среда, 18 мая 2011 г.

ՀԱՏԻԿԱՑՈՒԳԻ (ճապոնական հեքիաթ)

Հին ժամանակ Կավատի գավառի Կատանո գյուղում ապրել է Սանետակա անունով մի սամուրայ: Նա շատ հող է ունենում, շատ փող, գեղեցկուհի կին, բայց միայն երեխաներ չի ունենում:
Ամուսիններն սկսում են աղոթել Կոննոն[1] աստվածուհուն, որ իրենց գոնե մի երեխա ուղարկի: Եվ ահա նրանց մի աղջիկ է ծնվում:
Հայրն ու մայրը, Հասե աստվածուհու տաճարում շնորհակալություն են հայտնում, որ իրենց երեխա պարգևեց և Բուդդային խնդրում են, որ լինի իրենց աղջկա պահապանը:
Ժամանակն արագ է անցնում, բայց երբ բոլորում է աղջկա տասներեք տարին, հանկարծ ծանր հիվանդանում է նրա մայրը: Հայրն ու աղջիկն ինչքան էլ խնամում են հիվանդին, բայց օրեցօր դրությունը ավելի է վատանում:
Մի անգամ երեկոյան մայրն իր աղջկան կանչում է անկողնու մոտ, նիհար ձեռքով շոյում է նրա գլուխն ու ասում.
Ինչքա~ն երկար ծամեր ունես: Եթե ես երեք տարի էլ ապրեի, դու միանգամայն հասունացած աղջիկ կլինեիր:
Նա դառը լաց է լինում, հետո իր կողքից վերցնում է մի լաքած արկղ և դնում աղջկա գլխին: Մինչև աղջիկը գուշակում է, թե ինչ կա արկղի մեջ, մայրը հանգիստ նրա վրա դնում է փայտե մի մեծ կոտ, որը այնքան մեծ է լինում, որ նրա տակից ոչինչ չի երևում:
Ահա’,- խորը շունչ է քաշում մայրը թեթևացած,- ես կատարեցի գթության աստվածուհու կամքը: Նա աչքերը փակում է և հանգիստ մեռնում:
Աղջիկն ու հայրը լաց ու կոծով ընկնում են նրա վրա, բայց նա այլևս չի զարթնում:
Սանետական կնոջը թաղելուց հետո է միայն նկատում, որ աղջկա գլխին մի մեծ փայտե կոտ է դրված: Նա փորձում է վերցնել, բայց չի կարողանում, կարծես թե կոտը գլխին բուսած լիներ:
«Ա~խ, խե’ղճ աղջիկ,- մտածում է հայրը և տխուր նայում աղջկան,- առանց մոր մնաց հերիք չէր, հլա դեռ այլանդակվեց էլ»:
Իսկ մարդիկ հետաքրքրությամբ նայում են խեղճ աղջկան և կատակով նրան տալիս «Հատիակցուգի» մականունը, որը նշանակում է «կոտ տանող»:
Անցնում է մի  որոշ ժամանակ, հարազատների ու բարեկամների խորհրդով Սանետական երկրորդ անգամ է ամուսնանում: Բայց Հատիկացուգին չի կարողանում  մորը մոռանալ և հաճախ հիշում է նրան, ինչը դուր չի գալիս խորթ մորը: Խորթ մայրը չի սիրում խորթ աղջկան ու սկսում է մտածել, թե ինչպես ազատվի նրանից: Իսկ երբ խորթ մայրը երեխա է ունենում, Հատիկացուդգին տանն այլևս երեսատեղ չի ունենում: Նույնիսկ հայրն էլ է սկսում լսել խորթ մոր բամբասանքներին ու այլևս չի մտածում հարազատ աղջկա մասին: Աղջիկը բոլորի համար միայն արգելք էր հանդիսանում:
Հատիկացուգին ամեն օր գնում է մոր գերեզմանը: Նա գնում է և, արցունքներ թափելով, խնդրում նրան. «Շո’ւտ արա ինձ քեզ մոտ տար, մա’յր իմ, էլ ուժ չունեմ համբերելու»: Խորթ մայրն իմանում է, որ Հատիկացուգին գերեզման է գնում, ամուսնուն ասում է.
