Կար մի ծաղկազարդ հովիտ: Այնտեղ աղավնին հյուսում էր իր բույնը, և ամառ-ձմեռ երգում էր առուն քաղցր ու դուրեկան: Գույզգույն թռչնիկները դայլայլում էին և հրաշալի հեքիաթներ պատմում ծառերին ու ծաղիկներին:
Գեղեցի~կ էր հովիտը… Բայց ահա թե ինչ պատահեց մի օր:
Հովտում ապրում էր թունավոր օձը: Նա շատ չար էր, նախանձոտ: Համարձակ սողում էր ծառերի ու ծաղիկների միջով և ոչ մի բանից չէր վախենում: Ամռանը ընտրում էր մի բաց, ավազոտ տեղ, պառկում և տաքանում էր արևի տակ: Եվ որքան շատ էր տաքանում, այնքան էլ շատ էր լցվում չարությամբ և ատելությամբ: Նա ծաղիկները մահացու թույնով թրջում էր, որ թառամեն: Բայց ծաղիկները չէին թառամում և տարածում էին իրենց քաղցր ու քնքուշ բուրմունքը:
Այնտեղ, ուր օձն էր սիրում պառկել ու տաքանալ, ցածրիկ թփերում աղավնին բույն էր հյուսել: Նա հանել էր երկու սիրունիկ ձագուկ: Աղավնին շա~տ, շա~տ էր սիրում նրանց: Թռչում էր հեռու, որդեր էր բերում, կերակրում իր ձագուկներին: Ամբողջ օրը տանջվում էր, և ինչպե՞ս չտանջվեր. սոված կմնային իր սիրելի բալիկները:
Հենց որ մայրիկը բույն էր մտնում, ձագուկները բաց էին անում բերանները և կերակուր խնդրում: Մայրը կտուցով կերակրում էր նրանց և ուրախանում: Օձը տեսնում էր, և նրա սիրտը լցվում էր չարությամբ ու նախանձով: Նա նախանձում էր, որ աղավնին ձագեր ունի, սիրում ու փայփայում էր նրանց: Նա չէր ուզում, որ աղավնու ձագերն ապրեն արևի տակ, մեծանան, սավառնեն մաքուր օդում, դայլայլեն մաքուր ու ծաղկազարդ հովտում:
_Սպասեցե~ք,-ֆշշում էր նա,- ես ձեր բերանները այնպես կփակեմ, որ այլևս չբացվեն…
Եվ ահա մի օր, երբ մայր աղավնին դարձյալ գնացել էր որդեր ճարելու, օձը բարձրացավ ծառի վրա: Ահա բույնը: Սիրուն, անմեղ աղավնիները անհամբեր սպասում էին իրենց մորը: Օձը լեզուն հանեց, իբրև որդ, տարավ դեպի նրանց բացած բերանները և թույն լցրեց…
Շուտով մայր աղավնին վերադարձավ: Նա այնպե~ս էր շտապում կերակրել իր ձագուկներին: բայց նրանց բերաններն արդեն փակ էին:
Օձը նայում էր ու ծիծաղում:
Աղավնին կտցով շուռ ու մուռ տվեց իր ձագուկներին, բայց իզուր. Նրանք արդեն անշնչացած էին: Մայրը վշտից իրեն կորցրեց: Իսկ օձը ծիծաղում էր:
Դժբախտ մայրը, խելագարի նման, պտտվում էր բնի վերևում, նետվում էր ճյուղից ճյուղ: Չհավատալով իր աչքերին, բույնն էր մտնում, նայում իր բալիկների սառած աչքերին, նորից օդ բարձրանում, ինչ-որ ձայներ հանում:
Իսկ օձը ծիծաղում էր:
Մայրը նետվում էր դեպի առուն, կտցով ջուր էր բերում և ցողում իր ձագուկների գլուխները…
Իսկ օձը ծիծաղում էր…
Օրեր անցան: Մայր աղավնին այլևս չերևաց… Բույնը մնաց դատարկ…
Իսկ օձը ծիծաղում էր…
Բայց մի օր էլ վերջ տրվեց օձի չար ծիծաղին: Անտառի գեղեցկությունն ու պարծանքը` եղջերուն, որոշեց պատժել նրան: Օձը սովորականի պես տաքանում էր արևի տակ: Հանկարծ քունը տարավ: Հենց այդ ժամանակ եղջերուն անշշուկ մոտեցավ և ոտքով սեղմեց նրա գլուխը: Օձը թպրտաց, բայց չկարողացավ գլուխն ազատել: Քիչ անց, նա անշարժացավ:
Արևը շողշողաց ավելի պայծառ, առուն երգեց ավելի ուրախ, թռչունները դայլայլեցին ավելի զիլ ու զվարթ, և ավելի անուշ բույր տարածեցին գույնզգույն ծաղիկները:
Իսկ երկու ծիտիկ ճանապարհ ընկան, որ գտնեն աղավնուն և հայտնեն նրան չարասիրտ օձի մահվան լուրը…
Փոխադրեց` Պ. Միքայելյան
Комментариев нет:
Отправить комментарий