Տափաստանում կողք-կողքի շինված էին երկու յուրթ[1]: Մեկում մի աղքատ արաթ[2] էր ապրում, մյուսում` հարուստ։ Այս արաթները մի-մի որդի ունեին։ Չքավորի որդու անունը Անանդա էր, հարուստի որդունը՝ Բումբա։
Երբ Անանդան տասը տարեկան դարձավ, հայրը նրան իր մոտ կանչեց և ասաց.
– Գնա քաղաք, մի հարուստ մարդու մոտ ծաոա մտիր։ Ցերեկները տիրոջդ կծառայես, գիշերները գրել-կարդալ կսովորես։ Գրագետ մարդուց ձախորդությունն էլ է վախենում և հեռու է փախչում։
Հայրենի յուրթից հեռանալուց առաջ Անանդան մտավ հարևանի մոտ, սկսեց Բումբային համոզել, որ նա էլ իր հետ գնա քաղաք` գրել-կարդալ սովորելու։
Բումբան ձեռքը թափ տվեց, դեմքը թեքեց ու ասաց.
– Բախտը գրել-կարդալը չի տալիս, հարստությունն է տալիս։ Իմ հայրը հազարներով ոչխար ունի։ Ինչի՞ս է պետք սովորելը։ Առանց այդ էլ բախտավոր եմ. ինչքան քեֆս ուզի՝ կուտեմ –կխմեմ:
Անանդան գնաց քաղաք, ծառա մտավ մի պաշտոնյայի տան մեջ։ Ցերեկները տիրոջն էր ծաոայում, գիշերները, երբ բոլորը քնում էին, ինքը գրել-կարդալ էր սովորում։
Անցավ երկու տարի։ Անանդան արդեն արագ գրում էր և վարժ կարդում։
Վերադարձավ հոր մոտ և ասաց.
–Հայր, ինչպես պատվիրեցիր, այնպես էլ արել եմ. հիմա ես և՛ գրել գիտեմ, և՛ կարդալ։
– Վաղը նորից կգնաս քաղաք։ Ուզում եմ, որ սրինգ նվագել սովորես։ Լավ երաժիշտը կախարդից էլ զորավոր է, նա կարող է չար մարդուն ստիպել, որ ժպտա և քարսիրտ մարդուն կարող է բարեսիրտ դարձնել։
Անանդայի սիրտը չէր կտրվում հայրական յուրթից, բայց հոր խորհուրդը չկատարել չէր կարող։
Նորից գնաց Բումբայի մոտ, նորից նրան ասաց, որ իր հետ գնա։
Բայց Բումբան պատասխանեց.
– Ինչի՞ս է պետք սրինգ նվագելը։ Ես կարող եմ հարյուր նվագող վարձել, միայն թե ոսկի ու արծաթ ունենամ։
Անանդան քաղաք գնաց, նորից ծառա մտավ նույն մարդու մոտ։ Երբ արևը մայր էր մտնում, և պաշտոնյան պառկում էր քնելու, Անանդան գնամ էր քաղաքի մյուս ծայրը։ Այնտեղ ապրում էր մի ծեր երաժիշտ։ Նա հիանալի սրնգահար էր, բայց գրել-կարդալ չգիտեր։ Եվ Անանդային ասաց.
– Դա ինձ գրել-կարդալ սովորեցրու, ես քեզ սրինգ նվագել կսովորեցնեմ։
Վեց հարյուր գիշեր Անանդան եղավ երաժշտի մոտ։ Ոչ անձրևը, ոչ ցուրտը, ոչ բուքը, ոչ մի բան չէր խանգարում, որ սրնգահարի մոտ գնա։ Եվ ահա եկավ ժամը, երբ ծերունին Անանդային ասաց.
– Հիմա ինձանից էլ լավ ես նվագում, կարող ես վերադանալ հորդ մոտ։ Շնորհակալ եմ քեզանից, որ ինձ կարդալ սովորեցրիր։
Անանդան վերադարձավ տան։ Հայրը լսեց նրա նվագը և գոհ մնաց։ Իսկ երբ պառկում էին քնելու, ասաց.
–Վաղը նորից կգնաս քաղաք։ Ուզում եմ, որ շախմատ խաղալ սովորես։
Առավոտյան Անանդան նորից հեոացավ հայրենի տափաստանից, իսկ Բումբան այդ իմանալով` ծիծաղեց ու ասաց.
–Անանդայի հայրը չի սիրում իր որդան, շարունակ դուրս է քշում յարթից։
Վեց հարյուր օր Անանդան շախմատ էր սովորում և սկսեց այնպես լավ խաղալ, որ ոչ ոք նրա հետ մրցել չէր կարող:
Ուրախ ու երջանիկ Անանդան տուն վերադարձավ։ Բայց տանը նրան մեծ վիշտ էր սպասում։ Երր նա սովորում էր քաղաքում, ծերունի հայրը հիվանդացել էր և մեռել, իսկ հոր յուրթում ավազակներ էին տեղավորվել։ Անանդային տեսնելուն պես ավազակներն ասացին.