Քո աղջիկն ուզում է, որ մեզ այս աշխարհից ջնջեն, անիծվածը մեր տան վրա դժբախտություն է բերելու:
Ջղայնանում է հայրը և գոռում Հատիկացուգիի վրա:
Ես քեզ խղճում էի, բայց մտածում էի` ի՞նչ պահանջեմ քեզնից, երբ դու այսքան այլանդակ ես, իսկ դու մեր տանը դժբախտություն ես ցանկանում, անպետք, հեռացի’ր իմ տանից:
Խորթ մայրն ուրախանում է, բռնում Հատիկացուգիի ձեռքից, նրան հագցնում կեղտոտ լաթեր և դուրս հրում շեմքից:
Հատիկացուգին արտասվելով հեռանում է հոր տնից: Իսկ թե ո՞ւր պիտի գնար, ինքն էլ չգիտեր:
Նա գնում է, գնում և մի մեծ գետ է տեսնում:
«Անտուն թափառելու և սովից մեռնելու փոխարեն, ավելի լավ է ձեռք քաշել այս կյանքից»,- մտածում է Հատիկացուգին: Նա մոտենում է խոր հորձանուտին և իրեն ցած գցում: Սակայն չի կարողանում խորասուզվել. նրա գլխի փայտե մեծ կոտը նրան պահում է ջրի երեսին:
Այդ ժամանակ ձկնորսները նավակով անցնում են նրա կողքով: Նրանք նկատում են կոտը և ուզում են ջրից հանել, հանկարծ տեսնում են, որ կոտի տակ մարդ կա: Ձկնորսները վախենում են, բաց են թողնում Հատիկացուգիին և հեռու փախչում:
«Աշխարհում ինձնից դժբախտը չկա,- դառնությամբ մտածում է աղջիկը,- նույնիսկ մեռնել չեմ կարողանում»:
Նա մի կերպ ափ է դուրս գալիս ու նորից սկսում է թափառել, ինքն էլ չիմանալով, թե ուր:
Այսպես նա հասնում է ինչ-որ մի գյուղի: Գնում է փողոցով, իսկ մարդիկ բոլորը  նրան մատով ցույց են տալիս ու փսփսում.
«Տես, տես, մարդագայլ կոտ է մեզ մոտ եկել»:
Եվ գյուղում մի մարդ չի լինում, որ կերակրի կամ տեղ տա խեղճ Հատիկացուգիին:
Այնպես է պատահում, որ հենց այդ ժամանակ այդ գյուղի միջով իր շքախմբով անցնում է գավառի իշխանը: Նա հեռվից նկատում է կոտը գլխին աղջկան, որի շուրջը գյուղացիներ են հավաքված լինում:
Ի՞նչ է կատարվում այնտեղ, գնա, իմացիր,- հրամայում է նա ծառային: Ծառան շտապում է դեպի ամբոխը: Գյուղացիները հենց որ տեսնում են նրան, իսկույն ցրվում են, մնում է միայն Հատիկացուգին: Նա կանգնել և դառը արտասվում էր: Ծառան չի հասկանում, թե ինչու է աղջկա գլխին կոտ դրված:
Նա աղջկան տանում է իր պարոնի մոտ: Պարոնը նայում է աղջկան և ասում.
Հապա, մի կոտը հանեք դրա գլխից:
Դեպի աղջիկն են վազում մի քանի ծառաներ, հենց որ ձեռք են տալիս կոտին, աղջիկն բղավում է.
