суббота, 30 апреля 2011 г.

ՓՂԻ ՀՅՈՒՐ ՆԱՊԱՍՏԱԿԸ (ռոդեզիական հեքիաթ)

Փիղը մտքին դրեց խնջույք սարքել: Գարեջուր եփեց կանչեց կենդանիներին և ասաց.
_ Այս գարեջուրը ես պետք է հյուրասիրեմ միայն եղջյուրավորներին, իսկ անկոտոշները թող հեռու մնան:
Բոլոր կենդանիները վախենում էին փղից, հնազանդվում էին նրան, իսկ նապաստակը մտածեց. «Լավ գարեջուր ունի առաջնորդը, ո՞նց անեմ, որ դրա համը տեսնեմ»:
Եվ որոշեց խաբել փղին. թաքնվեց թփերի մեջ ու սկսեց սպասել ջահել եղջերուին: Երբ սա անցնում էր թփերի կողքով, նապաստակը թռավ նրա մեջքին, իսկույն կտրեց եղջյուրները և սոսնձով կպցրեց իր գլխին:
Եվ նապաստակը համարձակ ճանապարհվեց փղի մոտ` հյուրասիրության:
Երբ փիղը տեսավ նապաստակին, զարմացավ, բայց ասաց.
_ Ամենալավ եղջյուրները նապաստակին են: Հարգա'նք ու պատիվ նրան. թող նա' լցնի գարեջուրը:
Մյուս կենդանիները ևս սկսեցին գովաբանել նապաստակի եղջյուրները. Իսկ նապաստակն սկսեց լցնել գարեջուրը, և ագահություն անելով, իր բաժակում բոլորից շատ լցրեց:
Այնքան շատ գարեջուր խմեց նա, որ հարբեց, հարբեց այդ եղջյուրավոր նապաստակը:
Այդ ժամանակ հանկարծ փղի մոտ հյուրասիրության եկավ ծեր եղջերուն:
Նապաստակը հարցրեց նրան.
_ Ինչո՞ւ ես այդպես ուշ գալիս, մի՞թե դու անկոտոշ ես:
_ Ես եկել եմ տեսնելու թե ինչպես ես դու գարեջուր խմում,- պատասխանեց ծեր եղջերուն ու նստեց մի կողմ:
Հետո կամացուկ թեքվեց, նապաստակի ականջին շշուկով ասաց.
_Ինչ որ սոսնձով է կպչում, պոկվում է:
Բոլոր հյուրերը տեսան, որ եղջերուն ինչ-որ բան ասաց. սկսեցին հարցնել նապաստակին , թե ի՞նչ շշնջաց եղջերուն:
Նապաստակը ծիծաղեց ու ասաց.
_ Արժե՞ միթե ուշադրություն դարձնել նրա վրա: Ծեր եղջերուն այնքան է կերել խնջույքում, որ դատարկ բաներ է դուրս տալիս:
Լսելով այս խոսքը, ծեր եղջերուն նորից ասաց, բայց արդեն բարձրաձայն.
_ Ինչ որ սոսնձով է կպչում, պոկվում է:
Նապաստակը տեսավ, որ բոլորն իրեն են նայում, վախեցավ, դողդողաց իսկ եղջյուրները դրանից պոկվեցին ու ընկան գետին:
Վեր թռավ նապաստակն ու որքան ուժ կար ոտքերում, փախավ:

Թարգմ. Թամարա Ահարոնյան

Комментариев нет:

Отправить комментарий