суббота, 30 апреля 2011 г.

ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆ / Հեքիաթ աղբյուրի մասին

Դաշտով մի օր կգնաս,
Մի երգ կլսես,
Թփերի մեջ անուշակ
Առվակ կգտնես:



Ջրի կողքով կքայլես,
Կմտնես անտառ,
Ուր` անպտուղ-պտղատու
Հազար ու մի ծառ:



Մի ճյուղ քեզ կճանկռոտի
Կամ ճամփա կտա,
Մինչև որ մի արևոտ
Բացատ դուրս կգաս:



Իսկ բացատում կգտնես
Սիրուն մի տնակ.
Շեմն` արևոտ, դուռը` բաց,
Ո'չ փակ, ո'չ փականք:



-Բարև~,- կասի տնակում
Մեկը քաղցրաձայն,
Ու կզնգա տնակը,
Ինչպես ծիլ-ծնծղան:



Կհանդիպեն աչքերդ
Աչքերին նրա,
Ու կզգաս, թե շուրթերն իր
Ինչքան են ծարավ:



Ու կթվա` զնգացող
Ձայնը առվակի
Ուզում է քո սրտի մեջ
Կարկաչի~, կանչի~:



Նա քեզ կասի` ծարա~վ եմ,
Տա~ր ինձ աղբյուրն այն,
Ու երկուսով կբռնեք
Աղբյուրի ճամփան:



Շատ կգնաք կամ էլ քիչ,
Այդ էլ ո՞վ գիտի,
Մինչև որ ձեր առաջ ջինջ
Երկինք կբացվի:



Կամաց-կամաց կսկսեք
Վերև բարձրանալ,
Ձեզ կտանջեն Սարը սեգ,
Ծարավն այն դաժան:



Կբարձրանաք, վեր կելնեք`
Իրար ձեռք բռնած,
Ձեր ոտքերի տակից ծեր
Քարեր կընկնեն ցած:



Ու Սարն հանդարտ կխոսի
Իմաստուն ու վեհ.
-Իմ փեշերից, է~հ, քանի~
Քար է ցած սահել,



Բայց ես էլի սար եմ սեգ`
Ոտքերս հողին,
Իսկ ճակատս հպվում է
Արեգակ աստղին:



Շատ-շատերն են կամեցել
Աղբյուրին հասնել,
Բայց... սպասե'ք, ամո՞ւր եք
Իրար ձեռք բռնել...



Հա', շատերն են կամեցել
Հասնել աղբյուրին,
Բայց քչերն են շուրթերը
Հպել այն ջրին:



Պատահել է` եկել են,
Կես ճամփին հոգնել
Ու ծարավը չկոտրած`
Ուժասպառ ընկել:



Ընկել են ու մնացել,
Դարձել են քարեր.
Նրա~նք են ցած գլորվում
Ոտքի տակից ձեր:



Պատահել է` հասել են
Ու վրա պրծել,
Ո'չ ջրի համն իմացել,
Ո'չ չափ ճանաչել:-



Ու կլսեք սեգ Սարի
Խոսքը իմաստուն
Եվ իրար ձեռք կբռնեք
Պինդ ու հաստատուն:



Ու թե այդպես ընթանաք`
Իրար ձեռք ձեռքի,
Դուք աղբյուրին կհասնեք
Սարի գագաթի:



Ջուր կխմեք ու հանգիստ
Կթիկնեք կողքի
Ու կնայեք գագաթից
Աշխարհին ցածի:



Հետո միջից աղբյուրի
Ձայն կլսեք հեզ,
Որ կկանչի, կտանի
Ձեզ իր ակով ներս:



Այնտեղ` Լուսե աշխարհում
Կտեսնեք մի տուն,
Տան մեջ` անմեղ խաղացող
Մանուկներ ժպտուն:



Ներս կմտնեք, միասին
Քաղցրանուշ կերգեք
Ու ձեր երգն այն աղբյուրի
Ձայնին կխառնեք:



Սարով մի օր կգնան,
Երգն այդ կլսեն,
Երգի կողմը կշրջվեն,
Աղբյուր կգտնեն:



Комментариев нет:

Отправить комментарий