Ոչ, ոչ, այդ կոտը չի կարելի հանել:
Ծառաները չեն հավատում:
Իսկ ի՞նչու չի կարելի: Հիմար բաներ ես ասում:- Ծառաներն սկսում են կոտը ձգել-քաշել, բայց ոչինչ չի ստացվում, նա աղջկա գլխին էր աճել և չէր պոկվում: Ուրիշ ելք չկար, ստիպված էին այդպես էլ թողնել աղջկան: Զարմանում է իշխանը:
Որտեղի՞ց ես,- հարցնում է նա Հատիկացուգիին.- Ո՞վ է քեզ այդպես այլանդակել:
«Սրան պիտի ճիշտն ասեմ, հորս խայտառակեմ»,- մտածում է Հատիկացուգին և պատասխանում իշխանին:
Ծնվել եմ աղքատի ընտանիքում: Մայրս մահացավ, և ես անընդհատ լաց էի լինում: Հանկարծ մի անգամ երկնքից կոտն ընկավ ուղիղ իմ գլխին և այդպես էլ մնաց:
Աշխարհում շատ հրաշքներ է պատահում:- զարմանում է իշխանը:- Իսկ հիմա դու ո՞ւր ես գնում:
Ես գնալու տեղ չունեմ,- պատասխանում է աղջիկը:- Մորս մահից հետո ես այլևս հարազատներ չունեմ: Ո՞ւմ եմ պետք այսպիսի այլանդակությամբ, բոլորն ինձ դուրս են վռնդում, բոլորն ինձնից խուսափում են:
Իշխանը նրան խղճում է և ասում.
Այո’, դու վատ ես ապրում: Արի’ իմ տուն:
Եվ այդպես Հատիկացուգին ընկնում է իշխանի տունը: Այդտեղ ավագ աղախինը նրան հարցնում է.
Դու մի որևէ բան անել գիտե՞ս:
Երբ Հատիկացուգին դեռ փոքրիկ էր, մայրը նրան սովորեցրել էր ևկարդալ, ևոտանավորներ հորինել, ևկոտո[2] ու բիվա[3] նվագել: Բայց աղախին դառնալու համար դրանից ոչ մեկը հիմա պետք չէր: Հատիկացուգին շփոթվում է:
Ոչ,- պատասխանում է աղջիկը,- ոչինչ չգիտեմ:
Դե հիմա գնա, լողանալու համար ջուր տաքացրու,- ասում է ավագ սպասուհին: Եվ Հատիկացուգին դառնում է վառարան վառող: Նա զարթնում է վաղ առավոտյան և աշխատում օրնիբուն, մինչև ուշ երեկո, մինչև որ բոլորը քնում են: Նա մեկ ջուր է բերում, մեկ կաթսայի տակը կրակ վառում: Նա միշտ շրջում էր յուղոտ ու մրոտ: Առավոտյան նրա վրա գոռում են.
Է~յ, բավական է քնես, վեր կաց, ջուր պատրաստիր լվացվելու համար և շուտ արա:
Երեկոյան հայհոյում են.
Ի՞նչ ես ռեխդ բացել, պարոնն արդեն եկել է:
Այդպես նա անց է կացնում իր օրերը, կաթսայի ու ծխի, մրի մեջ: Իսկ երբ ազատ ժամանակ է ունենում, Հատիկացուգին առանձնանում է մի խուլ անկյուն, որ ոչ մեկ իրեն չտեսնի և մի կուշտ լաց լինում:
Իշխանը չորս տղա է ունենում: Երեք ավագ որդիներն արդեն ամուսնացել էին և իրենց գեղեցկուհի կանանց տուն բերել, իսկ ամենակրտսերին` Սայսյոյին, նույնիսկ դեռ հարսնացու չէին գտել:
Սայսյոն շատ բարի սիրտ ուներ: Նա տեսնում է, թե ինչպես է Հատիկացուգին առավոտից մինչև ուշ գիշեր աշխատում, ամենասև աշխատանքը կատարում, և նրա սիրտը ճմլվում է: Մյուսները Հատիկացուգիին միայն կշտամբում են, իսկ նա, ամեն անգամ նրան հանդիպելիս, սիրալիր զրուցում է նրա հետ: Լուրը հասնում է մյուս աղախիններին:
Ինչի՞ համար է երիտասարդ իշխանը սիրում այդպիսի այլանդակին:
Նրանք իշխանի մոտ սկսում են Հատիկացուգիին բամբասել: Նրանք էլ չէին սիրում Հատիկացուգիին: Որոշում են առաջին իսկ առիթով Հատիկացուգիին վռնդել տնից: Այդ մասին իմանում է Սայսյոն և տխրում: Նա գալիս է իր հոր և մոր մոտ ու ասում.
