воскресенье, 24 апреля 2011 г.

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՊԻԿՆԵՐ ԱՌԱՋԱՑԱՆ (Ֆիլիպինյան հեքիաթ)

Կար ժամանակ , երբ մի դաժան ու չար թագավոր էր ապրում: Թագուհին նույնպես չար էր: Հպատակներն ատում էին իրենց թագավորին ու թագուհուն, բայց չէին համարձակվում ցույց տալ իրենց իսկական վերաբերմունքը, ձևացնում էին, թե իբր շատ են հարգում նրանց: Թագավորն ու թագուհին հարուստ էին: Թագավորը սիրում էր համեղ կերակուրներ ուտել ու զվարճանալ: Նա ու թագուհին հաճախ էին խնջույքներ կազմակերպում, հրավիրում իրենց մարդկանց:
Մի անգամ թագավորական պալատում ամբողջ օրը խրախճանք էր: Այգում երեք մեծ սեղան էր բացված, որոնց շուրջ նստած էին հյուրերը: Նրանք ուտւոմ-խմում էին և ուրախ զրուցում տանտերերի հետ: Հանկարծ սեղաններից մեկին մի ցնցոտիավոր պառավ մոտեցավ և ողորմություն խնդրեց: Հյուրերը պառավին վռնդեցին: Պառավը մոտեցավ մյուս սեղանին, բայց այնտեղ էլ նրան մերժեցին ու վռնդեցին:
Վերջապես, պառավը մոտեցավ թագավորի ու թագուհու սեղանին:
_ Խղճացեք ինձ,- ասաց պառավը,- ուտելու մի բան տվեք, շատ սոված եմ:
Բայց թագուհին նույնպես պառավին հրեց ու ասաց.
_ Հեռացի'ր, այս խնջույքը ազնվական մարդկանց համար է, ո~չ թե քեզ նման մուրացկանի:
Հյուրերը հռհռացին և սկսեցին մուրացկան պառավի վրա դանակներ շպրտել: Թագավորը նույնպես ծիծաղեց:
_ Հապա,- ասաց նա,- եկեք տեսնենք, թե մեզանից ով կկարողանա դանակը շպրտել պառավի գլխին: Ում դանակը դիպչի նրա գագաթին ինձնից պարգև կստանա:
Պառավը շփոթվեց, ոչ ոք չցանկացավ պաշտպանել նրան: Եվ հանկարծ զվարճության ամենաթեժ պահին, այնտեղ որտեղ պառավն էր կանգնած, շլացուցիչ լույս բռնկվեց, պառավը չքացավ, իսկ նրա տեղը սպիտակ շրջազգեստով մի կին հայտնվեց:
Խրախճանքի մասնակիցները սարսափից քարացան:
_ Դուք դաժան և ագահ մարդիկ եք,- խստությամբ ասաց կինը:_ Քանի որ ձեզնից ոչ մեկի մեջ մարդկային բարություն չկա, այդ պատճառով էլ դուք կվերածվեք մարդկային դեմքերով գազանների:
Կինը հենց որ այդ ասաց, խրախճանքի մասնակիցների շպրտած դանակները ետ թռան, կպան նրանց ետևներին ու պոչեր դարձան: Նրանց գեղեցիկ հագուստները փոխվեցին երկար բրդերի, իսկ ձեռքերը երկարեցին: Երբ նրանք փորձեցին խոսել, բառերի փոխարեն անմիտ ճվճվոցներ լսվեցին:
Նրանք շատ ամաչեցին իրենց տեսքից և փախան անտառ, որտեղ մինչև օրս էլ ապրում են: Ահա թե որտեղից առաջացան առաջին կապիկները:

Թարգմ. Դ. Սարիբեկյանի

Комментариев нет:

Отправить комментарий