Բազեիկը թռչուն չէ, այլ սովորական մի երեխա, արագաշարժ, փոքրիկ ոտքերով, կեղտոտված դեմքով և փափուկ, վուշի նման փայլուն, շեկլիկ մազերով։ Գարնանը լրացավ նրա հինգ տարին, և սա արդեն բավական նշանակալից մի հասակ էր։ Նրա իսկական անունը Յանիս էր, և ոչ թե Բազեիկ, հայրն էր նրան այդպես կանչում։
Ծովից տուն վերադառնալիս, նա հանում էր ձկնորսական ծանր կոշիկները, ամեն անգամ որդուն րոպեաչափ նստեցնում իր ծնկներին, որոնցից ձկան և ջրիմուռի հոտ էր գալիս։ Նույն հոտը գալիս էր նաև նրա ձեռքերից ու կոշիկներից, ուռկանից, ձկնորսական սև նավակից և նրանց սենյակից։
— Հապա, իմ Բազեի՛կ, ինչո՞վ ես զբաղվել այսօր,— հարցնում էր հայրը՝ օրորելով նրան ծնկների վրա։
— Երբեմն էլ հայրը կատակով հարց էր տալիս, թե՝ ո՞ւմ Բազեիկն է նա։ Այդ ժամանակ Յանիսը ներքին հուզմունքով դեմքը փարում էր հոր կրծքին և կամացուկ շշնջում.
–– ՀայրիկիԲազեիկը...
Եվ երկուսն էլ ուրախ ծիծաղում էին։ Ժպտում էր հայրը, ձեռքերով հարդարում Բազեիկի մազերը և իջեցնում նրան հատակին։ Զարմանալի բան. այդ մեծ, ծովային աղի ջրից կոշտացած ձեռքն ինչպես էր կարողանում թեթև շոյել։ Երբ Բազեիկի մազերը խճճվում էին, այդ անճոռնի, ուռած մատները ուղղում էին, այնպես զգույշ, որ բնավ ցավ չէին պատճառում։
Մի խոսքով, նրանք ապրում էին սիրով։ Այո, և դա հասկանալի էր։ Չէ ՞ որ նրանք երկուսով էին ծովափնյա փոքրիկ խրճիթում։ Անցյալում այստեղ կար և երրորդ անձը։ Դա Բազեիկի մայրն էր։ Հայրը հիշում էր նրան, բայց Բազեիկը մոռացել էր։ Նա նույնիսկ չէր հասկանում, թե արդյոք վա՞տ է կամ չավ, որ ինքը մայր չունի, երբ որ կա հայրը՝ մի իսկական ընկեր, որը օրորում է նրան ծնկների վրա, և երբեմն էլ շալակած տուն բերում ծովափից։ Նա շատ ուժեղ է. Բազեիկը տեսնում էր, թե ինչպես հայրը մենակ դեպի ծովն է հրում ձկնորսական ծանր նավակը։ Ուրիշները այդ չեն կարող անել։
Եթե հայրը երկար ժամանակով էր ծով գնում, որ հաճախ պատահում էր գարնանը, ապա Բազեիկին տանում էր գյուղ՝ Աննա մորաքրոջ մոտ, որտեղ նա պարտավոր էր մնալ և գիշերել։ Այնտեղ ուրիշ տղաներ ու աղջիկներ էլ կային։ Աննա մորաքույրը միշտ լավ էր վերաբերվում Բազեիկին. թերևս ավելի լավ, քան մյուսներին։ Բայց Բազեիկին իրենց տունն ավելի էր դուր գալիս, թեև նա տանը միայն մի խաղընկեր ուներ մոխրագույն կատու Մինկան։ Բայց ի~նչ զվարճություն էր։ Բավական է, որ Բազեիկը թելին կապեր փայտի մի կտոր և վազ տար սենյակում, որպեսզի փայտիկը շարժվեր հատակին։ Ինչպե՜ս էր Մինկան ցատկոտում, ինչպե~ս էր դարանամուտ լինում անկյունում, հսկում փայտիկին, ինչպե~ս էին փայլատակում նրա կանաչ աչքերը, իսկ պոչը բարկությամբ հատակն էր թակում, մինչև որ վերջապես, կծկվելով, Մինկան ահագին ոստյուն էր կատարում։ Հիմա՜ր Մինկա. նա գուցե մտածում էր, որ փայտիկը կենդանի է։ Բայց ընդհանրապես Մինկան բարի կատու էր, ուրախ և համբերատար։