Բա դուք չե՞ք խղճում այդ դժբախտ աղջկան, թեկուզ նա գեղեցիկ չէ, բայց ես սիրում եմ նրան: Թույլ տվեք ես նրա հետ ամուսնանամ:
Իշխանը զայրանում է,հայհոյում որդուն և նույնիսկ արգելում նրան Հատիկացուգիի հետ խոսել: Բայց Սայսյոն որոշում է այդ դժբախտ աղջկան չթողնել նեղության մեջ: Նա գիշերները չի քնում, մտածում է` ինչպես անի, որ Հատիկացուգին ընդմիշտ մնա իր հոր տանը:
Այդ բանը նկատում է Սայսյոյի մայրը և անհանգստանում: Իր մոտ է կանչում դայակին և հարցնում.
Չկա՞ այնպիսի մի միջոց, որ ստիպենք Հատիկացուգիին` ինքը թողնի և հեռանա:
Ծեր դայակը շատ խորամանկ կին է լինում, նա գլխի է ընկնում, թե բանն ինչումն է և ասում է.
Իսկ դուք հայտարարեք, որ ուզում եք Հատիկացուգիին ամուսնացնելՍայսյոյի հետ և տեսակցություն կազմակերպեք: Հրավիրեք ձեր բոլոր հարսներին, թող Հատիկացուգին տեսնի նրանց գեղեցկությունը: Ինչպիսի անամոթ աղջիկ էլ որ լինի, զգալով այդպիսի խայտառակությունը, չի դիմանա և ստիպված ինքը կփախչի տնից: Այն ժամանակ երիտասարդ Սայսյոն էլ կհրաժարվի նրանից:
Իշխանուհին շատ է ուրախանում, որ Հատիկացուգիից ազատվելու հնարը գտավ և հայտարարում է, որ իշխանի տանը կազմակերպվում է տեսակցություն:
Սայսյոն, լսելով այդ մասին, իսկույն ամեն ինչ հասկանում է ու տխրում: Նա գալիս է Հատիկացուգիի մոտ և ասում.
Մեր տանը քեզ ատում են և ուզում են քեզ վրա ծիծաղել: Ի՞նչ պետք է անես:
Աղջիկը լաց է լինում.
Այդ բոլորը նրանք հնարել են, որ ինձ այստեղից դուրս վռնդեն: Ավելի լավ է, ես ինքս հեռանամ:
Սայսյոն վախենումէ.
Ի՞նչ ես ասում, մենակ ո՞ւր պիտի գնաս: Չե՞ որ քեզ բոլորն էլ ծաղրում են, իսկ դրա համար ես կտանջվեմ: Ոչ, դու ուր էլ որ գնաս, ես քեզ մենակ չեմ թողնի:
Նրանք երկուսով ճանապարհի համար պատրաստություն են տեսնում և մութ գիշերով, երբ ամեն ինչ պատրաստ էր, լուռ հեռանում են տնից:
Հենց նոր էին նրանք դուրս եկել բակից, երբ հանկարծ երկնքում պղնձի հայելու[4] պես երևում է մեծ ու փայլուն լուսինը:
Հատիկացուգին նայում է լուսնին: Լուսինը փայլում է հենց այն կողմը, որտեղ Հասե տաճարն էր կանգնած:
Աղջիկը ձեռքերը խաչաձև ծալում է կրծքին և մրմնջում.
