մի բան և նա չի վերջանում, գիշերին գիշերն է հաջորդում, ցերեկին` ցերեկը... Ո՞վ գիտե` ինչ է նրա անունը: Դե՞, դու ինձ մի վերմակ չե՞ս տա արդյոք:
Բայց Մուրեգուն նույնիսկ պատասանի չարժանացրեց նրան:
_Դու իմաստուն ես,-ասաց Բալուն,-դու պատրաստել ես զենք և վերմակներ ու զարդարել ես դրանք. Բայց մի՞թե դա ամեն ինչ է: Չէ՞ որ դու առաջ այդպիսի բան չէիր անում: Դու իմաստուն ես դարձել: Իսկ հիմա ուրիշ մարդիկ կտեսնեն քո իրերը: Ի՞նչ կլինի, եթե նրանց իմաստությունը քոնի նման արթնանա: Այն ժամանակ կարող է պատահել` որևէ մեկը կրկնի քո իմաստությունը: Իսկ եթե նա ավելացնի և իրե՞նը: Մի՞թե քո իմաստությունը վերջնական է, մի՞թե դրանով վերջանում է իմաստությունը:
Սակայն Իբիս Մուրեգուն ձայն չէր հանում: Թարմ օդը ծովային ցայտուկների նման լայնացնում էր նրա կուրծքը, ուրախ քամին աղմկում էր նրա ականջներում. «Ի'մ զենքը, ի'մ վերմակները, ի'մ իրերը: Ոչ ոքի չեմ տալիս, փոխարինաբար էլ չեմ տալիս ու չեմ էլ վաճառում դրանք. վե'րջ»:
Այլևս ոչինչ չասաց Բալուն, չասաց ու գնաց:
Գնաց Բալուն: Նայեց երկնքին. աստղեր կային այնտեղ և անծայրածիր ճանապարհը` Ծիրկաթինը: Երիտասարդ աստղերը ուրախ զրուցում էին, և նրանց աչքերը կկոցվում էին ծիծաղից:
«Գիշերին գիշերն է հաջորդում, ցերեկին` ցերեկը,-մտածում էր Բալուն.-բայց մի՞թե դա է բոլորը»:
Եվ ինքնաբերաբար, առանց բառերի, նրա միտքն եկավ այն կռահումը, թե հեռավոր աստղերի անլսելի զրույցն ու ամբողջ երկնքով մեկ ընկած արծաթե ճանապարհը կարող են մեկ ուրիշ բանով փոխել: Նա չգիտեր, թե ինչով և չէր մտածում դրա մասին: Նա միայն ինքն իրեն հարցնում էր. «Մի՞թե դա է բոլորը»:
Ու ոչ այն է` քամին զգաց, ոչ այն է` լռությունը նրան անհանգստացրեց. ինքն էլ չիմացավ, միայն թե նրա ձեռքերն սկսեցին ծառերի կեղև հավաքել:
Բալուն կեղև հավաքեց, ընտրեց մի բլրակ և այն բլրակի վրա մի փոքրիկ խրճիթ շինեց: Երբ խրճիթն արդեն պատրաստ էր, Բալուն մտավ ներս ու նստեց: Նա գոհ էր խրճիթի մեջ. ու տաք էր նրա համար ր հանգիստ: Նա զգաց, որ խելացի է վարվել: Ու մտածեց նա. «Ի~նչ լավ է»:
Իսկ այդ ժամանակ սկսվեց անձրևը: Տեղատարափ մի անձրև եկավ. Թափվում էր, ինչպես ջուրը դդումի մեծ շշից: Թափվում էր, ինչպես ջրվեժ :
Թափվում էր առանց դադարելու, գիշեր գիշերվա հետևից, ցերեկ` ցերեկվա...
Բալուն նստել էր իր խրճիթում: Նա իրեն իմաստուն էր զգում, նա խրճիթ էր շինել: Նրա համար տաք էր այդտեղ ու հանգիստ, իսկ չորս կողմը ջուր էր:
Հապա Իբիս Մուրեգու՞ն: Նրա մաբողջ զենքը ջուրը քշեց տարավ, նրա բոլոր վերմակները փտեցին ջրի մեջ, նրա բոլոր իրերը հեղեղի բերանն ընկան ու փտեցին ջրում, բոլոր իրերը, որոնք նա ուրիշին չէր տալիս, փոխարինաբար չէր տալիս և չէր վաճառում: Բոլորը փտեցին ու ջուրն ընկան, և ջուրը քշեց տարավ: Ոչնչացան բոլոր իրերը:
Իսկ Բալուն նստել էր իր խրճիթում, հսկայական երկրի մեջտեղը. Ասես երկնքի սև անհունի մեջտեղը և մտածում էր, մտածում, մտածում. «Մի՞թե սա է բոլորը, գիշերին հաջորդում է գիշերը, ցերեկին` ցերեկը... Մեկը ասեղին օպոսումի ջլերից հյուսված թել է հագցնում, մյուսը խրճիթ է շինում... Մի՞թե սա է բոլորը»:
Թարգ.. Թամարա Ահարոնյան