Երեկոները, երբ հայրը պետք է վերադառնար ծովից, Մինկան Բազեիկի հետ գնում էր ծովափ և սպասում ձկնորսներին։ Իսկ երբ ձկնորսները ափ էին դուրս գալիս, նա մռմռալով կամաց պտտվում էր հայրիկի շուրջը մեջքը աղեղնաձև, պոչը վեր ցցած։ Նա արդեն գիտեր, որ այդ մարդը երբեք դատարկաձեռն չի վերադառնա և իր համար միշտ որևէ ձուկ բերած կլինի։ Կյանքը լավ էր և ուրախ։ Ավելի ուրախ էր լինում, երբ ամառային արևոտ օրերին չորացած ուռկաններն էին կարկատում ծովափին։ Բազեիկն ավազից տնակներ էր կառուցում, իսկ հայրը ճարպկորեն գործածում էր ասեղը՝ ուռկանի քանդված օղակները հավաքելու համար։ Երբեմն էլ նա մի կողմ էր դնում ասեղը և նստում ավազի վրա Բազեիկի կողքին։
— Հապա, իմ Բազեիկ, այդ ի՞նչ ես շի~նում դու,— հարցնում էր նա։ Այդ ժամանակ Բազեիկը պատմում էր նրան, որ ավազի փոքրիկ բլուրը իր տունն է, իսկ մեծը՝ խանութը։ Բայց նա Մինկայի համար էլ տուն պիտի շինի։
Հաճախ հայրը մտածկոտ նայում էր դեպի ծովը և նստեցնելով Բազեիկին իր կողքին, ցույց էր տալիս հեռուն, ուր ջրային տարածությունը ձուլվում էր երկնակամարի հետ։
— Իսկ դու գիտե՞ս, ինչ կա այնտեղ` հորիզոնից այն կողմ։— Ոչ, Բազեիկն այդ չգիտե, բայց ուզում է գիտենալ։ Այդ ժամանակ հայրը գրկում էր նրան և մեղմությամբ ու գուրգուրանքով կրծքին սեղմելով ասում.
— Կգա ժամանակ, երբ իմ Բազեիկի թևերը կաճեն։ Նա կթռչի այնտեղ և կդիտի, ապա կվերադառնա ու կպատմի հայրիկին իր տեսածների մասին...
Ահա այսպես էին ապրում նրանք։ Թերևս ուրիշներն ավելի լավ, ավելի ուրախ կյանք ունեին, գուցե և ընդհակառակը։ Բազեիկն այդ չգիտեր։ Նրա համար այսպես էլ լավ էր, և թվում է, թե հոր համար ևս, ինչպես և Մինկայի... երեքի համար էլ։
...Վրա հասավ աշունը։ Ժամանակ առ ժամանակ ուժեղ քամի էր փչում, և ալիքները նետվում էին դեպի ծովափ։ Մարդիկ ստիպված քարշ էին տալիս նավակները ավազաթմբից ավելի հեռու։ Բազեիկն այլևս չէր կարող վազվզել ծովափին և գույնզգույն խճաքարեր հավաքել, իսկ Մինկան, աշխարհում ամեն բանից ավելի վախենալով, որ չլինի թե իր սպիտակ տոտիկները թրջվեն, ավազակույտից այն կողմը չէր անցնում, ծովին չէր մոտենում։ Այդպիսի օրերի երբեք ծով չէր գնում։
Բայց ահա մի օր էլ մինչև կեսօր եղաանակը հանգիստ էր, երկինքը պարզ, միայն հեռավոր հորիզոնում տարածվում էին ամպերը, հայրիկի մոտ եկավ ընկերը։ Նրանք խոսում էին այն մասին, որ պետք է երեկվա չորացած ուռկանները ծովը գցել։ Անցյալ գիշեր ուրիշ ձկնորսներ լավ որս էին ունեցել։ Նրանք ցցերից վերցրին ուռկանները և դարսեցին նավակի մեջ։ Մեկնումից առաջ հայրիկը Բազեիկին տուն տարավ, մի մեծ շերտ հացի վրա ճարպ քսեց և դրեց խոհանոցի փոքրիկ պահարանում։
— Երբ ուտել ուզենաս պահարանը բաց արա, հացը վերցրու և կեր,— ասաց նա,– իսկ այժմ խաղա Մինկայի հետ. ծովափ չգնաս։ Ես շուտ կվերադառնամ։
Հետո նա գնաց։ Բազեիկը պատուհանից տեսավ, թե ինչպես նավակը ծով դուրս եկավ, հետզհետե փոքրացավ, և բոլորովին անհետացավ։ Իզուր էր այլևս նայելը։ Բազեիկը փնտրեց փայտիկով թոկը և սկսեց խաղալ Մինկայի հետ։
Բավական երկար զբաղվեցին նրանք սենյակում։ Երբ երկուսն էր հոգնեցին, Բազեիկը բարձրացավ աթոռի վյւա և խոհանոցի պատուհանից նայեց դեպի ծովը, կարո՞ղ է պատահել, որ արդեն հայրը մոտենում է ափին։ Բայց նավակներ չէին երևում։ Ծովն սկսեց մթագնել, վիթխարի ալիքները զարնվում էին ափերին։ Ծովափնյա ավազաթումբը շփշփոցով և սուլոցով տարուբերվում էր։ Հսկա ծառերն այնպես էին ծռվում դեպի գետին, որ կարծես աներևույթ մի ձեռք ճոճում էր նրանց։ Բազեիկը գիտեր, որ դա լավ չէ. երբ սոճիներն այդպես ճոճվում են, ուրեմն փոթորիկ կլինի, ահեղ եղանակ, ինչպես ասում էր հայրը։ Ձկնորսները պետք է մնան ափին։ Նա գիտեր նույնպես, որ այդպիսի եղանակին ծով դուրս եկած ձկնորսները, շտապում են ափ վերադառնալ։ Նշանակում է՝ հայրիկը շուտով տանը պետք է լինի։ Բայց նա չէր վերադառնում։
