пятница, 23 августа 2013 г.

ՀԵՔԻԱԹ ԱՔԼՈՐԻ ՄԱՍԻՆ (ֆրանսիական ժող. հեքիաթ)



Շատ տարիներ առաջ մի ծեր աքլոր ունեինք, նա էր բոլոր հավերին տանում անտառ ու դաշտ։ Մի անգամ, երբ նրանք քչփորում էին տերևների տակի հողը, աքլորը գտավ ոսկե ու արծաթե դրամներով լիքը մի քսակ։ Աքլորը վերցրեց քսակն ու եկավ տուն։ Նա քայլում էր ու, երջանկությունից իրեն կորցրած, երգում կոկորդով մեկ։
Այդ գյուղում ապրում էր դ'Արգլան անունով մի պարոն։
Նա ասաց.
Ինձ ցույց կտա՞ս քսակը, աքլոր։
Վերցնելով քսակը, նա այլևս չի մտածում այն վերա­դարձնել ու տանում է իր տունը։ Այդ ժամանակ աքլորը եր­գում է.

Պարոն դ'Արգլան, տուր ինձ հարստությունս։
Վերադարձրու ոսկիներս ու արծաթներս։

Պարոն դ'Արգլանը ոչինչ չի վերադարձնում։ Աքլորն ավելի բարձր է երգում։ Պարոն դ'Արգլանը զայրանում է ու ասում.
Դե, սպասիր, հիմա կգամ քո հախից։ Գիշերը քեզ կգցեմ իմ ջորիների ախոռը, ու նրանք քեզ դաս կտան։
Աքլորը վախենում է ու ծլկում։ Ճանապարհին նրան հանդիպում է գայլը։
Բարև, խնամի,— ասում է աքլորը։
Բարև, խնամի,— պատասխանում է գայլը։Ո՞ւր ես գնում։
Ես գիտեմ, թե ուր եմ գնում։ Եթե ուզում ես ինձ հետ գալ, քեզ համով բան կուտեցնեմ։
Մե՜ծ ուրախությամբ,— ասում է գայլը։
Դե որ համաձայն ես,— ասում է աքլորը,— մտիր պարկիս մեջ։
Աքլորը ճանապարհը շարունակում է։ Շուտով նա հան­դիպում է աղվեսին։
Բարև, խնամի,— ասում է աքլորը։
Բարև, խնամի,— պատասխանում է աղվեսը,— էս ո՞ւր ես գնում։
Ես գիտեմ ուր եմ գնում։ Եթե ուզես ինձ հետ գալ, քեզ շատ համով բան կուտեցնեմ։
Աղվեսն անմիջապես սրում է ականջները։
Մե՜ծ ուրախությամբ,— ասում է նա։
Դե որ այդպես է, մտիր պարկիս մեջ,— ասում է աքլորը ու նորից է առաջ գնում։ Ճանապարհին նրան հանդիպում են մեղուներ ու բոռեր։
Եթե ուզում եք քեֆներդ ուզածի չափ խայթել, մտեք իմ պարկը։
Մեղուներն ու բոռերը չեն ստիպում իրենց խնդրել, աքլորը նրանց էլ է մտցնում պարկը։
Գնում է, գնում աքլորը ու հանդիպում է մի առվակի։
Ո՞ւր ես գնում, աքլոր,— հարցնում է նրան առվակը։
Ես գիտեմ, թե ուր եմ գնում,— պատասխանում է աքլորը։Պարոն դ'Արգլանը խլել է իմ ամբողջ հարստությունը, իմ արծաթն ու ոսկին, արի ինձ հետ, դու կօգնես ինձ։
Առվակը համաձայնվում է։ Աքլորը նրան էլ է մտցնում պարկի մեջ։
Աքլորը ետ է դառնում, թակում է պարոն դ'Արգլանի դուռը և երգում.

Պարոն դ'Արգլան, տուր ինձ հարստությունս։
Վերադարձրու ոսկրներս ու արծաթներս։

Դու սպասիր, ես քեզ կխելոքացնեմ,— ասում է պարոն դ'Արգլանը։
Երեկոյան կողմ նա իր ծառաներին հրամայում է բռնել աքլորին ու գցել ջորիների ախոռը։ «Վաղը առավոտյան նրանք կգան աքլորի հախից»,— մտածում է պարոն դ'Արգլանը:
Եվ ահա աքլորին փակում են ջորիների հետ միասին։ Ջորիները զայրանում էին, խփում սմբակներով։ Խեղճ աք­լորի սիրտն ահ է ընկնում, բայց ուշքն ու միտքը տեղն էր։ Վերջապես ջորիները հարձակվում են աքլորի վրա։ Այդ ժա­մանակ նա ասում է գայլին.
Դուրս արի պարկից, կրծիր դրանց բոլորին, կեր ինչքան կուզես։
Գայլը դուրս է թռչում պարկից, մեկը մյուսի ետևից հար­ձակվում բոլոր ջորիների վրա, ուտում նրանց, իսկ արյունը խմում։ Մի ակնթարթում ջորիների վերջը գալիս է։
Հաջորդ օրը, առավոտ վաղ պարոն դ'Արգլանը վեր է թռնում անկողնուց և վազում ախոռ, որ տեսնի՝ ջորիները սատկացրե՞լ են աքլորին։ Հենց որ դուռը բացում է, աքլորն առաջվա պես փքված դուրս է թռչում բակ ու երգում ողջ ձայնով.

