воскресенье, 8 мая 2011 г.

Ի. ԻՍՏՐԱՏԻ / Կախարդական ձուն (ռումինական հեքիաթ)

Ժամանակով մի պապիկ ու տատիկ են լինում: Նրանք շատ աղքատ են լինում: Ոչինչ չեն ունենում բացի մի հավից: Էս հավն էլ երբ ձու է ածում` ձուն անհայտ կորչում է:
Այսպես անցնում են օրերն իրար ետևից: Պապիկը շատ է մտածում, դարդ անում: Մի անգամ էլ որոշում է հետևել հավին: Մեկ էլ տեսնում է հավը ձու ածեց, իսկ ձուն անմիջապես սկսեց գլորվել ու քանի գնաց այնքան արագ սկսեց գլորվել: պապիկը վազում է նրա ետևից ու քիչ է մնում, որ հասնի, բայց պարզվում է, որ Ձուն կախարդական է, որովհետև, հենց որ պապիկը ձեռքն է վերցնում, Ձուն խոսում է.
–Բաց թող ինձ, ա’յ պապիկ, թե չէ հետո կափսոսաս:
Պապիկը նրան բաց է թողնում:
Ձուն ճամփա է ընկնում: Գլորվում է, գլորվում… մեկ էլ, հո’պ, նրա դեմն է դուրս գալիս Խեցգետինը.
–Այդ ո՞ւր ես գնում, ա’յ Ձու:
–Գնում եմ ուր որ պետք է: Արի միասին գնանք:
–Գնանք,–ասաց Խեցգետինը և գնաց Ձվի ետևից:
Գնացին, գնացին, մել էլ հանդիպեցին մկնիկին:
–Այդ ո՞ւր ես գնում, Ձո’ւ,–հարցրեց մկնիկը:
–Գնում եմ ուր որ պետք է: Արի ինձ հետ:
Եվ նրանք գնացին երեքով:
Այսպես գնացին, գնացին, մինչև հանդիպեցին Կատվին:
Այդ ո՞ւր ես գնում ընկերներիդ հետ, Ձո’ւ:
–Գնում եմ ուր որ պետք է: Արի միասին գնանք:
–Գնանք,–ասաց Կատուն:
Եվ նրանք բոլորը միասին շարունակեցին իրենց ճանապարհը:
Քիչ էլ գնացին, նրանց դեմ դուրս եկավ խթանավոր Աքլորիկը:
–Բարի օր, Ձվիկ, ո՞ւր ես գնում:
–Գնում եմ ուր որ պետք է: Արի միասին գնանք:
–Գնա’նք,–ասաց Աքլորիկը:
Եվ հինգն էլ գնացին անտառի կողմը: Անտառի ծայրին նրանք հանդիպեցին Այծին:
–Այդ ո՞ւր ես վազում քաջերիդ հետ, Ձո’ւ,–հարցրեց Այծը:
–Գնում եմ ուր որ պետք է: Արի միասին գնանք:
–Գնանք:
Նրանք գնացին, գնացին հասան անտառի ամենախիտ տեղը և շուտով մի տուն տեսան: Այդ տանն ապրում էին տասներկու ավազակ Աղվեսները:
Ձուն պտտվեց տան շուրջը և ներս գլորվեց: Տանը ոչ ոք չկար: Աղվեսները գնացել էին թալանի: Այդ ժամանակ Ձուն ասաց.
–Ես կպառկեմ վառարանի մոխրի մեջ, Մկնիկ, դու բարձրացիր այ այն անկյունի անցքը, Խեցգետին, դու ջրով լի չանը մտիր, Կատու, դու պառկիր վառարանի վրա, Աքլորիկը վազելով կբարձրանա ձեղնահարկը, իսկ դու` Այծիկ, թաքնվիր դռան ետևի խոտերում:
Այդպես էլ արեցին: Ուշ գիշերին ավազակ աղվեսները տուն եկան: Աղվեսներից մեկը ուզում էր վառել վառարանը, բայց երբ նա մոտեցավ օջախին, որ մոխիրը մաքրի, հանկարծ` փո~ւֆֆ: Այդ ձուն էր, որ Աղվեսի աչքերին մոխիր  փչեց: Մյուս Աղվեսը վազեց ջուր բերի, նրա աչքերը լվանա; Դա էլ հենց որ մոտեցավ չանին` Խեցգետինը բռնեց նրա թաթից ու ինչքան ուժ ուներ կսմթեց:
–Պի’… պի’… պի’…–անկյունից ծվծվաց Մկնիկը:
Իսկ Կատուն վառարանի վրայից սկսեց մլավել.
–Մյաո~ւ, մյաո~ւ…
Աղվեսները վախեցան, դռնից դուրս թռան:
Հենց նրանք տնից դուրս փախան, Աքլորիկը կանչեց.
–Ծուղրուղո~ւ:
Այստեղ էլ այծն սկսեց նրանց պոզահարել:
Աղվեսները պո~ւկ, այնպես փախան, որ հետքերն էլ չերևաց:
Այդ ժամանակ Ձուն բաց արեց սրահի և ամբարի դռները: Ավազակ Աղվեսների սրահում սագերին ու բադերին թիվ չկար: Իսկ ամբարը պայթում էր եգիպտացորենի ու կորեկի պարկերից: Ձուն ու ընկերները վրա թափվեցին, վերցրին ո’րը մի սագ, ո’րը մի բադ, ո’րը կորեկի մի պարկ, ո’րը եգիպտացորենի:
Այս բոլորը տարան տվեցին պապիկին ու տատիկին:
Իսկ պապիկն ու տատիկը Ձվին մեծ հարգանքով ընդունեցին իրենց տուն:

Թարգմ. Ք. Միրխավորյանի

Комментариев нет:

Отправить комментарий