четверг, 28 апреля 2011 г.

ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆ / Ծննդյան հեքիաթ

Մեր աչքերը
Մայրիկները գտել են լույս մարգագետնից.
Մի առավոտ
Կաթիլներ են եղել ցողի:

Մեր այս փափլիկ թաթիկները
Հին ժամանակ ճայ են եղել`
Ճերմակ-ճերմակ.
Մայրիկները շատ են խնդրել,
Որ նրանք գան
Ու մեզ համար
Ձեռքեր դառնան:

Մեր մազերից ամեն մեկը
Շողն է եղել արեգակի.
Մայրիկները,
Ձեռքերն իրենց կրակ տալով,
Մի սիրուն օր
Հավաքել են բաց երկնքից:

Իսկ մեր ձայնի համար նրանք
Յոթը սար ու ձոր են անցել,
Հասել աշխարհն հեքիաթների,
Երգն են լսել
Կախարդական առվակների:

Մեր սրտերը
Թիթեռներ են եղել առաջ,
Ու քանի որ
Թիթեռները մեն-մի օր են
Այս աշխարհում ճախրում-ապրում
Ու իրիկվա ցրտին հանգչում,
Մի երեկո,
Որ չընդհատվի կյանքը իրենց,
Նրանք զգույշ,
Իջել են մեր մայրիկների
Ափերի մեջ,
Մայրիկներն էլ թիթեռներն այդ
Առաջ իրենց,
Իսկ հետո էլ
Մեր կրծքերի մեջ են պահել
Տաքուկ-տաքուկ`
Որպես սրտեր...

Այսպես ամեն ինչից քիչ-քիչ,
Այսպես ամեն ինչից կաթ-կաթ`
Ծաղիկներից ու ծառերից,
Ծիածանից ու աստղերից,
Հողի սրտից,
Գարնան ամպից`
Տիեզերքից,
Հավաքել են ու հավաքել,
Մի իրիկուն տուն են բերել,
Հետո նստել,
Հայիկների հետ` միասին թեյ են խմել,
Թեյ են խմել,
Հետն էլ խորհել,
Թե այդ ամենն ինչ հրաշքով
Շնչավորել,
Ու նայել են տխուր-պայծառ
Հայրիկները մայրիկներին,
Նայել են լուռ,
Լուռ նայել են
Աստղերով լի
Մայրիկների ջինջ աչքերին
Ու ասել են.
«Տես` ինչպես են
Երկնքում հույս-աստղեր վառվել,
Ուշ է արդեն,
Պետք է քնել.
Աստված մեծ է, մենք կգտնենք
Տիեզերքի արահետը,
Լույս կբացվի, բարին` հետը» ...

Հետո,
Երբ որ գիշերն անցել,
Արեգակը երգել է երգ,
Բարին հետը լույս է բացվել,
Ու լույսի հետ
Ծնվել ենք մենք:



Комментариев нет:

Отправить комментарий