Պարոն դ'Արգլան, տուր ինձ հարստությունս։
Վերադարձրու ոսկիներս ու արծաթներս։

«Ա՜յ քեզ բան,— մտածում է պարոն դ'Արգլանը,— ջո­րիները չկարողացան սրան սատկացնել»։ Նա մանում է ախոռ ու տեսնում, որ բոլոր ջորիները սատկած ընկած են։
Սա ի՜նչ օյին է,— գոռում է նա,— զզվեցրեց ինձ այդ չարաբաստիկ աքլորը։ Ես կհրամայեմ նրան նստեցնել սա­գերի թառին, ու թող սագերը լավ փետրահան անեն նրան։ Երեկոյան նա հրամայում է աքլորին փակել սագանոցում։ Սագերն իսկույն ֆշշում են նրա վրա։
Հեյ, աղվես, դուրս արի պարկից,— ասում է աքլո­րը։Խեղդիր դրանց բոլորին։ Կեր ինչքան ուզես։
Աղվեսը չի ստիպում իրեն խնդրել, ամբողջ գիշեր խեղ­դում է սագերին ու ճաշակում նրանց։
Պարոն դ'Արգլանը հազիվ է դիմանում մինչև լուսաբաց, չի համբերում, ուզում է իմանալ կենդանի՞ է արդյոք աքլորը։ Հենց որ նա բացում է սագանոցի դուռը, աքլորը դուրս է թռչում բակ ու երգում.

Պարոն դ'Արգլան, տուր ինձ հարստությունս։
Վերադարձրու ոսկիներս ու արծաթներս։

Սատանան տանի այդ աքլորին,— վախեցած ասում է դ'Արգլանը,— մի՞թե սագերիս հետ պատահել է նույնը, ինչ որ ջորիներիս։
Նա մտնում է սագանոց և տեսնում, որ բոլոր սագերը խեղդված ընկած են, շուրջը արյուն է և փետուրներ։
«Այս աքլորն իսկապես սատանա է,— մտածում է պարոն դ'Արգլանը,— բայց ոչինչ մենք նրա հախից կգանք։ Ես դրանում չեմ կասկածում»։
Այսօր,— ասում է նա աքլորին,— քեզ գիշերը կու­ղարկեմ աղջիկներիս մոտ։ Ո՜վ-ո՜վ, բայց նրանք հաստատ խեղդամահ կանեն քեզ։
Իսկ աքլորն ի պատասխան՝

Պարոն դ'Արգլան, տուր ինձ հարստությունս։
Վերադարձրու ոսկիներս ու արծաթներս։

Երբ մթնում է, պարոն դ'Արգլանն ասում է իր երեք աղջիկներին.
Աղջիկներս, վերցրեք այս աքլորին, նա կքնի ձեզ մոտ, աշխատեք խեղդել նրան։
Զգալով, որ աղջիկներն ուզում են իրեն խեղդել, աքլորը շշնջում է.
Մեղուներ, բոռեր, խայթեք որքան կարող եք շատ։
Առավոտյան, հենց որ սկսում է լուսանալ, պարոն դ'Արգլանը հայտնվում է, որ տեսնի՝ աքլորը սատկե՞լ է, թե չէ։ Իսկ աքլորը թռչում է նրա գլխավերևով ու երգում.

Պարոն դ'Արգլան, տուր ինձ հարստությունս։
Վերադարձրու ոսկիներս ու արծաթներս։

Պարոն դ'Արգլանը նայում է աղջիկներին՝ նրանք հազիվհազ շնչում էին և այնպես էին ուռել, որ ճանաչել հնա­րավոր չէր:
«Ի՞նչ անեմ,— մտածում է պարոն դ'Արգլանը,— պետք է, վերջապես, սատկացնել այս աքլորին։ Ահա թե ի՜նչ։ Ես կհրամայեմ վառել վառարանը և նրան կնստեցնեմ այնտեղ, այս անգամ արդեն նրա հախից կգամ, այլ ճար չկա»։
Երբ վառարանը կարմրում է, բռնում են աքլորին ու գցում կրակի մեջ։ Այդ ժամանակ աքլորն ասում է առվակին.
Դուրս արի պարկից։
Ու առվակն իսկույն հոսում է, իսկ վառարանը ծխնելույզի պես սևանում է։ Երբ պարոն դ'Արգլանը գալիս է ու բացում վառարանի դուռը, աքլորը դուրս է թռչում այնտեղից ու եր­գում.

Պարոն դ'Արգլան, տուր ինձ հարստությունս։
Վերադարձրու ոսկիներս ու արծաթներս։

Այդ ժամանակ պարոն դ'Արգլանը վերցնում է քսակը, գցում կղմինդրե տանիքին ու գոռում.
Ա՛ռ քո քսակը։ Այ թե վնաս տվեցիր ինձ։
Մեր աքլորը վերցնում է քսակն ու գալիս տուն, իր հա­վերի մոտ, ուրախությունից պար գալով։ Իսկ հավերը տես­նելով նրան՝ միաձայն կչկչում են։


Комментариев нет:

Отправить комментарий