Միլքիր ինձ, գթության աստվածուհի:
Եվ հենց այդ րոպեին նրա գլխից վայր է ընկնում կոտը և գետին թափվում ոսկե դրամներ ու թանկարժեք քարեր:
Սայսյոն նայում է Հատիկացուգիին և զարմանում. Նրա առջև կանգնել էր շատ գեղեցիկ մի կին, որի նմանը դեռ ոչ ոք չէր տեսել:
Նա կռանում է և փայտե կոտի մեջ տեսնում երկու թանկարժեք արկղիկ: Նրանցից մեկի մեջ ոսկե և արծաթե թանկագին զարդարանքներ էին, իսկ մյուսի մեջ` խորամիտ զարդանկարներով նախշված թանկարժեք շորեր:
Նրանք շատ են ուրախանում: Այժմ նրանց պետք չէր իշխանի տնից փախչել: Սայսյոն ու Հատիկացուգին ետ են վերադառնում և հանգիստ սպասում այդ օրվա գալուն:
Իսկ տանը միայն խոսում են տեսակցության մասին: Բոլորը մտածում են, գուշակություններ անում, թե արդյոք Հատիկացուգին կունենա՞ այդքան համարձակություն իշխանի ավագ որդիների կանանց հետ խոսելու:
Եվ ահա գալիս է տեսակցության ժամը:
Իշխանի ավագ որդիները տոնական, մաքուր շքասրահ են բերում իրենց կանանց և նստեցնում պատվավոր տեղում: Ամենից ավագ որդու կինը քսանենեք տարեկան էր, երկրորդ եղբոր կինը` քսան, իսկ երրորդի կինը վերջերս էր բոլորել տասնութ տարին: Բոլորը հագնված և պճնված էին, որոնց նայելուց չէիր կշտանում: Բոլոր գեղեցկուհիներն էլ կարծես ընտրովի լինեին, մեկը մյուսին ոչնչով չէր զիջում:
Իսկ ներքևում, նրանցից քիչ հեռու, բաց տախտակների վրա փռել էին մի հին խսիր, որով հատակն էին ծածկում: Մտածել էին այդտեղ Հատիկացուգիին նստեցնել:
Բոլորը հավաքվել և սպասում էին, թե երբ է գալու Հատիկացուգին: Բայց նա չկար ու չկար:
«Եվ ինչո՞ւ նա չի հեռացել տնից»,- սրտի ցավով մտածում էր իշխանը:
Բայց ահա, վերջապես հայտնվում է Սայսյոն` Հատիկացուգիի թևից բռնած:
Բոլորը զարմանքից ապշում են, երբ տեսնում են, որ խեղճ ու  մրոտ աղախնի փոխարեն ներս է մտնում տասնվեցամյա, հարուստ հագուստներով ու վեհ կեցվածքով մի չտեսնված գեղեցկուհի: «Արդյոք երկնքի՞ց չի իջել մեզ մոտ»,- մտածում է նրանցից յուրաքանչյուրը: Հատիկացուգիի հագուստներն այնքան շլացուցիչ վառ ու շքեղ էին, որ թվում է, թե նրա ներկայությունը տունն ավելի է լուսավորում: բոլորն էլ քարանում են իրենց տեղում և զարմանքից ոչ ոք չի կարողանում մի բառ ասել:
Իսկ այդ ժամանակ Հատիկացուգին իր հրաշագեղ հագուստներով գնում է իրեն հատկացված տեղը: Բայց հենց ուզում է ոտք դնել խսիրի վրա, իշխանն ինքը վազում է ու բռնում նրա թևից.
Մի՞թե կարելի է այսպիսի գեղեցկուհուն այստեղ թողնելը:
Իշխանը նրան տանում է և նստեցնում Կամիձայի[5]  վրա, իր կողքին: Այստեղ Հատիկացուգին վրայից հանում է ոսկե թանկարժեք զարդերը, որը գտել էր փայտե կոտի մեջ և տալիս Սայսյոյի մորն ու հորը: Ավագ որդիների երեք կանանցից ոչ մեկը այդպիսի գեղեցիկ ու թանկարժեք նվերներ չուներ: Հատիկացուգին այստեղ հավաքվածներից անհամեմատ ամենագեղեցիկն էր:
Սայսյոյի հայրն ու մայրը շատ են ուրախանում, որ իրենց տղան այդպիսի գեղեցիկ հարսնացու ունի: Իսկ ավագ եղբայրների կանանց նախանձը հանգիստ չի տալիս: Նրանք մտածում են, թե ինչպես անեն, որ սրտնեղություն պատճառեն Հատիկացուգիին: Մտածում են, մտածում և որոշում են կազմակերպել երաժշտական գործիք նվագելու մրցություն: Նրանցից մեկը սկսում է բիվա նվագել, միջնեկը` սրինգ, կրտսերը` թմբուկ, իսկ Հատիկացուգիին տալիս են կոտո: Սկզբում Հատիկացուգին ուզում է հրաժարվել, իսկ հետո հիշում է, որ իր մայրն իրեն սովորեցրել է նվագել և մատները քսում է լարերին: Պալատը լցվում է հրաշալի հնչյուններով, և ոչ մեկը չի կարողանում նրանից լավ նվագել:
Երեք եղբայրների կանայք տեսնում են, որ այս անգամ էլ իրենց չհաջողվեց ամաչեցնել Հատիկացուգիին և վերցնում են տուշ թանաքն ու թուղթը և ասում.
Եկեք ոտանավորներ հորինենք, ով մի թանկայով[6] կարողանա գովերգել գարնան, ամռան և աշնան ծաղիկները, նա էլ մեր մեջ կլինի առաջինը:
Հատիկացուգին հրաժարվում է. նա ինքն անուսում, որտեղի՞ց կարող է ոտանավոր հորինել: Բայց նրան ոչ ոք լսել անգամ չի ուզում: Ուրիշ ելք չկար, նա վրձինը վերցնում է և գեղեցիկ ձեռագրով գրում այս բանաստեղծությունը.

Սիրուն բալենին ծաղկում է գարնանը,
Նարնջենին ամռանը մրգեր է տալիս,
Ոսկե ծաղիկը բացվում է աշնանը.
Այդ ո՞ր ծաղիկն է, որ արտասվելիս`
Ցող-արցունքներից հակինթ է թափում:

Ավագ եղբայրների կանայք կարդում են ու լռում. նրանք հասկանում են, որ լավ կլինի կյանքում իրենք այլևս չգրեն: Եվ նրանք խոնարհվում են Հատիկացուգիի առաջ:
Իշխանը կրտսեր որդու համար գեղեցիկ պալատ է կառուցում, նվիրում բերքառատ դաշտեր, և Սայսյոն Հատիկացուգիի հետ ապրում է երջանիկ ու բախտավոր:
Անցնում են մի քանի տարի, նրանք երեխաներ են ունենում: Հատիկացուգին հիշում է իր հորը և մտածում. «Երանի տեսներ, թե ինչպիսի թոռներ ունի»:
Այնպես է պատահում, որ Հատիկացուգին իր ամուսնու հետ գալիս է Հասե տաճար` գթության աստվածուհուն շնորհակալություն հայտնելու: Հանկարծ տեսնում է, որ տաճարի մի անկյունում նստած է ինչ-որ ծեր ճգնավոր, կեղտոտ լաթերը հագին, և եռանդագին աղոթում է Բուդդային: Հատիկացուգին նայում է ու ճանաչում, որ այդ հին լաթեր հագած ճգնավորն իր հայրն է:
Ծերունին արտասվելով գրկում է իր աղջկան: Իսկ հետո սկսում է պատմել.
Այն օրից, ինչ ես քեզ դուրս եմ վռնդել, բախտն ինձնից երես է թեքել: Վատնեցի իմ ամբողջ հարստությունը, իսկ ծառաներս դաժան կնոջ երեսից` հեռացան ինձնից: Ես հիշեցի քեզ և ուզում էի գոնե մի անգամ տեսնել իմ Հատիկացուգիին: Ճգնավորի շորեր հագա, որ թափառելը հեշտ լինի և դուրս եկա քեզ փնտրելու: Երկար թափառեցի, շրջեցի ամբողջ Ճապոնիան, մտածելով` ահա ուր որ է կգտնեմ քեզ: Բայց այսօր միայն բախտն ինձ ժպտաց:
Հատիկացուգին հորը տանում է իր տուն և ծերունին իր աղջկա ու թոռների հետ  ապրում է երջանիկ ու բախտավոր:


[1]     Կոննոն- գթության աստվածուհի:
[2]     Կոտոն տասներեք լարանի երաժշտական գործիք է, տավիղ հիշեցնող:
[3]     Բիվա- երաժշտական գործիք` վինի տիպի:
[4]     Հնում որպես հայելի էր ծառայում պղնձե փայլեցրած սինին:
[5]     Կամիձա-պալատի ընդունարանի պատվավոր տեղը, որտեղ նստում է իշխանը: Ներկա եղողները բոլորն էլ նրանից ցածր են նստում տատամի խսիրի վրա, որը հատակին էին փռում:
[6]     Թանկա -կարճ բանաստեղծություն, բաղկացած հինգ տողից:

Թարգմ. Սերգեյ Ումառյանի

Комментариев нет:

Отправить комментарий