Դրսում արդեն մթնեց, հորիզոնը չէր կարելի տարբերել ծովի ջրից: Քամին ավելի ուժեղ էր ոռնում, այնպես, որ սկսեց նույնիսկ խրճիթի տանիքը դողդողալ։
Բազեիկը գլխարկը քաշեց գլխին և շապկով, առանց հնամաշ վերարկուի, դուրս եկավ։ Կատուն, հրավերի չսպասելով, ընկերացավ նրան։
Նրանք առաջ էին շարժվում դանդաղորեն, որովհետև քամին փչում էր ուղիղ դիմացից և քիչ էր մնում գետին տապալեր նրանց։ Ոչ, հայրիկի նավակը ծովափին չէր. չէր երևում նաև ծովում։ Աղմկահույզ ջրային տարածությունն այնպես խավար էր, որ հնարավոր չէր հորիզոնը նշմարել։ Բայց չէ՞ որ հայրիկը պետք է շուտով վերադառնա։ Ի՞նչ գործ ունի նա ծովում այդքան երկար։ Եթե նա հեռու գնալու լիներ ձկնորսության, պետք է, որ Բազեիկին տաներ մորաքույր Աննայի մոտ։ Բայց նա այդ չէր արել, նշանակում է կվերադառնա... հենց այսօր երեկոյան։
Բազեիկը նստեց ուռկանների համար դրված փոքրիկ նստարանի վրա։ Արևը մայր մտավ։ Տեղ-տեղ, ամպերի միջև առկայծեցին դժգույն աստղերը։ Սկսեց վաղ աշնանային գիշերը, իսկ Բազեիկը երկար ժամանակ նստած դիտում էր ձյութի նման սև ծովը։ Նա ուզում էր իմանալ, թե արդյոք փոթորիկի դադարի միջոցին, չի լսվում թիակների բախում, բայց դա անկարելի էր, քանի որ քամին ոռնում էր շատ ուժգին։ Բազեիկը չէր ուզում տուն վերադառնալ, այնտեղ հիմա մութ է, և մեկը չկա, որ լույսը վառի։
Կամացուկ, կարծես ինչ-որ բան հարցնելով, մլավեց Մինկան՝ կողերը քսելով Բազեիկի ոտքերին։ Մլավեց երկրորդ անգամ և պատասխանի չսպասելով առաջ շարժվեց դեպի տուն։ Սպասելը ձանձրացրեց Մինկային։ Թող գնա, հենց դրա համար էլ ձուկ չի ստանա։ Բայց Բազեիկը պիտի սպասի, մինչև հայրը վերադառնա: Նա կվերցնի նրան ձեռքերի վրա և կտանի տուն։ Միայն ինչո՞ւ նա մինչև հիմա չի գալիս, գուցե նա գնացել է հեռու, հորիզոնի հետևը տեսնելու համար, թե ինչ կա այնտեղ։ Ահա այդ ժամանակ նա կկարողանա պատմել շատ հրաշալի բաներ։ Բազեիկն էլ էր ցանկանում տեսնել հորիզոնի այն կողմը, բայց նա դեռ փոքր է, պետք է սպասի, մինչև թևերն աճեն։
Քամին սուլում է և ոռնում։ Մթության մեջ աղմկում է փոթորկահույզ ծովը։ Ծովափին կանգնած է մութ և ցուրտ խրճիթը։ Ոչ ոք չի գալիս Բազեիկին տուն կանչելու, և չկա մեկը, որ կանչի։ Նա նստում է, նստում, օրորվում է նստարանի վրա մրսած ոտքերով և նայում է ծովի կողմը։ Բայց ոչ ոք չկա այնտեղ։ Ամպերի մեջ հայտնվեց արծաթագույն լուսինը, որի դժգույն փայլը սահեց ջրի մակերեսով։ Եվ հիմա էլ, այնպես սև է ծովը, որ երբեք այդպես չէր եղել։ Իսկ ծովափին, առաջվա պես, նստած է միայնակ երեխան և սպասում է։ Նրա աչքերը լարված ուշադրությամբ դիտում են գիշերվա կույր մթությունը։ Սա դեռ սպասում է։ Սպասում է փոքրիկ Բազեիկը... Հայրիկի Բազեիկը։
Թարգմ. Ա. Աբոյան
Комментариев нет:
Отправить комментарий