— Այսօր առավոտ շուտ գնալու ենք ձիեր գողանալու։ Քեզ էլ տանելու ենք, որ մեզ օգնես: Չգաս՝ գլուխդ կթոցընենք։
Լուսումութին ավազակները ճամփա ընկան՝ իրենց հետ վերցնելով նաև Անանդային։ Անանդան ետ նայեց և տեսավ, որ Բումբան էլ է գալիս, ավազակները նրան էլ էին ստիպել միանալ իրենց։ Գնացին-գնացին, մի լճի ափի իջան հանգստանալու։ Այստեղ Անանդան նայեց ավազակներին և սարսափեց. ի՜նչ չար դեմքեր ունեին։ Եվ իսկույն հիշեց հոր խոսքը. «Լավ երաժիշտը կախարդից էլ զորավոր է, նա կարող է չար մարդուն ստիպել, որ ժպտա և քարսիրտ մարդուն կարող է բարեսիրտ դարձնել»։
Անանդան թաքուն-թաքուն գնաց, մի եղեգ կտրեց, սրինգ շինեց և սկսեց մի տխուր եղանակ նվագել։
Լավ էր նվագում Անանդան, այնքան լավ, որ ավազակները նույնիսկ մոռացան, թե ուր են գնում։ Լսում էին նրանք թախծոտ եղանակը, և նրանց դեմքերը ավելի ու ավելի բարի էին դառնում։ Եվ երր Անանդան նվազելը վերջացրեց, ավազակները գոչեցին։
– էլի՛ նվագիր։ Որքան կարող ես։ Մենք երբեք այդպիսի նվագ չենք լսել։
Անանդան նորից սկսեց նվագել։ Նվագեց, մինչև արեգակը բարձրացավ զենիթ։ Այն ժամանակ ավազակների մեծավորն ասաց.
– Որպես պարգև լավ նվազելուդ համար քեզ ազատ ենք արձակում։ Խնդրիր մեզանից ինչ-որ ուզում ես։
Անանդան մատը մեկնեց Բումբայի կողմը ու ասաց.
– Խնդրում եմ սրան էլ բաց թողնեք և մեզ էլ լավ ձիեր տվեք։
Այդ ժամանակ ավազակները Բումբային հարցրին.
– Իսկ դու ի՞նչ կարող ես անել։
– Ես ոչ մի բան էլ չեմ կարող անել,— պատասխանեց Բումբան։
– Ուրեմն քեզ բաց չենք թողնի,— ասացին ավազակները։— Ով ոչինչ անել չգիտի, լավ գող կդառնա։
Եվ Անանդան ձի նստեց ու մեն-մենակ ճանապարհ ընկավ։ Գնաց-գնաց, հասավ մի մեծ խոտ-այլ[3], բայց թե ինչպես էր ապրելու, ինքն էլ չգիտեր, ոչ փող ուներ, ոչ ուտելու բան։
Իսկ այդ խոտ-այլում մի մեծ, ճերմակ յուրթ կար, մեջը այնքան շատ ուտելիք, որ կարելի էր միանգամից հարյուր մարդ կշտացնել։ Այդ յուրթի տերը մի հարուստ մարդ էր։ Ամբողջ խոտ –այլում միայն նա գրել գիտեր։ Ով որ իր համար մի շաբաթ ձրի աշխատում էր, նրան մի թուղթ էր տալիս։ Այդ թղթով ճերմակ յուրթից կարելի էր մի քիչ միս, ճարպ, աղ ու հասարակ թեյ ստանալ։
Անանդան այս որ իմացավ, հարյուր այդպիսի թուղթ գրեց և բաժանեց բոլոր քաղցած արաթներին։ Արաթները գնացին ճերմակ յուրթի մոտ, թղթերը ցույց տվեցին պահակին և եղած ուտելիքը վերցրին։ Այդ օրը չքավոր մարդիկ առաջին անգամ իրենց օրում կուշտ հաց կերան։ Հետո նրանք Անանդային ասացին.
- Շնորհակալ ենք քեզանից, որ մեզ կուշտ կերակրեցիր։ Իսկ հիմա շուտ գնա այստեղից, թե չէ ճերմակ յուրթի տերը քեզ կբռնի և կապել կտա ձիու պոչից։
Անանդան լսեց բարի մարդկանց խորհուրդը, թողեց հեռացավ։ Գնաց-գնաց, հասավ հարևան իշխանի հողը, տեսավ այստեղ բոլոր մարդիկ տխուր են. ոչ ծիծաղ է լսվում, ոչ երեսներին ժպիտ է երևում։ Հարցրեց, թե ինչու այստեղ բոլոր մարդիկ տխուր-տրտում են: Եվ մարդիկ պատասխանեցին.
–Մեր խանը շատ է սիրում շախմատ խաղալ։ Ամեն օր խանի ցիրիկները[4] մեկնումեկին բոնում են, տանում խանի հետ շախմատ խաղալու։ Ով որ խանին տանուլ է տալիս, գլուխը կտրում են։
Անանդան հարցրեց.
– Իսկ եթե խանն է տանուլ տալիս, այն ժամանակ ի՞նչ են անում։
– Այդպիսի բան դեռ չի եղել,— ասացին մարդիկ։— Մեր խանը բոլորից լավ է խաղում։
Անանդան մոտեցավ խանի յուրթին, տեսավ՝ ոչ հեռու մի մարդ նստած դառն-դառն լաց է լինում։ Լավ նայեց, տեսավ՝ Բումբան է։
– Այդ ինչո՞ւ ես լալիս,— հարցրեց Անանդան։
– Փորձանքն ինձանից անպակաս է,— հառաչեց Բումբան։— Ավազակներից մի կերպ գլուխս ազատեցի, փախա։ Հիմա էլ խանի ցիրիկներն են բռնել, ստիպում են խանի հետ
շախմատ խաղալ։
— Վատ է բանդ,— ասաց Անանդան։— Գլուխդ կկտրեն։
Նորից լաց եղավ Բումբան ե աղաչեց.
— Ինձ շախմատ խաղալ սովորեցրու։ Ով գիտի, գուցե կարողանամ տանել խանին։
Անանդան պատասխանեց.
— Երևում է, մոռացել ես հին ասացվածքը. «Լավ բանից հրաժարվելը հեշտ է, սովորելը՝ դժվար»։
Այդ ժամանակ դուրս եկավ խանը, հրամայեց սեղանը դնել յուրթի մոտ ե սկսեց շախմատ խաղալ Բումբայի հետ։ Բումբան մի հիմար քայլ արեց, ապա՝ երկրորդ հիմար քայլը, իսկ երրորդ քայլին տարվեց։
Խանը թուրը դուրս քաշեց, վրա բերեց, որ Բումբայի գլուխը թոցնի։ Բայց այդ ժամանակ աոաջ եկավ Անանդան և ասաց.
– Սպասիր մի քիչ, ով մեծ խան։ Հիմա ինձ հետ խաղա։ Եթե տանուլ տամ, երկուսիս գլուխն էլ թռցրու։
– Լավ,— համաձայնեց խանը։— Երևում է, գլուխդ քոր է գալիս։ Նստիր խաղանք։
Անանդան նստեց և հարցրեց խանին.
— Եթե ես տանուլ տամ, իմ գլուխն ես կտրելու։ Իսկ եթե դու տանուլ տաս, ի՞նչ է լինելու։
Ծիծաղեց խանը և ասաց.
–Ես ոչ ոքի դեո տանուլ չեմ տվել, իսկ քեզ պես ջահելին իսկի չեմ տարվի։ Բայց եթե դու հաղթես, խոստանում եմ ինչ էլ խնդրես՝ կատարեմ։
Խաղն սկսեցին։ Շուրջը մեծ բազմություն հավաքվեց՝ որը հետևակ, որը ձիավոր։ Մի ժամ էլ չանցած՝ Անանդան խանին հաղթեց։
Խանը վեր թռավ գժված-կատաղած, բայց ի՞նչ կարող էր անել, ինքն էր խոստացել պարտվելու դեպքում կատարել Անանդաի ամեն մի խնդիրքը։
– Էս միայն մեկ խնդիրք ունեմ,— ասաց Անանդան։— Սրանից հետո թող քո իշխանության սահմաններում մահապատիժ չլինի։
Ժողովուրդն այս լսելով գոչեց.
– ճի՛շտ է, ճի՛շտ է, բարի բան է խնդրում։
Խանը տեսավ, որ ճար չունի, հրամայեց բոլորին հայտարարել.
– Իմ խանության սահմաններում սրանից հետո արգելում եմ մահապատիժը։
Բումբան նետվեց Անանդայի մոտ, գրկեց նրան և ասաց.
– Բախտավոր ես դու, որ խաղը տարար։ Եվ Անանդան պատասխանեց.
– Ես երիցս բախտավոր եմ։ Բախտավոր եմ, որ լսեցի իմ հոր խոոհուրդները։ Բախտավոր եմ, որ մանուկ հասակում սովորել եմ աշխատել։ Բախտավոր եմ, որովհետև իմ աշխատանքը չարսիրտներին բարեսիրտ է դարձնում, իսկ դաժաններին՝ անզոր։
Комментариев нет:
Отправить комментарий