1Իբիս – երկարաոտ թռչուն է. Ապրում է տաք երկրներում:
2Բումերանգ – ավստրալական փայտե կեռ զենք, որն ինքն է վերադառնում նետողի մոտ:
3Օպոսում – պարկամուկ:
4Էմու – ջայլամանման թռչուն հարավային Ավստրալիայում:

вторник, 26 апреля 2011 г.

Բազեն և բուն (ղրղզական հեքիաթ)





Լինում է չի լինում, մի բու է լինում: Օրերից մի օր այդ բուն հիվանդանում է և իր բնից չի կարողանում դուրս գալ, որ գոնե ուտելու մի բան ճարի: Այդ ժամանակ բուն դիմում է բազեին.
_Բազե, ա'յ բազե, ինձ մի բարություն արա, օգնիր, որ սովից չմեռնեմ:
Բազեն համաձայնում է: Նա կերակրում է հիվանդ բվին, բուժում:
Անցնում է որոշ ժամանակ և բուն լավանում է:
Ու նրանք որոշում են միասին ապրել, միասին որսի գնալ: Ինչպես որոշում են, այդպես էլ անում են: Վեր են կենում ու միասին որսի գնում, բայց ոչինչ բռնել չեն կարողանում: Հենց այստեղ էլ բուի մտքով մի չար բան է անցնում: Նա բազեին ասում է.
_Ես սոված եմ և քեզ պիտի ուտեմ:
_Ո՞նց թե ինձ,-զարմանում է բազեն:-Չէ՞ որ քեզ խնամեցի, երբ հիվանդ էիր, մահվան դռնից ետ բերեցի: Հիմա իմ արած լավությանը վատությա՞մբ ես պատասխանում:
Լավության դիմաց լավություն անելը էշերի ու մեկ էլ հիմարների գործն է,-ասում է բուն:_Ի՞նչ է, չգիտե՞ս, որ մարդ մենակ իր մասին պիտի մտածի:
Այս ասելով, բուն պատրաստվում է հարձակվել բազեի վրա: Զայրանում է բազեն, քարի պես երկինք է ելնում, հետո բացում է թևերը, ցած սլանում և մագիլները խրում երախտամոռ բվի մարմինը: Բուն գետին է գլորվում, ու անմիջապես էլ շունչը փչում է:

Թարգմ. Էդուարդ Ավագյանի

понедельник, 25 апреля 2011 г.

ԱԹԱԲԵԿ ԽՆԿՈՅԱՆ / Նապաստակի վախը

_Ա'յ նապաստակ.
Ի՞նչ ես փախչում
Դու սրտաճաք,-
Հարցրին ճամփին:


_Բա լուր չունե՞ք
Դուք աշխարհքից,
Ինչքան ուղտ կա
Պիտի պայտեն,-
Պատասխանեց
Նապաստակը:


_Հոգիդ սիրես`
Թող կատակը.
Ո՞ւղտ ես, ի՞նչ է,
Որ քեզ պայտեն:


_Հարցնողն ո՞վ է.
Հլա առաջ
Մի կպայտեն,
Գնա ու դու
Նրանից դեն
Նոր հաստատի,
Որ դու ուղտ չես:

ՌԱԴԳՈՇՉ ՍԱՐԻ ՀԵՔԻԱԹԸ (չեխական հեքիաթ)

