Թռչնավաճառի խանութում, փոքրիկ դեղձանիկներով, մի մեծ վանդակ կար: Դեղձանիկները սպիտակ և դեղին թևիկներ ունեին, իսկ նրանց փոքրիկ կտուցը կարմրավուն էր:
Դեղձանիկները ամեն օր վաղ առավոտյան արթնանում էին: Որոշները երգում էին, մի այլ խումբ այս կողմից այն կողմ էր թռչում, որոշներն էլ լուռ նստում էին, մինչև օրը իրիկնանար:
Սակայն դեղձանիկների իրիկունը մարդկանց իրիկունների նման չէր: Նրանք արևին տեսնում էին միայն օրվա կեսին, երբ կեսօր էր, այն էլ վանդակի ճաղերի և լուսամուտի ապակիների ետևից: Երբ ամենուրեք դանդաղ մթնում ու մթնում էր` նրանք հասկանում էին, որ իրիկուն է և մոտ է գիշերը:
Իրիկնամուտին որոշ դեղձանիկներ քնում էին իրենց բներում, մի այլ խումբ դեռևս խաղում էր վանդակի փայտյա ձողերի վրա, ոմանք` բների վերևում նստած, խորասուզվում էին մտքերի մեջ, ոմանք էլ հավաքվում էին իրար շուրջ ու զրուցում:
Սիրունիկ դեղձանիկներն ամեն տեղի ու ամեն ինչի մասին զրուցում էին: Վանդակից դուրս մեծ աշխարհի, բարձր ծառերի, խիտ անտառների, սարերի ու գագաթների, դաշտերի ու մարգագետիների, գետերի ու ազատության մասին:
Դեղձանիկներից շատերը առհասարակ չէին հավատում այս խոսքերին. ախր նրանք թռչնավաճառի խանութի դուրսը հո չէին տեսել. որևէ տեղ չէին գնացել, որ տեսնեին: Նրանք միայն վանդակի ճաղերն էին տեսել, լուսամուտը, փողոցը և արևը: Գիտեին նաև մայրամուտը, գիշերը և առավոտը, այսքանը: Փողոցում հո չէր կարող անտառ, սար ու դաշտ, ծաղիկ ու գետ գոյություն ունենալ: Ամեն տեղից անտեղյակ այդ դեղձանիկները ասում էին, որ այդ խոսքերն առասպելներ են, հեքիաթներ են, սուտ են: Այդ խոսքերը մեր պապիկներն ու տատիկները ասել ու մենք էլ սովորել ենք: Նրանք ասում էին.
- Աշխարհը հենց այս է, ինչ մենք տեսնում ենք` հենց այս փողոցը, հենց այս խանութը, հենց այս մարդիկ, որ անցնում են խանութի առջևից, հենց այս վանդակը և հենց այս թռչնավաճառը: Աշխարհը սրանից մեծ չի լինի:
Սակայն որոշ թռչուններ ասում էին` ՙ Ոչ... ոչ... աշխարհը միայն այն չէ, ինչ որ դուք տեսնում եք, «Մեծ աշխարհ» ասածն էլ սուտ չէ, կատակ չէ, առասպել չէ: Մենք բոլորս հիշում ենք, որ մահից առաջ տատիկը երդվեց, որ այդ բոլորը ճշմարիտ, ճշմարիտ է: Նա ինքը ապրել էր մեծ անտառում: Նրան բռնել էին մեծ անտառից: Տատիկը հեքիաթ չէր պատմում, պատմում էր այն, ինչ տեսել էր և խոսում էր` իր տուն ու տեղից, իր կյանքից և ոչ թե իր երազանքներից ու ցնորքներից՚:
Դեղձանիկները այսպես խոսում ու զրուցում էին մինչև թռչնավաճառը անջատում էր լույսերը, փակում էր խանութի դուռը ու գնում էր:
Դեղձանիկները քնում էին:
Ձայնանուշ անունով մի դեղձանիկ, որ մշտապես մասնակցում էր զրույցներին ամբողջ սրտով ու հոգով, հավատում էր մեծ աշխարհին: Նա գիտեր, որ գոյություն ունի մեծ աշխարհը: Նա սիրում էր ազատությունը և երազում էր ճամփորդել մեծ աշխարհում:
Ձայնանուշը մի երգ էլ հորինել էր ազատության մասին և ամեն օր` առավոտից իրիկուն, տասն անգամ, քսան անգամ, գուցե և ավելին երգում էր այդ երգը:
Մի օր մի մարդ իր տղայի հետ թռչնավաճառի խանութը մտան: Մարդը ձեռքով բարևեց թռչնավաճառին,որոշ ժամանակ զրուցեցին իրար հետ, հետո մոտեցան դեղձանիկների վանդակին: Տղան էլ մոտեցավ և նայեցին դեղձանիկներին: Հենց այդ պահին Ձայնանուշը սկսեց երգել իր հորինած երգը: Նա ուզում էր, որ բոլոր դեղձանիկները հավատան մեծ աշխարհին ու սիրեն:
- Այդ ո±ր դեղձանիկն է երգում,- հարցրեց տղան:
Թռչնավաճառը ցույց տվեց Ձայնանուշին:
- Հայրիկ, հեց այդ դեղձանիկին գնիր:
Հայրը խոսեց թռչնավաճառի հետ: Վաճառողը բացեց վանդակի դուռը և ձեռքը ներս մտցրեց: Թռչունները վախեցած այս ու այն կողմ թռչկոտեցին, սակայն փախուստը ապարդյուն էր. Ձայնանուշը թռչնավաճառի ափի մեջ էր:
Թռչնավաճառը դեղձանիկին տեղավորեց մի փոքրիկ վանդակում և այն հանձնեց տղային:
- Եթե ես տեսնեմ մեծ աշխարհը,- բղավեց Ձայնանուշը,- եթե տեսնեմ դաշտն ու անտառը, սարերի գագաթները, եթե ծաղիկներին, գետերին ու ազատությանը գտնեմ, ես կգամ, որպեսզի ձեզ ասեմ` սուտ չէ մեծ աշխարհը:
Տղան, երբ տուն հասավ, դեղձանիկի վանդակը տեղավորեց լուսամուտի մոտ և, ինչպես ապսպրել էր թռչնավաճառը, ջուր ու կուտ բերեց, բացեց վանդակի դուռը, որպեսզի կուտն ու ջուրը վանդակի մեջ դնի: Մի պահ վանդակի դուռը բաց մնաց: Դեղձանիկը տեսավ վանդակի բաց դուռը և տեսավ, որ տղան իր կերամանը դուրս է հանել կուտ լցնելու համար: Դեղձանիկը առիթը բաց չթողեց, թռավ բաց դռան կողմը, դուրս եկավ վանդակից, թևածեց, թռավ լուսամուտին, թևածեց ու թռավ ծառի գագաթին:
Տղան ճչաց ու կանչեց հայրիկին, սակայն այլևս ուշ էր:
Ձայնանուշը ծառի ճյուղին նստած նայում էր շուրջը և իմանալու համար, թե որ կողմից է հարմար հեռանալու համար: Հիմա արդեն նա ազատ էր և կարող էր «Ազատության» միտքը հասկանալ և տեսնել «Մեծ աշխարհը»:
Դեղձանիկը սկսեց թռչել: Նա ամեն տեղ գնաց ու տեսավ անտառները, սարերն ու գագաթները, դաշտերն ու մարգագետիները, ծաղիկներն ու գետերը և…
Ձայնանուշը վստահ եղավ, որ «Ազատությունը» ճիշտ է, «Մեծ աշխարհը» ճիշտ է և դեղձանիկները իրավունք ունեն և պետք է հավատան և ուզենան «Ազատությունն» ու «Մեծ աշխարհը»:
Ձայնանուշը հիշեց դեղձանիկներին տված իր խոստումը. «Եթե «Մեծ աշխարհը» և «Ազատությունը» սուտ չլինեն, ես կվերադառնամ և ձեզ կասեմ, որ նրանց գտել եմ…» :
Ձայնանուշ դեղձանիկը սկսեց իր ճամփորդությունը դեպի քաղաք, դեպի թռչնավաճառի խանութն ու դեղձանիկների վանդակը: Թռչեց, թռավ, մինչև տեսավ քաղաքը, տեսավ խանութը և վանդակը: Տեսավ իր ընկերներին վանդակի ճաղերի ետևում: Նրանք գուցե սպասում էին իրեն և գուցե սպասում էին շատ ու շատ դեղձանիկների, որոնք գնացել ու չէին վերադարձել:
Ձայնանուշը արագորեն ցած սլացավ և նույն արագությամբ նետվեց դեպի խանութ, որպեսզի նստի վանդակի կողքին և զրուցի իր ընկերների հետ: Նա չնկատեց խանութի մեծ լուսամուտի ապակին: Գլխով դիպավ ապակուն, գլուխը պտտվեց և ապակու ետևում տապալվեց գետնին:
- Ա~խ…,- հառաչեցին դեղձանիկները,- Ձայնանուշը վերադարձավ բայց…լուսամուտը չտեսավ:
Թռչնավաճառը լսելով դեղձանիկների ձայնը գլուխը վեր բարձրացրեց և հանկարծ Ձայնանուշին տեսավ խանութի ապակու ետևում ընկած: Ձայնանուշը թփրտում էր, բայց թռչել չեր կարողանում: Թռչնավաճառը ուրախությամբ դուրս վազեց ու վերցրեց դեղձանիկին: Մի քանի կաթիլ ջուր կաթեցրեց նրա բերանի մեջ և զգուշորեն շոյեց մարմինը: Դեղձանիկը ուշքի եկավ: Վաճառողը Ձայնանուշին վանդակի մեջ դրեց ու մտածեց. «Նա իր ցանկությամբ վերադարձել է. բոլոր տեղերից ամենից շատ այստեղն է սիրել»:
Ձայնանուշի գլուխը շատ էր ցավում, դանդաղ վեր կացավ ու նստեց: Ընկերները օղակվել էին շուրջը ու նայում էին նրան:
Դեղձանիկները սպասում էին, որ ճամփորդությունից վերադարձաց դեղձանիկը պատմի այն ամենի մասին, ինչ տեսել է:
- Ես տեսա անտառները,- դանդաղորեն սկսեց պատմել Ձայնանուշը,-
Տեսա սարերն ու բարձր գագաթները:
Տեսա դաշտերն ու մարգագետինները:
Ես տեսա ծաղիկներն ու հոտոտեցի:
Տեսա գետերն ու նստեցի նրանց ափին:
Ես ճաշակեցի ազատության հրաշալի համը:
Եվ տեսա մեծ, մեծ աշխարհը:
Ազատությունը սուտ չէ, մեծ աշխարհը սուտ չէ, դեղձանիկները չեն ստեղծվել վանդակի համար…
Ձայնանուշի ձայնը դանդաղ նվազում ու թուլանում էր: Գլուխը շատ էր ցավում, քնել էր ուզում.
- Ազատությունը, ծաղիկը և…,- շշնջաց դեղձանիկը,- մեծ անտառը… ճշմարիտ են:
Ձայնանուշը այսքանը ասաց և վանդակի փայտյա ձողից վայր ընկավ: Գուցե քունը բռնեց, գուցե շատ հոգնած էր, որովհետև շատ հեռու, հեռու տեղից էր եկել:
Այդ պահին մի թռչուն բղավեց.
- Տեսաք, որ «Մեծ աշխարհը» սուտ չէ: Տեսաք, որ «Ազատությունը» ճշմարիտ է: Հիմա եթե բոլորդ հավատացիք Ձայնանուշի խոսքերին,- շարունակեց թռչունը,- եկեք միասին երգենք Ձայնանուշի հին երգը:
Եվ հանկարծ թռչունների բարձր ձայնը երկինք բարձրացավ.
«Մենք հավատում ենք խիտ անտառների գոյությանը:
Մենք հավատում ենք սարերի ու բարձր գագաթների գոյությանը:
Մենք հավատում ենք դաշտերի ու մարգագետինների գոյությանը:
Մենք հավատում ենք ծաղիկների ու ծաղիկների բույրի գոյությանը:
Մենք հավատում ենք «Մեծ աշխարհի» և «Ազատության» գոյությանը:
Մենք շուտով կջարդենք վանդակը և ազատ կլինենք…» :
Ձայնանուշ դեղձանիկը գուցե իր երկար քնի մեջ լսում էր իր երգը և ուրախ ժպտում էր…
Թարգ. պարսկերենից` Էդուարդ Հախվերդյանի
Комментариев нет:
Отправить комментарий