Լինում է չի լինում, մի բու է լինում: Օրերից մի օր այդ բուն հիվանդանում է և իր բնից չի կարողանում դուրս գալ, որ գոնե ուտելու մի բան ճարի: Այդ ժամանակ բուն դիմում է բազեին.
_Բազե, ա'յ բազե, ինձ մի բարություն արա, օգնիր, որ սովից չմեռնեմ:
Բազեն համաձայնում է: Նա կերակրում է հիվանդ բվին, բուժում:
Անցնում է որոշ ժամանակ և բուն լավանում է:
Ու նրանք որոշում են միասին ապրել, միասին որսի գնալ: Ինչպես որոշում են, այդպես էլ անում են: Վեր են կենում ու միասին որսի գնում, բայց ոչինչ բռնել չեն կարողանում: Հենց այստեղ էլ բուի մտքով մի չար բան է անցնում: Նա բազեին ասում է.
_Ես սոված եմ և քեզ պիտի ուտեմ:
_Ո՞նց թե ինձ,-զարմանում է բազեն:-Չէ՞ որ քեզ խնամեցի, երբ հիվանդ էիր, մահվան դռնից ետ բերեցի: Հիմա իմ արած լավությանը վատությա՞մբ ես պատասխանում:
Լավության դիմաց լավություն անելը էշերի ու մեկ էլ հիմարների գործն է,-ասում է բուն:_Ի՞նչ է, չգիտե՞ս, որ մարդ մենակ իր մասին պիտի մտածի:
Այս ասելով, բուն պատրաստվում է հարձակվել բազեի վրա: Զայրանում է բազեն, քարի պես երկինք է ելնում, հետո բացում է թևերը, ցած սլանում և մագիլները խրում երախտամոռ բվի մարմինը: Բուն գետին է գլորվում, ու անմիջապես էլ շունչը փչում է:
Թարգմ. Էդուարդ Ավագյանի
Комментариев нет:
Отправить комментарий