Մի անգամ այնպես պատահեց, որ Գրիմսեյ կղզու բոլոր բնակիչների օջախներում կրակը հանգավ միաժամանակ։ Ճքճքան ձմեռ էր։ Գրիմսեյը Իսլանդիայից բաժանող նեղուցը սառույց էր կապել։ Կղզու բնակիչները, կարծելով, թե սառույցը բավականաչափ ամուր է, որոշեցին մարդ ուղարկել մայրցամաք՝ կրակ բերելու։ Ընտրեցին երեք ուժեղ ու ջլապինդ տղամարդ։ Մի պարզկա առավոտ երեք գրիմսեյցիներ ճամփա ընկան կրակ բերելու, կղզու բնակիչներն էլ մեծով ու փոքրով նրանց ճանապարհեցին։
Գնացին-գնացին սառույցի վրայով, մինչև հասան մի ճեղքի, որը բավական լայն էր ու ծայրն էլ չէր երևում։ Գրիմսեյցիներից երկուսը ցատկեցին-անցան ճեղքի վրայից, իսկ երրորդը սիրտ չարեց։ Ընկերները նրան ձայն տվեցին, որ տուն վերադառնա, իսկ իրենք շարունակեցին ճանապարհը։ Բայց երրորդը չուզեց ամոթով մնալ ու քայլեց սառցաճեղքի երկայնքով այնքան, մինչեւ նեղ տեղ գտնի ու վրայից թռչի։ Այդ ընթացքում սև–սև ամպեր կուտակվեցին, երկինքը մթնեց, ու հարավի կողմից ուժգին փոթորիկ բարձրացավ։ Տաք քամուց սառույցն սկսեց հալչել ու ճաքեր տալ, և ի վերջո գրիմսեյցին հայտնվեց մի փոքրիկ սառցաբեկորի վրա, որն արագորեն դեպի բաց ծով էր քշվում։ Երեկոյան կողմ սառցակտորը բախվեց մի հսկա սառցաժայռի, ու գրիմսեյցին հազիվհազ կարողացավ մագլցել նրա վրա։ Երբ աչք գցեց շուրջը, քիչ հեռու տեսավ մի մեծ սպիտակ արջ՝ իր քոթոթների հետ։
Գրիմսեյցին, որ բոլորովին ուժասպառ էր եղել ցրտից ու քաղցից, մտածեց, որ իր վերջն եկել է։ Արջը երկար-երկար նայեց մարդուն, հետո վեր կացավ, ծանր ու մեծ մոտեցավ նրան, պտույտ տվեց նրա շուրջն ու նշանացի հասկացրեց, որ մարդը հետևի իրեն։ Գրիմսեյցին լուռումունջ հնազանդվեց։ Արջը մտավ իր որջը, մեկնվեց հատակին ու մարդուն հրամայեց քոթոթների հետ իր կրծքից կաթ ծծել։ Այդպես անցավ գիշերը։
Առավոտյան արջը մարդուն նշանացի իր մոտ կանչեց։ Երբ Նա մոտեցավ, արջը պառկեց մարդու ոտքերի մոտ ու հրամայեց հեծնել իրեն։ Գրիմսեյցին հեծավ արջին, իսկ վերջինս սկսեց տռճիկ տալ, ծուլ-ծուլ լինել, ցատկել ու թռչկոտել, մինչև որ մարդը վրայից ցած ընկավ։ Գրիմսեյցին մնացել էր զարմացած, թե դա ի՞նչ է նշանակում։
Անցավ երեք օր։ Մարդը գիշերում էր արջի բնում, սնվում էր նրա կաթով, ու ամեն առավոտ արջը ստիպում էր հեծնել իրեն ու տռճիկ էր տալիս այնքան ժամանակ, մինչև մարդը վայր ընկնի։ Միայն չորրորդ օրը մարդը կարողացավ դիմանալ ու վայր չընկնել։ Երեկոյան կողմ արջը մարդուն շալակած մոտեցավ սառցաբեկորի եզրին, ցատկեց ջուրն ու լող տվեց դեպի Գրիմսեյ։ Նրանք բարեհաջող տեղ հասան, ու մարդը նշան արեց արջին, որ հետևի իրեն։ Նա մտավ տուն, կթել տվեց ամենալավ կովին ու արջին հյուրասիրեց փրփրալի կաթով։ Հետո երկու չաղլիկ ոչխար մորթեց, պոզերը պարանով կապեց ու անցկացրեց արջի վզով։ Այդպես բեռնավորված՝ արջն ափ վերադարձավ, մտավ ջուրն ու լող տվեց իր քոթոթների մոտ։ Կղզու բնակիչները զարմանքից քար կտրած՝ նայում էին արջի ետևից, ու հենց այդ ժամանակ էլ հեռվում երևաց մի առագաստանավ, որին դեպի կղզի էր քշում համընթաց քամին։ Դրանք այն երկու գրիմսեյցիներն էին, որ գնացել էին կրակ բերելու։
Комментариев нет:
Отправить комментарий