пятница, 6 мая 2011 г.

ԱՀՄԱԴՌԵԶԱ ԱՀՄԱԴԻ / Աշնան վերջին օրերն էին

 Գարուն, ամառ, աշուն , ձմեռ... Աշունը տարվա երրորդ եղանակն է: Աշնանը տերևները կամաց-կամաց դեղնում ու թափվում են ծառերից: Աշնանը արքայանարինջները հասնում են և կարելի է ծառից քաղել և ուտել:
   Աշնան վերջին օրերն էին: Մեր արքայանարինջի ծառը ծանրացել էր մրգերով, բայց իմ զամբյուղը դեռևս դափ-դատարկ էր: Դատարկ զամբյուղը տարա արքայանարնջենու  մոտ: Ուզում էի արքայանարինջ քաղել, բայց հիշեցի, որ մեր տանը սանդուղք չունենք:
   - Ոչ մի ժամանակ էլ չենք ունեցել,- ասաց հայրիկը,- անցած տարի էլ չենք ունեցել, նախորդ տարիներին էլ չենք ունեցել: Մենք մշտապես հարևաններից ենք սանդուղք վերցրել:
   - Դե լավ, հիմա էլ վերցնենք,- ասացի ես:
   - Չկան, ճամփորդության են գնացել,- ասաց հայրիկը:
   - Մի հատ գնենք,- ասացի:
  - Այդքան փող չունենք,- ասաց հայրիկը:
   Կանչեցի մայրիկին: Հասած արքայանարինջները ցույց տվեցի` ասաց.
   - Տղաս, լսեցիր չէ, սանդուղք չունենք:
   Կանչեցի եղբորս,` ասաց.
   - Lսեցիր չէ, սանդուղք չունենք:
   Կանչեցի քրոջս` նույնն ասաց: Կանչեցի տատիկին, բայց տատիկը շատ էր պառավել, աչքերը լավ չէին տեսնում.
   - Տատիկ,- ասացի,- արքայանարինջները հասել են:
   - Ամենահասածներից մի քանիսը քաղիր ինձ համար:
   - Տատիկ,- ասացի,- սանդուղք չունենք:
   Հետո գնացի պապիկի մոտ: Պապիկին ուղեկցեցի բակ: Պապիկը ձեռնափայտով ու ակնոցով եկավ: Ցույց տվեցի արքայանարինջներն ու ասացի.
   - Հասել են, բայց սանդուղք չունենք, սանդուղք գնելու փող էլ չունենք, հարևաններն էլ գնացել են ճամփորդության:
   Պապիկը մտածեց, մի քիչ, շատ մտածեց, հետո ասաց.
   - Այլևս բավական է:
   - Ի՞նչն է բավական,- հարցրեցի:
   - Հարևանից սանդուղք վերցնելը,- ասաց,- այսքան տարի հարևաններից ենք սանդուղք վերցնում, դա շատ վատ է: Լավ է, երբ հարևանը հարևանի հետ ընկեր է: Մենք պետք է ինքներս մի մեծ, ամուր ու լավ սանդուղք սարքենք, մի սանդուղք, որ հիշատակ մնա:
   - Էդ եղավ կարգին խոսք,- ասաց հայիրկը,-մենք պետք է կարողանանք մեր կեռասի ծառն էլ բարձրանանք, ծիրանի ծառն էլ: Մենք պետք է մեր ձեռքերով և մեր սանդուղքով մեր մրգերը քաղենք:
   - Էդ եղավ կարգին խոսք,- ասաց մայրիկը:
   Եղբայրս նույնը ասաց: Տատիկը ասաց.
   - Է~հ, մինչև սանդուղքը սարքվի, ճնճղուկները բոլոր արքայանարինջները կուտեն:
   - Սանդուղք չունենալու դեպքում էլ ճնճղուկները բոլոր մրգերը կուտեն,- պատասխանեց հայրիկը:
   - Էդ եղավ կարգին խոսք,- ասաց տատիկը:
   Բոլորս ծիծաղեցինք: Պապիկը ասաց.
   - Դե, սկսեցինք, հենց հիմա:
   Հայրիկը գնաց և նկուղից փայտ բերեց: Մայրիկը գնաց և հին մի արկղիկից աշխարհի չափ մեխ բերեց, մեխերը մեծ մասամբ ծուռ էին, բայց հետո դրանք ուղղեցինք: Եղբայրս սղոցն ու մուրճը բերեց: Քույրս մի տուփ սիրուն ներկ բերեց: Տատիկը մետր բերեց: Ես բոլորին օգնում էի: Ուշքումիտքս արքայանարինջներն էին, կեռասները, ծիրանները...
   Պապիկը փայտերը չափեց, հայրիկը սղոցեց, եղբայրս մեխերը խփեց, քույրս ներկեց: Սանդուղքի գույնը բաց կանաչավուն էր:
   - Իհարկե, եթե սրճագույն լիներ ավելի լավ կլիներ,- ասաց հայրիկը:
   - Կապույտը ավելի լավ էր,- ասաց եղբայրս:
   - Սպիտակ, սպիտակը ավելի լավ էր,- ասաց տատիկը:
   - Էս եղածը բոլորից լավ է ,- ասաց պապիկը,- հիմա նման խոսքերի ժամանակը չէ. արքայանարինջները չորանում են ճյուղերի վրա, ագռավներն էլ երկնքում են:
   - Պապիկը ճիշտ է ասում`  ևարքայանարինջների մասին, ևագռավների,- ասաց մայրիկը,- բացի այդ կանաչ ներկը տանը ունեինք, բայց մյուս ներկերը պիտի գնեինք:
   - Կանաչ գույնը գարնան գույնն է,- ասաց քույրս,- մենք հիմա գարնան սանդուղքով վեր կբարձրանանք, որպեսզի քաղենք աշնան մրգերը:
   Սանդուղքը տարանք արքայանարնջենու մոտ: Ես սանդուղքով վեր բարձրացա ու նստեցի մի ճյուղի վրա: Հայրիկը սանդուղքով վեր բարձրացավ, բայց վերջին աստիճանի վրա կանգնեց: Քույրս սանդուղքով վեր բարձրացավ, բայց սանդուղքի մեջտեղում կանգնեց: Մայրիկը ընդհանրապես չբարձրացավ, հենց այն ներքևում կանգնեց` սանդուղքի կողքին: Տատիկն ու պապիկը գնացին ու նստեցին խամրած արևի տակ:
   Աշնան վերջին օրերն էին: Մենք բոլորս գարնան սանդուղքի վրա էինք: Մայրիկը գարնան սանդուղքի ոտքերի մոտ էր: Մայրիկը զամբյուղը տվեց քրոջս, քույրս փոխանցեց հայրիկին, հայրիկը` ինձ: Ես հասած արքայանարինջները քաղեցի ու լցրի զամբյուղի մեջ: Զամբյուղը տվեցի հայրիկին, հայրիկը այն փոխանցեց քրոջս, քույրս փոխանցեց մայրիկին: Մայրիկը զամբյուղը դատարկեց և մի հասած արքայանարինջ տվեց տատիկին, մի հատ էլ տարավ պապիկի համար...բայց պապիկը ուրախ ու խաղաղ քնել էր պատի տակ: Պապիկի դեմքին ժպիտ էր դրոշմվել, ես տեսա ու ժպտացի, մայրիկը ժպտաց, հայրիկը ժպտաց, քույրս ժպտաց...
   Լավ օր էր, լավ ամիս էր, լավ եղանակ էր, լավ տարի էր: Այդ օրը, այդ ամսին, այդ եղանակին, այդ տարին, երբ մենք մեր սանդուղքը սարքեցինք և քաղեցինք մեր արքայանարինջները:

Թարգմ. պարսկերենից` Էդուարդ Հախվերդյանի

Комментариев нет:

Отправить комментарий