Մի անգամ մի մարդ ինձ էսպիսի բան պատմեց.
_Երբ ես ձիեր էի արածացնում Ռոդգոշչ սարում, մոտս եկավ ծերունի Վացուլկան, նա, որ ջահել տարներին ոչխար էր պահում սարերում: Եկավ ու ասում է.
_Այ էս հորից, տղաս, մի անգամ հովիվները մի կիսամեռ մարդ հանեցին:
_Քեռի,- ասում եմ,- պատմիր, թե ինչպես եղել:
_Լավ,- ասում է,- ուրեմն, բանն էսպես է եղել. Տրոյանովիցում մի մարդ էր ապրում. Նրա քողտիկը հենց Միաշի փեշին էր: Օրերից մի օր մի կախարդ է հյուր գալիս, գիշերը մնում է նրա տանը ու ասում է.
-Դու գիտե՞ս, որ Ռադգոշչ սարում մի ջրհոր կա, խաչի մոտ: Ինձ տար էնտեղ, ես քեզ լավ կվարձատրեմ:
Կախարդը լավ վարձ է խոստանում, գյուղացին համաձայնում է ու տանում նրան: Հասնում են խաչի մոտ, հենց էն ժամանակ, երբ արևը նոր էր դուրս գալիս, ու մոտենում են ջրհորին: Էստեղ կախարդը մի քանի քայլ չափում է, հագից գցում է բաճկոնը, գրպանից մի գիրք է հանում, մի ճիպոտ, չոքում է ու սկսում աղոթել: Աղոթքը վերջացնելուց հետո ճիպոտով խփում է գետնին: Գետինը իսկույն պատռվում է ու մի հսկայական անձավ է բացվում: Էդ անձավը ամբողջապես ծածկված է լինում սառցալուլաներով: Կախարդը մտնում է անձավ, սկսում է էդ սառցալուլաները ջարդել ու լցնել իր պարկը, իսկ գյուղացին նստում է վերևում ու նայում: Կախարդը ներքևից ձեն է տալիս.
_Ցած իջիր,-ասում է,-քեզ համար էլ հավաքիր:
Գյուղացին իջնում է ու մի մեծ սառցալուլա կոտրում, որ ետդարձի ճամփին գավազանի տեղ օգտագործի: Կախարդը հավաքում է, ինչքան որ կարողանում է, դուրս է գալիս անձավից, ճիպոտով երեք անգամ խփում է գետնին, գետինը փակվում է, գյուղացու վարձը տալիս է ու թողնում գնում:
Գյուղացին տուն է գալիս ու սառցալուլան դնում է լուսամուտի գոգը: Մեկ էլ գալիս է հարևանը, տեսնում է սառցալուլան ու հարցնում.
_Էս գավազանը որտեղի՞ց:
Սա ճիշտ-ճիշտ պատմում է, թե որտեղից ու ինչպես է ճարել:
Հարևանն ասում է.
_Ինձ թվում է, սա արծաթ է: Արի կլինի տար ոսկերիչի մոտ, թե որ արծաթ եղավ, նա քեզ լավ գին կտա:
Ոսկերիչը տեսնում է, որ անփորձ մարդու հետ գործ ունի, հարյուր ոսկի է տալիս նրան: Գյուղացին, էդքան շատ փողը տեսնելով, շշմում է, լեզուն կապ է ընկնում ու չի կարողանում մի խոսք ասի: Վարպետը մտածում է. «Կա-չկա քիչ է», ու հարյուր ոսկի էլ է ավելացնում: Գյուղացին փողը վերցնում է ու ետ է դառնում, գալիս է տուն: Տանը կնոջն ասում է.
_Թե որ էն մարդը մեկ էլ գա, էս լուլաներից մի լիքը պարկ հավաքելու եմ:
Անցնում է մի տարի, կախարդը նորից է հայտնվում, էլի գիշերը մնում է նրա տանը: Գյուղացին լավ պատիվ է տալիս նրան ու խնդրում է.
_Ինձ էլ տար քեզ հետ:
Առավոտ շուտ, լուսումութին գյուղացին վերցնում է պարկը ու կախարդի հետ գնում է Ռադգոշչ: Հենց որ տեղ են հասնում, կախարդը էլի նույն բաներն է անում, ինչ առաջին անգամ: Գետինը ճեղքվում է, ու նրանք իջնում են անձավ: Էս անգամ գյուղացին էլ չի սպասում, որ խնդրեն. Լուլաները կոտրում է ու լցնում իր պարկը: Կախարդը հավաքում է, ինչքան որ կարող է, դուրս է գալիս անձավից ու ձեն տալիս գյուղացուն.
_Դուրս արի:
Գյուղացին ուշք չի դարձնում, շարունակում է իր գործը: Երկրորդ անգամ է ձեն տալիս, էլի նույնը, կանչում է երրորդ անգամ, գյուղացին դուրս չի գալիս: Կախարդը մի քիչ էլ է սպասում, հետո ճիպոտով խփում է գետնին, գետինը փակվում է, գյուղացին մնում է անձավում:
Անձավը մթնում է: Գյուղացին ուշքի է գալիս ու գլխի է ընկնում, որ կախարդն իրեն գետնի տակ է թողել: Ափլփելով դեսուդեն է ընկնում, մի քանի ճամփա է գտնում, ընտրում է դրանցից ամենամեծն ու սողեսող առաջ գնում: Արծաթով լի պարկը ստիպված թողնում է անձավում: Ճարն ինչ: Պարզ է, թե մթության մեջ ինչ դժվարություններ է քաշում անձավից դուրս գալու համար: Նա կախարդի ետևից անձավ էր մտել դեռ արևածագին, իսկ երբ արևն սկսում է մայր մտնել, հովիվները ոչխարը քշում են դեպի Փոքր Վոլարժկա, փարախները: Էստեղ հանկարծ լսում են, որ մեկը աղոթում է աստծուն ու օգնություն կանչում: Փնտրում են, փնտրում, որտեղից է ձենը գալիս, վերջապես նրան գտնում են էս փոսի մեջ: Սոճին կտրում են ու իջեցնում փոսը: Ձախորդ գյուղացին հալից ընկած, շորերը պատառոտված, սոճուց բռնելով մի կերպ դուրս է գալիս փոսից ու ազատվում:



Թարգ. Շավարշ Գրիգորյանի

воскресенье, 24 апреля 2011 г.

ԷՄԻՐ ՄՈՒԱՎԻԱՆ ՈՒ ՋՐԱՂԱՑՊԱՆԸ (Ալժիրյան հեքիաթ)

Մի անգամ Էմիր Մուավիան կանգ առավ ջրաղացի դռանը: Նա տեսավ, թե ինչպես է ավանակը շրջանաձև քայլում և պտտեցնում ալրաղացի անիվը: Ավանակի վզից զանգակ էր կախված:
Էմիրը հարցրեց ջրաղացապանին.
_Ինչո՞ւ ես ավանակի վզից զանգակ կախել:
Ջրաղացպանը պատասխանեց.
_Գիտե՞ս ինչ կա, եթե ես պատահաբար ննջեմ, իսկ ավանակը կանգ առնի, զանգակը չի զնգզնգա: Ես էլ կիմանամ, որ ավանակը կանգնել է, կբղավեմ, և կենդանին նորից կպտտվի աղացի շուրջը:
Այն ժամանակ Էմիրն ասաց նրան.
_Իսկ եթե ավանակը կանգ առնի և գլուխը թափահարի, դու կլսե՞ս զանգակի զնգոցը, թեկուզ և ավանակն իր տեղում կանգնած լինի:
_Ո՛վ, տեր իմ, ախր ես որտեղի՞ց այնպիսի ավանակ ճարեմ, որ քո խելքից ունենա,-պատասխանում է ջրաղացպանը:

Աթաբեկ Խնկոյան (Խնկո-Ապեր) / Մկների ժողովը

Սով էր, սով էր Մկստան
Կատվի ձեռից լկստան:
Գզիրն ընկավ դռնեդուռ,
Էլ չթողեց տուն-կտուր,
Ջահել, ահել գեղովի,
Ջոջերին ջոկ տեղովի
Կանչեց, բերեց ժողովի`
Թե ինչ անեն, որ կատվեն
Մի հնարքով ազատվեն:
Եկան գյուղի ջոջերը,
Երկար բարակ պոչերը,
Մասնակցեցին խորհրդին,
Մի մուկ խոսեց իր հերթին.
- Լսե'ք, մկնե'ր ցեղակից,
Չունեմ որդի, կողակից,
Ես մի անտեր ծերուկ եմ,
Բայց պատվավոր մի մուկ եմ.
Պակսեց ուժը իմ ոտի,
Պետք է մեռնեմ անոթի...
Սովն է չոքել դռանը,
Ա~խ, մռռանը, մռռանը,
Վեր է ընկել մառանը,
Ինչքան ասես նազ անի,
Ստից սատկի, տազ անի,
Մուկ տեսնելիս վազ անի,
Գլխից բռնի, կախ անի,
Թաթովը տա, խաղ անի,
Ուտի, քեֆը չաղ անի,
Էսպես զուլում ու կրակ,
Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:
Բայց թե ազնիվ մեր ցեղը
Կորչելու չէ զուր տեղը,
Ցավն էլ ունի իր դեղը...
Ա~յ, բերել եմ ես մի զանգ,
Ծափ, ծլնգոց,
Մեջը զնգոց.
Կատվի վզից մենք կախ տանք,
Որ ինչքան էլ օրորա,
Որ ինչքան էլ շորորա,
Ստից սատկի, տազ անի,
Գալն իմանանք գազանի:
Է', զանգը ո՞վ կախ անի.
- Ալո, դո'ւ:
- Ալո՞ն տանի:
- Բալո, դո'ւ:
- Բալո՞ն կախե:
- Չալո, դո'ւ:
- Չալոն կա'ղ է:
- Մստո, դո'ւ:
- Մստոն կարճ է:
- Փոստո, դո'ւ:
- Էդ էլ խի՞ղճ է:
- Համբո, դո'ւ:
- Ես տկար եմ
- Չամբո, դո'ւ:
- Ասենք տարա,
Բա որ կատուն գա ինձ վրա՞:
- Բստոն, Խտոն թող մեկից
Բռնեն կատվի քամակից:
- Ի՞նչ է խոսում չոր գանգը,
Լավ է դու տար էդ զանգը,
Էլ ի՛նչ Բտո, ի՛նչ Ֆստան,-
Ճստաց Բստոն ճստճստան:
- Լռի, հանդուգն,
Կոտորվե'ք դուք,
Վախկոտներիդ ես թաղեմ,
Ճա՞ռ ասեմ, թե՞ զանգ կախեմ,-
Գոչեց ջոջը,
Քաշեց պոչը:

ԱՆՐԻ ՊՈՒՐՐԱ / ԵՐԵՔ ԱՂԲՅՈՒՐԻ ՀԵՔԻԱԹԸ

Կար-չկար մի խեղճ այրի կին կար, որն ուներ երեք որդի: Այդ կինը ծեր էր ու հիվանդ և առանց ցուպի չէր կարողանում քայլեր:
- Խե'ղճ փոքրիկներ,- ասում էր նա,- մեզ մի ավանակ է պետք, որ դաշտում աշխատելիս օգնի:
- Մայրի'կ,- ասում է ավագ եղբայրը,- դրանից էլ հեշտ բան: Ինձ համար մի բլիթ պատրաստիր, և ես կգնամ տոնավաճառ` ավանակ բերելու:
Նրանք ապրում էին սև հացով և սառը ջրով, բայց մայրը նրա համար բլիթ պատրաստում է: Հաջորդ օրը` առավոտյան, ավագ եղբայրը բլիթը գրպանում մեկնում է:
Տոնավաճառի ճանապարհին հանդիպում է մի աքաղաղի.
- Բա'րև, աքլո'ր: Ես գնում եմ տոնավաճառից իմ մոր համար ավանակ գնելու: Վերցրու' իմ բլիթից մի պատառ:
Նա հաջողության համար նրան տալիս է մի պատառ և շարունակում ճանապարհը: Հասնում է տոնավաճառ, ընտրում է մի լավ ու ուժեղ ավանակ և գնում այն: Այնուհետև բռնում է տունդարձի ճանապարհը:
Ճանապարհին նա գտնում է մի աղբյուր` այնքան ջինջ, այնքան թափանցիկ, որ երևում է նրա հատակի ամեն մի քարը: Ավանակը ծարավ էր և ձգում է իր սանձը: «Քանի որ ծարավ ես, քեզ պետք է ջուր տալ»: Եվ տղան նրան թողնում է ջրի մոտ: Բայց հազիվ էր ավանակը դիպչել ջրին, երբ սկսում է ցատկոտել, պարել այնքան ժամանակ, որ սանձը թուլանում և փախնում է:
Տղան մոր մոտ է վերադառնում առանց ավանակի:
-Խե'ղճ մայր, ես բերում էի մի գեղեցիկ և ուժեղ ավանակ: Բայց այդ ավանակը մի աղբյուր տեսավ , և երբ ջուր խմեց, անհետացավ:
Երեք օր հետո միջնեկ եղբայրը ասում է մորը.
- Մայրի'կ, ինձ համար նույնպես բլիթ պատրաստիր: Ես ուզում եմ գնալ տոնավաճառ` ավանակ բերելու:
Մայրը բլիթ է պատրաստում, և միջնեկ որդին մեկնում է տոնավաճառ:
Ճանապարհին, ինչպես իր եղբայրը, հանդիպում է աքաղաղին.
- Բար'և, աքաղա'ղ: Ես գնում եմ տոնավաճառ` իմ մոր համար ավանակ գնելու: Վերցրու իմ բլիթի կեսը,- և տալիս է իր բլիթի կեսը:
Նա հասնում է տոնավաճառ, գնում է ավանակը, անցկացնում է սանձը և բռնում տունդարձի ճանապարհ:
Աղբյուրը երևում է, ավանակը ձգում է սանձը` ջուր խմելու համար: Բայց տղան սանձը քաշում է այնքան ուժեղ, որ ավանակը չի մոտենում ջրին:
Մի փոքր ավելի հեռու, սակայն, նրանք գտնում են մեկ այլ աղբյուր` ավելի ջինջ, քան առաջինը: Ավանակն այս անգամ ավելի ուժեղ է քաշում սանձը և մոտենում է ջրին: Բայց հազիվ է դիպչում ջրին, անհետանում է:
Տղան ամբողջովին ամոթահար վերադառնում է տուն:
- Խե'ղճ մայր, ես մի սիրուն ավանակ էի բերում: Այն անցավ առաջին աղբյուրը, իսկ երկրորդում չկարողացա նրան պահել, իսկ երբ ջուր խմեց, նրան այլևս չտեսա:
Երեք օր հետո կրտսեր եղբայրը ասում է մորը.
- Խե'ղճ մայր, ինձ համար նույնպես մի բլիթ պատրաստիր: Ես կգնամ տոնավաճառ և մի ավանակ կբերում:
- Խե'ղճ փոքրիկ, դու այնքա~ն թույլ ես...
- Ինձ համար էլ բլիթ պատրաստիր:
Եվ երրորդ տղան բլիթը գրպանում գնում է ավանակ գնելու:
Տոնավաճառ չհասած` նրան նույնպես հանդիպում է մի աքաղաղ:
- Աքաղա'ղ, բա'րև: Ես գնում եմ տոնավաճառ` մորս համար ավանակ գնելու: Վերցրու', խնդրում եմ, իմ ամբողջ բլիթը:
Հասնում է տոնավաճառ, մի լավ ավանակ է գնում, անցկացնում սանձը և բռնում տունդարձի ճանապարհը:
Առաջին աղբյուրի մոտ ավանակը սանձը ձգում է և ուզում է ջուր խմելու գնալ: Բայց տղան շատ ուժեղ քաշում է սանձը, և ավանակը առանց կանգնելու առաջ է անցնում:
Երկրորդ աղբյուրի մոտ ավանակը սկսում է ոստոստել, բայց տղան սանձը ձգում է այնքան ուժեղ, որ ավանակը շարունակում է ճանապարհը:
Հանդիպում են երրորդ աղբյուրին, որը կրկին շատ ջինջ էր: Այս անգամ էլ տղան շատ ուժեղ քաշում է սանձը: Ավանակը այս ջրի առջևով էլ անցնում է առանց դիպչելու և շարունակում ճանապարհը մինչև տուն:
Մայրը, որը նստած էր պատուհանի մոտ, տեսնելով որդուն, անակնկալի է գալիս և ասում.
- Խե'ղճ փոքրիկ, ի՞նչ արեցիր դու, որ քո եղբայրները չկարողացան անել:
- Մայրի'կ, ես իմ ամբողջ բլիթը տվեցի աքաղաղին` ինձ ոչինչ չթողնելով, իսկ աղբյուրներն այնքան ջինջ էին, որ չէի ուզում ավանակն այն պղտորեր:

