четверг, 11 августа 2011 г.

ԻՄԱՍՏՈՒՆ ԳԼՈՒՍԿԵՊԸ (հյուսիսամերիկյան հնդկացիների հեքիաթ)

Անտառի խորքում, այնքան հեռու, որ թռչունն էլ իր թևով չէր հասնի, գտնվում է Տիոտո լիճը։ Հիմա այնտեղ ամայի Է։ Իսկ ժամանակին ամեն տարի ամռանը այստեղ էին հավաքվում հնդիկները։ Ոմանք ձուկ էին բերում ու փո­խանակում զենքի հետ, ոմանք նավակների կողերին փռում էին դաբաղած կաշիները, երրորդները վաճառում էին տաք մորթե հագուստներ։
Լճի վրա առավոտից մինչև ուշ գիշեր չէր դադարում մարդկանց աղմուկը։ Երբեմն հնդիկները այնպես էին գոռ­գոռում, որ իրենք իրենց չէին լսում։ Ոչ ոք չէր կարողանում հանդարտեցնել նրանց։
Եվ ահա, մի անգամ, երբ նրանց ծիծաղն ու աղաղակները վախեցրին Տիոտո լճի բոլոր ճայերին, երկնքից մեծ ամպ իջավ։ Հազիվ էր ամպը կպել ջրին, երբ ջրից մի սպիտակ կանոե դուրս լողաց։ Կանոեում նստած էր բարեկազմ, ազ­դեցիկ ու շատ բարձրահասակ մի մարդ։
—   Ինչու՞ եք դուք փոքր երնխաների նման գոռգոռում,— խստորեն հարցրեց նա սսկված հնդիկներին։
Եվ այստեղ, ինչպես աշնան տերևները ծառերից, անծա­նոթի վրա բողոքների տարափ թափվեց։
—    Ես չեմ ուզում աղ վերցնել կուղբի մորթու փոխա­րեն,— ասաց մի հնդկացի։
—   Իսկ պղնձե ապարանջանի փոխարեն քիչ է նետե­րով կապարճը։
—   Մի՞թե ազնվություն է լավ մոկասինների[1] դիմաց այս­պիսի աղեղ տալը, որն ասես փտած լինի,— բացականչեց երրորդը։
Սպիտակ կանոեի մարդը բարձրացրեց ձեռքը.
—   Իմ անունը Գլուսկեպ է։ Ես ձեզ օգնելու համար եմ եկել,— տիրաբար ասաց նա։Մոռացեք ձեր վեճերը։ Լո­ղացեք բոլորդ դեպի ափ և ջրից հանեցեք ձեր նավակները։
Հնդիկները լսեցին։
Երբ ջրի մեջ ոչ մի կանոե չմնաց, անծանոթը բարձրաց­րեց գլուխը և ձեռքերը դեպի վեր։ Նույն ակնթարթին մռայլ ամպը ծածկեց արևը։ Երբ արևի ճառագայթները նորից լուսավորեցին երկիրը, բոլորը Տիոտո լճի վրա բադերի մի հսկայական երամ տեսան։ Բադերը անձայն իջնում էին լճի վրա ու ագահորեն ջուր էին խմում, իսկ հետո թռչում-հեռանում։ Նրանց փոխարինում էին նորանոր թռչուններ։ Նրանք էլ ագահորեն խմում ու հեռանում էին։ Շուտով լիճը բոլորո­վին ցամաքեց։
Վերջին թռչունին հայացքով ուղեկցելով, Գլուսկեպը ցույց տվեց հնդիկներին լճի խոնավ հատակը։ Այնտեղ ջրի­մուռների  մեջ փայլփլում էին այնպիսի խեցիներ, ինչպիսիք մինչ այդ ոչ ոք չէր տեսել։
Հղկեք դրանք,— ասաց Գլուսկեպը,— կլորացրեք ու շարեք հաստ թելի վրա։ Այս հուլունքների անունը վամպում կլինի։ Թող ձեզնից ամեն մեկը այս վամպում հուլունքը փո­խանակի ինչով ուզում է և այն ժամանակ դուք ստիպված չեք լինի գոռգոռալ ու վիճել։
Այս էր իմաստուն Գլուսկեպի առաջին խորհուրդը հնդիկ­ներին։ Նրա դուրն եկան անեզր անտառներն ու պրերիաները, և նա որոշեց ընդմիշտ բնակություն հաստատել այնտեղ։ Հենց այդտեղ, լճի ափին, նա իր համար վիգվամ կառուցեց։ Առուներն ու հեղեղների բերած ջրերը նորից լցրեցին լիճը և շուտով, Տիոտոյի հարթության  վրա, առաջվա նման, թռչում էին սպիտակաթև ճայերը։
Միայն թե այժմ լճում խաղաղություն էր տիրում։


[1] Գուլպայաձև ոտնամաններ Ամերիկայում:

Թարգմանությունը` Հ. Կարապետյանի

2 комментария:

  1. հեքիաթները բոլոր տարիքի մարդկանց համար են:
    Իմ կայքի մանկական էջում ես էլ ունեմ հեքիաթներ:
    www.hasmik-ajamyan.do.am

    ОтветитьУдалить
  2. ԱՆԽԵԼՔԻ ՀԱՑԸ-ԽԵԼՈՔԻՆ
    Բարեկենդանը
    Հ.Թումանյան
    Անխելքի հացը `խելոքին,ասաց իրեն-իրեն Բարեկենդան զգացող մարդն ու երկու ոտ ուներ` երկուսն էլ փոխ առած սլացավ տուն:Նա ինքն էլ չգիտեր թե ում անունին էր տեր կանգնել:Խորամանկը-խորամանկ էր,բայց թե ինչ կամ ով էր Բարեկենդանը`չգիտեր:Երբ տուն հասավ խորամանկը,ում բախտը առջևից էր գնում`զարմացավ,հարևանները հավաքված էին իրենց տանը:
    -Նա կնոջը կամացուկ հարցրեց.
    -Էս ինչ խաբար է,ինչու ես հավաքել սրանց մեր տանը:
    _Չգիտեմ,եկել են,-վիզը ծռեց կինը:Ինչ որ Բարեկենդանից են խոսում:
    -Վայ,-վախեցած դուրս թռավ խորամանկ մարդու բերանից:
    -Քեզ ինչ եղավ,այ մարդ,-նրան արմունկով կամացուկ հրեց կինը:
    -Ոչինչ,բան էլ չեղավ:Դու դուրս գնա,էնտեղ դռան տակ յուղ ու մի պարկ բրինձ կա դրած:Գնա ու ներս արի ,ասա ուրախացած, բղավիր,որ Բարեկենդանը յուղ ու բրինձ է բերել մեզ համար:
    Կամացուկ պատվիրեց կնոջն ու բարի գալուստ մաղթելով հավաքված հարևաններին, իբրև բանից անտեղյակ հարցրեց.
    -Խեր լինի ձեր մտադրությունը,հարևաններ ջան,-բարով տեսանք:
    -Բարով,խերով,-պատասխանեցին գրեթե միաբերան:
    -Հը,ինչ կա-չկա,տանը չեմ եղել մի երկու օր:
    -Չկա,բայց հեռու չէ,պիտի գա Բարեկենդանի..,-խոսքը դեռ խոսող հարևանի բերանումն էր, քամու պես ներս խուժեց խորամանկի կինն ու ուրախ-ուրախ հայտարարեց.
    -Բարեկենդանը եկել է,դռան տակ մի պարկ բրինձ ու մի կճուճ յուղ է թողել-գնացել:
    -Հարևաններ ջան,լավ եք արել,որ մեր տանն եք հավաքվել:Մի կուշտ կուտենք, կխմենք,-դարձավ հարևաններին խորամանկը մի կերպ ժպտալով:
    Հարևանները նայեցին իրար երեսի:
    -Մենք էլ ենք էդ ասում`մի լավ քեֆ կանենք:Ինչ ունենք իրար ասելու` կասենք,ինչ տալիք առնելիք ունենք` կտանք-կպրծնենք,ինչ նեղացած-խռոված բաներ կան`կմոռանանք:
    -Վայ ձեր հոգուն մատաղ,չգիտեի որ այսքան լավ հարևաններ ունեմ,չգիտեի,-խոր շունչ քաշեց խորամանկը,որ խորամանկելով տուն էր բերել խալխի Բարեկենդանի յուղն ու բրինձը:
    Ուտել խմելու ժամանակ բոլորը սրտաբաց ու անկեղծ էին:Սեղանին յուղը ջրի պես առատ էր,բրնձի կարկանդակները անմահական համ ունեին:
    -Ապրես, հարևան ջան,-խոսում էին ուտող-խմող հարանները էս ու էն կողմից,-թող քեզանից պակասած հաց ու ջուրը հազարապատկվի,սեղանդ միշտ առատ լինի:Բարի կենդանություն լինի:Բարիկենդանդ ուրախ լինի, տոնը քեզանից ու մեզանից անպակաս լինի:
    -Ըհը,-միայն իրեն լսելի քմծիծաղ տվեց խորամանկը,-հարևաններիս մտքով արքայություն է անցնում:Իրենք էլ են ուզում դռան տակ կճուճով յուղ ու պարկով բրինձ գտնել ….:

    ОтветитьУдалить