среда, 27 апреля 2011 г.

Բոքոնիկը (ռուսական հեքիաթ)

Մի ծերուկ էր ապրում իր պառավ կնոջ հետ:
Մի օր ծերուկն ասավ:
_Պառավ, մի բոքոնիկ թխիր:
_Ինչո՞վ թխեմ, ալյուր չկա:
_Է՛, պառավ, դու էլ կողովի տակը քերի, ամբարը ավլի, ալյուր դուրս կգա:
Պառավն էլ վերցրեց կողովը քերեց, ամբարը ավլեց, եղած-չեղածը երկու բուռ ալյուր դուրս եկավ: Կաթի սերով հունցեց, յուղով թխեց, դրեց պատուհանի գոգին, որ սառչի:
Բոքոնիկն էլ մնաց-մնաց` մեկ էլ հանկարծ ցած գլորվեց պատուհանից նստարանին, նստարանից հատակին, հետո հասավ դռանը, դռնից աստիճաններին, աստիճաններով բակ, բակի դարբասից դուրս ու այդպես գնա՛ց, գնա՛ց:
Ճանապարհով գլորվում է, դեմն է գալիս նապաստակը:
_Բոքոնիկ, բոքոնիկ, ես քեզ կուտեմ:
_Ինձ մի ուտի շլդիկ-նապաստակ, ես քեզ համար երգ կասեմ,- ասաց բոքոնիկն ու երգեց.

Տաշտակից են ինձ քերել,
Ամբարից են ինձ ավլել,
Կաթնասերով են հունցել
Ու կարագով ինձ թխել,
Հետո դրել են սառչեմ...
Ես փախել եմ պապիկից,
Ես փախել եմ տատիկից,
Շլդիկ, հո ես վախկոտ չեմ,
Քեզանից էլ կփախչեմ...

Ու գլորվեց առաջ: Էն տեսնելն էր, որ տեսավ: Գլորվում է, գլորվում, դեմն է գալիս գայլը.
_Բոքոնիկ, բոքոնիկ, ես քեզ կուտեմ:
_Ինձ մի ուտի գորշ գայլ, ես քեզ համար երգ կասեմ:

Տաշտակից են ինձ քերել,
Ամբարից են ինձ ավլել,
Կաթնասերով են հունցել
Ու կարագով ինձ թխել,
Հետո դրել են սառչեմ...
Ես փախել եմ պապիկից,
Ես փախել եմ տատիկից,
Ես փախել եմ շլդիկից,
Գորշ գայլ, հո ես վախկոտ չեմ,
Քեզանից էլ կփախչեմ...

Ու գլորվեց առաջ, էն տեսնելն էր, որ տեսավ:
Գլորվում է, գլորվում, դեմն է գալիս արջը.
_Բոքոնիկ-բոքոնիկ, ես քեզ կուտեմ:
_Այ ծուռթաթ, դու ինձ ո՞նց կուտես.

Տաշտակից են ինձ քերել,
Ամբարից են ինձ ավլել,
Կաթնասերով են հունցել
Ու կարագով ինձ թխել,
Հետո դրել են սառչեմ...
Ես փախել եմ պապիկից,
Ես փախել եմ տատիկից,
Ես փախել եմ շլդիկից,
Ես փախել եմ գայլուկից
Ծուռթաթ, հո ես վախկոտ չեմ,
Քեզանից էլ կփախչեմ...

Ու գլորվեց առաջ, էն տեսնելն էր, որ տեսավ:
Գլորվում է, գլորվում, դեմն է գալիս աղվեսը:
_Բարև, բոքոնիկ, ինչքան լավն ես:
Բոքոնիկն էլ երգեց.

Տաշտակից են ինձ քերել,
Ամբարից են ինձ ավլել,
Կաթնասերով են հունցել
Ու կարագով ինձ թխել,
Հետո դրել են սառչեմ...
Ես փախել եմ պապիկից,
Ես փախել եմ տատիկից,
Ես փախել եմ շլդիկից,
Ես փախել եմ գայլուկից
Ես փախել եմ արջուկից
Աղվես, հո ես վախկոտ չեմ,
Քեզանից էլ կփախչեմ...

-Էս ինչ լավ երգ է,-ասում է աղվեսը,-ափսոս ծերացել եմ, բոքոնիկ, ծանր եմ լսում, նստիր դնչիս, երգդ կրկնիր:
Բոքոնիկը նստեց աղվեսի դնչին ու նորից երգեց:
_Ապրես, բոքոնիկ, շատ լավ երգ էր, մի անգամ էլ կուզեի լսել: Արի լեզվիս վրա նստիր ու ավելի ուժեղ երգիր,-ասաց աղվեսն ու լեզուն հանեցԼ
Էս հիմարիկ բոքոնիկն էլ թռավ աղվեսի լեզվին թե չէ աղվեսը համփ արեց ու կերավ:

Թարգմ. Անուշ Սեդրակյան
Ալեքսանդր Աֆանասևի ժողովածուից

Комментариев нет:

Отправить комментарий