Ֆրանսերենից թարգմանեց` Աշոտ Գաբրիելյանը

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՊԻԿՆԵՐ ԱՌԱՋԱՑԱՆ (Ֆիլիպինյան հեքիաթ)

Կար ժամանակ , երբ մի դաժան ու չար թագավոր էր ապրում: Թագուհին նույնպես չար էր: Հպատակներն ատում էին իրենց թագավորին ու թագուհուն, բայց չէին համարձակվում ցույց տալ իրենց իսկական վերաբերմունքը, ձևացնում էին, թե իբր շատ են հարգում նրանց: Թագավորն ու թագուհին հարուստ էին: Թագավորը սիրում էր համեղ կերակուրներ ուտել ու զվարճանալ: Նա ու թագուհին հաճախ էին խնջույքներ կազմակերպում, հրավիրում իրենց մարդկանց:
Մի անգամ թագավորական պալատում ամբողջ օրը խրախճանք էր: Այգում երեք մեծ սեղան էր բացված, որոնց շուրջ նստած էին հյուրերը: Նրանք ուտւոմ-խմում էին և ուրախ զրուցում տանտերերի հետ: Հանկարծ սեղաններից մեկին մի ցնցոտիավոր պառավ մոտեցավ և ողորմություն խնդրեց: Հյուրերը պառավին վռնդեցին: Պառավը մոտեցավ մյուս սեղանին, բայց այնտեղ էլ նրան մերժեցին ու վռնդեցին:
Վերջապես, պառավը մոտեցավ թագավորի ու թագուհու սեղանին:
_ Խղճացեք ինձ,- ասաց պառավը,- ուտելու մի բան տվեք, շատ սոված եմ:
Բայց թագուհին նույնպես պառավին հրեց ու ասաց.
_ Հեռացի'ր, այս խնջույքը ազնվական մարդկանց համար է, ո~չ թե քեզ նման մուրացկանի:
Հյուրերը հռհռացին և սկսեցին մուրացկան պառավի վրա դանակներ շպրտել: Թագավորը նույնպես ծիծաղեց:
_ Հապա,- ասաց նա,- եկեք տեսնենք, թե մեզանից ով կկարողանա դանակը շպրտել պառավի գլխին: Ում դանակը դիպչի նրա գագաթին ինձնից պարգև կստանա:
Պառավը շփոթվեց, ոչ ոք չցանկացավ պաշտպանել նրան: Եվ հանկարծ զվարճության ամենաթեժ պահին, այնտեղ որտեղ պառավն էր կանգնած, շլացուցիչ լույս բռնկվեց, պառավը չքացավ, իսկ նրա տեղը սպիտակ շրջազգեստով մի կին հայտնվեց:
Խրախճանքի մասնակիցները սարսափից քարացան:
_ Դուք դաժան և ագահ մարդիկ եք,- խստությամբ ասաց կինը:_ Քանի որ ձեզնից ոչ մեկի մեջ մարդկային բարություն չկա, այդ պատճառով էլ դուք կվերածվեք մարդկային դեմքերով գազանների:
Կինը հենց որ այդ ասաց, խրախճանքի մասնակիցների շպրտած դանակները ետ թռան, կպան նրանց ետևներին ու պոչեր դարձան: Նրանց գեղեցիկ հագուստները փոխվեցին երկար բրդերի, իսկ ձեռքերը երկարեցին: Երբ նրանք փորձեցին խոսել, բառերի փոխարեն անմիտ ճվճվոցներ լսվեցին:
Նրանք շատ ամաչեցին իրենց տեսքից և փախան անտառ, որտեղ մինչև օրս էլ ապրում են: Ահա թե որտեղից առաջացան առաջին կապիկները:

Թարգմ. Դ. Սարիբեկյանի

Յուրի Սահակյան / Արագիլ


Կարծրակտու՛ց իմ հորեխպեր,
Գարուն՛ բերող իմ հորեխպեր,
Ամեն անգամ մեր կողմ գալիս
Քեզ հետ միայն կանաչ ճյուղ բեր:
Դավ չբերես քո հեռվից,
Ցավ չբերես քո հեռվից...
Թե մեր տունը ավերվեց`
Քոնն էլ հետը կավերվի: