1
Օրերից մի օր հայոց թագավորի պալատը մտավ մի սուրհանդակ։ Նա թագավորի առջև դրեց բարակ, երկարավուն մի փայտ ու ասաց.
–Այս փայտի մեջ մի ծայրից մյուսը ոլորապտույտ անցք է բացված և միայն օդն ու ջուրը կարող են անցնել։ Իմ ամենակարող տերը քառասուն օր ժամանակ է տալիս, որ դուք՝ խելքով ու հնարագիտությամբ հռչակված հայերդ, մետաքսե թելն անցկացնեք այդ անցքով և փայտը հետ ուղարկեք իրեն։ Իսկ եթե չկարողացաք, մեր զորքերը կհարձակվեն և տակնուվրա կանեն ձեր երկիրը։
Սուրհանդակը գնաց, իսկ թագավորը մտքի մեջ ընկավ։ Նա չէր սիրում կռիվ ու արյուն, սիրում էր խաղաղ աշխատանք, նոր քաղաքներ էր կառուցում, ջրանցքներ ու կամուրջներ էր շինում, որ երկիրը շենանա, լցվի հազար տեսակ բերք ու բարիքով։ Իսկ հարևան թագավորը ագահ էր ու չար. նա անվերջ հարձակումներ էր գործում ուրիշ ժողովուրդների վրա, թալանում ու ստրկացնում նրանց։
Թագավորը կանչեց իր պալատականներին, հրամայեց կատարել ագահ ու չար արքայի պահանջը։ Բայց նրանք որ֊քան էլ մտածեցին, չկարողացան թելն անցկացնել չարաբաստիկ փայտի միջով։ Այն ժամանակ թագավորը դիմեց ժողովրդին, որ իրենց փրկությունը կախված է մի բարակ թելից և խոստացավ տասը հազար ոսկի պարգևել նրան, ով կկարողանա ազատել երկիրը վերահաս վտանգից։
Անցել էր արդեն երեսունինն օր, մնում էր մի օր միայն։ Ոչ ոք չէր գալիս պալատ, ոչ մի լուր չկար: Թագավորը գլուխն առած ափերի մեջ, մտածում էր գիշեր-ցերեկ և ոչ մի հնար չէր գտնում։ Ժողովուրդը ահ ու սարսափի մեջ էր, բայց հո ձեռքերը ծալած չէր նստելու սպասեր ահավոր արհավիրքին. ամենուրեք պատրաստվում էին դուրս գալու մահու կենաց կռվի և սպասում էին թագավորի հրամանին։ Բայց, բարեբախտաբար, բանը կռվի չհասավ...
Թագավորանիստ քաղաքի ծայրամասում, խարխուլ մի հյուղակում, ապրում էր աղքատ, կույր մի ծերունի իր թոռնիկի հետ։ Ծերունին նույնպես գլուխն առած ափերի մեջ, միտք էր անում, բայց ոչ մի ելք չէր գտնում։ Նա շատ էր տեսել կողոպուտներ, կոտորածներ, նրա աչքերը կուրացրել էր արյունարբու թշնամին և, պատկերացնելով այդ նոր արյունահեղությունը, նրա կույր աչքերից արցունքի կաթիլներ էին գլորվում…
–Պապիկ, ինչո՞ւ ես լալիս,– հարցրեց թոռնիկը։
–Բա ինչ անեմ,— ասաց պապը,— մնացել է մեկ օր։ Վաղը թագավորի հորթերը մեր երկիրը կավերեն, արյան գետեր կհանեն, մի մասին կկոտորեն, մի մասին գերի կտանեն...
–Ա՜խ, պապիկ,– հառաչեց թոռնիկը,– երանի ես կախարդ լինեի, դառնայի մի մրջյուն, թելն անցկացնեի փայտի միջով, հետո էլի մարդ դառնայի։
–է՛հ, այդպիսի բան չի լինի, որդի,– ու պապը կրկին արտասվեց։
–Պապիկ, իսկ պալատում մրջյուն չկա՞: Թող ոտից թելը կապեն, մի անցքով մտնի, մյուսով դուրս գա...
Այդ լսելով, պապը վեր թռավ տեղից, գրկեց թոռնիկին, համբուրեց ճակատը, այտերը։
–Գտա՜նք, հնարը գտա՛նք, իմ խելոք բալիկ... դե շուտ արա, բռնիր, տուփի մեջ մի երկու մրջյուն դիր, վազենք թագավորի մոտ...
2
Երբ կույր ծերունին թոռնիկի ձեռքը բռնած մոտեցավ արքայական պալատի երկաթե դարպասին և հայտնեց իր գալու նպատակը, պահնորդները զարմանք կտրեցին։
–Ո~վ թշվառական,– ասացին նրանք,– հարյուրավոր գիտուններ բաց-բաց աչքերով չեն կարողացել կատարել արքայի պահանջը, դու կույր տեղովդ ինչ կարող ես անել։
–Ես կույր չե՛մ,– խոսեց ծերունին,– թոռանս աչքերով տեսնում եմ ամեն ինչ, թույլ տվեք գնալ թագավորի մոտ։
Ծերունու համարձակ խոսքը վստահություն ներշնչեց պահնորդներին, և նրան տարան թագավորի ընդունարանը: Թագավորը գլուխը վեր բարձրացրեց, անհույս հայացքը հառեց ծերունուն ու նրա թոռանը։ Ծերունին մինչև գետին խոնարհվելով ասաց.
–Թագավորն ապրած կենա, իմ թոռնիկը գտել է փրկության հնարը։
Թագավորի աչքերում զարմանքի, թե ուրախության մի շող փայլատակեց։–Ահա, սա փայտը, սա էլ մետաքսաթելը, փորձիր, պատանյակ։
Երբ պատանին մրջյունի միջոցով կատարեց անհնարին թվացող խնդիրը, պալատականները զարմանքից քար կտրեցին, իսկ թագավորը հուզմունքից դողալով, բացականչեց.
–Կեցցես, հնարագետ պատանյակ, դու փրկեցիր քո հայրենիքը վերահաս արհավիրքից,,. Հե՜յ, գանձապե տ, կատարիր իմ խոստումը, նրան տասը հազար ոսկի տուր։
Պալատականների աչքերը նախանձից չռվեցին, երբ ոսկու պարկը դրեցին պատանու առջև, իսկ հետո էլ քարացան տեղերում, երբ աղքատ ծերունին ասաց.
–Որդյակս, համրիր և վերցրու միայն հարյուր ոսկի, այդքանը լիովին բավական է մեզ։ Մնացածը մենք կնվիրենք մեր պետական գանձարանին ի բարօրություն հայոց աշխարհի:
Այս լսելով, թագավորը վեր կացավ, սեղմեց ծերունու ձեռքը, համբուրեց պատանու ճակատը և ասաց,
–Փա~ռք հայ ժողովրդին… նա հավերժ կապրի, քանի որ ծնում է այսպիսի ազնիվ ու իմաստուն զավակներ։
Комментариев нет:
Отправить комментарий